Այս անգամ ՀԱԿ-ը կվերցնի՞ մանդատները

Այս անգամ ՀԱԿ-ը կվերցնի՞ մանդատները
Հայ ազգային կոնգրես դաշինքը 2008 թվականին, Երեւանի ավագանու ընտրություններին, երբ արմատական ընդդիմությունն էր եւ գլխավորում էր բազմահազարանոց հանրահավաքներ, խայտառակ կեղծիքների արդյունքում գրավեց երրորդ տեղը:  Քաղաքային իշխանությունում ստացավ 13 մանդատ, սակայն հրաժարվեց դրանցից` համարելով, որ այդ տեղում է հայտնվել անօրինական ընտրությունների պատճառով:



 



Իսկ քաղաքային իշխանության կառավարումը հանձնեց ՀՀԿ-ԲՀԿ ուժերին: Այս ընտրություններում Հայ ազգային կոնգրեսն, արդեն  որպես կուսակցություն, դարձյալ մասնակցում է ավագանու ընտրություններին: Այս անգամ ընտրական ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Երկրորդ տեղում է Զոյա Թադեւոսյանը: Նշենք, որ կուսակցությունը դեռ կազմավորման ընթացքում է, ընտրված չէ վարչական կազմը: Առայժմ անդամագրման գործընթացն է ընթանում, մինչեւ ապրիլի 13-ը տեղի կունենա ՀԱԿԿ-ի հիմնադիր համագումարը: Նկատենք, որ այս փուլում քաղաքական կյանքը եռում է նախագահական հետընտրական ընդվզման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ:



 



Բացի դրանից, ակտիվացել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ՀԱԿ-ը, քանի որ փլուզման ու վերակառուցման փուլում էր, կարելի է ասել՝ որոշ չափով դուրս է մնացել քաղաքական կյանքից: Այս կարգավիճակով ի՞նչ արդյունքներ են ակնկալում կոնգրեսականները եւ, բացի այդ, պատրա՞ստ են արդյոք վերցնել մանդատները, թե՞ նախորդ ընտրությունների պես առաջնորդվելու են «կամ հաղթանակ, կամ ոչինչ» սկզբունքով: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀԱԿ անդամ, ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած  թեկնածու Զոյա Թադեւոսյանի հետ:



 



 - Տիկին Թադեւոսյան, այս ընտրություններին ինչպե՞ս եք տրամադրված, պատրա՞ստ եք վերցնել մանդատները, եթե առաջին տեղում չհայտնվեք:



 



- Ես այն կարծիքին եմ, որ եթե ընտրությունները լինեն արդար, որովհետեւ քաղաքական ուժին հարիր չէ համակերպվել անարդարության հետ, եթե այդպիսին լինեն ընտրությունները, ապա վստահաբար ասում եմ, որ անկախ նրանից, թե որքան մանդատ կարող է  ընտրությունների արդյունքներով պայմանավորված ունենալ Հայ ազգային կոնգրեսը, չենք պատրաստվում հրաժարվել, մենք պարտավոր ենք աշխատել ու ինչ-որ բան փոխել մեր ժողովրդի կյանքում: Վստահ եմ, որ այս քաղաքական թիմը կարող է մեծ թվով ձայներ ունենալ: Սակայն հաղթանակն անհրաժեշտություն եմ համարում:  Բացի այդ, նախորդը գլխավորում էր հանրապետության առաջին նախագահը, եւ մենք չէինք ցանկանում  հաղթելու դեպքում մտնել ավագանու խորհուրդ: Երկրորդն էլ այն էր, որ ընտրակեղծիքները շատ մեծ մասշտաբների հասան:



 



- Կարելի՞ է ասել, որ այս անգամ ավագանու ցուցակը կազմել եք հենց այդ տրամաբանությամբ, այնպիսի դեմքերից, ովքեր, անկախ ամեն ինչից, պատրաստ են համատեղ աշխատել քաղաքային իշխանությունում:



 



- Մենք այստեղ ոչ թե ձեւավորել ենք ցուցակ, որտեղ ուղղակի ներկայացնում ենք դեմքերի, այլ այնպիսի անձանց, ովքեր կկարողանան համատեղել նաեւ ավագանու աշխատանքը: Բայց մենք կուզենք քաղաքապետի պաշտոնը վերցնել, որովհետեւ մեր թեկնածուն ուժեղ է, ազնիվ է, բանիմաց ու փորձառու:



 



 - Ավագանու նախորդ ընտրություններում քաղաքական կյանքի թեժ կետում էր Հայ ազգային կոնգրեսը: Սակայն ընտրություններում զբաղեցրեց 3-րդ տեղը, այս  հետընտրական փուլում «Ժառանգությունն» է այդ դերն ստանձնել: Ձեր գնահատմամբ, այս կարգավիճակում  որերո՞րդ տեղը կզբաղեցնի ՀԱԿ-ը:



 



- Թե ինչ տեղ կզբաղեցնի, ես չեմ կարող ասել, բայց ՀԱԿ-ն ունի կայուն ընտրազանգված, եւ գիտեմ, որ մեր ձայները պակաս չեն լինի նախորդ ընտրություններից, իսկ ավելացնելու շանսեր հստակ կան: Առաջիկա զարգացումները ցույց կտան, որ արմատական ընդդիմությունը եղել ու մնում է ՀԱԿ-ը:



 



- Տիկին Թադեւոսյան, վերջին մեկ տարվա ընթացքում, մասնավորապես վերջին ամիսներին, արմատական ընդդիմության շարքերում լրջագույն փոփոխություններ  եղան, ՀԱԿ դաշինքը փլուզվեց, մի շարք ուժեր առանձնացան: Դա ինչպե՞ս կանդրադառնա ՀԱԿ-ի օգտին քվեարկության վրա:



 



- Դաշինքը փլուզվեց, ամեն կուսակցություն անցավ իր գործին, դրա փոխարեն առաջացավ ավելի ուժեղ կուսակցություն` նոր կարգապահական կանոնադրությամբ, հետեւաբար, վերջին հաշվով, մենք չկորցրինք մեր քաղաքական դիրքը: