«Արտավազդ» մրցանակաբաշխություն կամ ձոն Հովիկ Աբրահամյանին

«Արտավազդ» մրցանակաբաշխություն կամ ձոն Հովիկ Աբրահամյանին
Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Մրցանակաբաշխության կազմակերպիչը Հայաստանի թատերական գործիչների միությունն էր: Ընդհանուր առմամբ, ներկայացված էր 13 անվանակարգ, որոնցից ամենաքիչ հայտավորվածը «Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգն էր` ընդամենը 3 հայտ, իսկ ամենաշատը`«լավագույն ներկայացում» անվանակարգը` 11 հայտ:



 



 



Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում էր «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Ընդհանրապես, երեկոյի ընթացքում Հովիկ Արգամիչի անունը բազմիցս եւ շատ բարձրից էր արտաբերվում, երախտիքի խոսքերը, հայացքները ոչ մի րոպե չէին դադարում: Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, ով, Գրիգորյանի խոսքերով, սիրահարված է թատրոնին եւ միշտ այցելում է թատրոն:



 



Երվանդ Ղազանչյանն էլ նշեց, որ Աբրահամյանն այն միակ պաշտոնյան է, ով ստացել է «Արտավազդ» մրցանակը՝  իր թատերանպաստ գործունեության համար, եւ միակը, ով «չէ» խոսքը չգիտի եւ ցանկացած հարցի լուծում է տալիս: Դահլիճի շարքերից հնչող քմծիծաղներն ավելի լսելի դարձան, երբ բեմ հրավիրված եւ սաստիկ շոյված Հովիկ Արգամիչն էլ կես կատակ-կես լուրջ իր հասցեին հնչող գովեստների դիմաց մի նոր «Արտավազդ» ուզեց ու ասաց, թե մի անգամ է պարգեւատրվել, այն էլ հեռավոր 96-ին: Չնայած Հովիկ Աբրահամյանի նման մեծ հոգատարությանը թատրոնի հանդեպ, այնուամենայնիվ, արդեն երկրորդ տարին է, որ դրամական մրցանակ չի տրվում հաղթողներին, պատճառը մեկն է` ֆինանսի բացակայությունը:



 



Մրցանակաբաշխությանն ընդհանրապես ներկայացված չէր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Բանն այն է, որ Սունդուկյան թատրոնը մասնակցության հայտ էր ներկայացրել միայն լավագույն ներկայացում անվանակարգում`առաջադրելով «Ջոն արքա» ներկայացումը: Բայց ներկայացման բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը, իմանալով, որ ներկայացման շանսերն առանձնապես բարձր չեն գնահատվում ժյուրիի անդամների կողմից եւ «Ջոն արքայի» համար ընդամենը խրախուսական «Արտավազդ» են տալու՝ հայկական Շեքսպիրիանայի ավանդույթները Լոնդոնում ներկայացնելու համար, հրաժարվել էր «Արտավազդից» եւ վերջին պահին հետ վերցրել մասնակցության հայտը «լավագույն ներկայացում» անվանակարգից (չնայած  հայտավորման ցուցակից ներկայացումը դեռ չէին հասցրել հանել): Փաստորեն այն, ինչ գնահատել էր անգլիացի հանդիսատեսը, կասկածի տակ էր դրել հայ ժյուրին, ինչը, բնականաբար, ակադեմիական թատրոնի սրտով չէր:



 



Ի վերջո, այս տարվա գլխավոր «Արտավազդներն» այսկերպ բաժանվեցին. լավագույն կին դերակատար ճանաչվեց Լուիզա Ղամբարյանը, լավագույն տղամարդ դերակատար՝ Դավիթ Հակոբյանը եւ Երվանդ Ենգիբարյանը, «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Ալեքսանդր Գրիգորյանը՝  «Ֆիլումենա Մարտուրանո» եւ Հակոբ Ղազանչյանը՝ «Վիրուս» ներկայացումների համար: Իսկ լավագույն ներկայացում ճանաչվեցին միանգամից երկուսը՝ Երվանդ Ղազանչյանի «Մորգանի խնամին» եւ Վահե Շահվերդյանի «Աբգար դպիրը»: