Ախալցխայի բերդում գտնվող մզկիթի գմբեթի գույնը կփոխվի՞

Ախալցխայի բերդում գտնվող մզկիթի գմբեթի գույնը կփոխվի՞
Ախալցխայի բերդի վերաբերյալ երեկ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նախագահի մամլո խոսնակ Մանանա  Մանջգալաձեն: akhaltskha.net-ի փոխանցմամբ, նրա հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի գրասենյակը ստացել է մի փաստաթուղթ,որի համաձայն կառավարության նախաձեռնությամբ Ախալցխայի բերդի տարածքում գտնվող մահմեդական մզկիթի միջից  դուրս են բերվելու քրիստոնեական խորհրդանիշներով քարերը եւ փոխվելու է մզկիթի գմբեթի գույնը:



Ինչպես նշում է Սահակաշվիլիի մամլո խոսնակը` նախագահը անթույլատրելի է համարում նման փոփոխությունները:



«Մենք համարում ենք, որ իրականության մեջ դա նշանակում է Ռաբաթի բերդի ոչնչացում: Քրիստոնեական խորհրդանիշների դուրս բերումը տարածքից եւ գմբեթի ոչնչացումը անընդունելի է եւ անթույլատրելի: Կառավարության տվյալ առաջարկի հետ նախագահը երբեք չի համաձայնվի»,- ասել է  Մանջգալաձեն:



Սակայն այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ իր ժամանակին, երբ նախագահ Սահակաշվիլին Մերաբիշվիլլիի հետ վերանորոգում էին Ախալցխայի Ռաբաթ թաղամասի պատմական բերդը, ընդհանրապես հաշվի չառան տեղի ժողովրդի կարծիքը այն մասին ,թե արդյոք պետք է բերդում գտնվող մզկիթի գմբեթը ոսկեգույն անելը, որպեսզի նրա փայլը երեւա քաղաքի ցանկացած վայրից: Արդյոք անհրաժեշտ է մզկիթի տարածքում մահմեդական ոճով եւ նախշերով ձեւական պատերի, սյուների ջրավազանների կառուցումը, ինչը զբոսաշրջիկների մոտ կարծիք է առաջացնում, որ բերդը թուրքական ծագում ունի:



Իսկ ինչ վերաբերվում է մզկիթի միջից քրիստոնեական խորհրդանիշներով քարերի դուրս բերմանը հակառակվելուն` ապա տվյալ հայտարարություն անողները երեւի մոռացել են ,թե ինչպես հայկական խաչքարերը բերդի «վերանորգման» ժամանակ հանվեցին պարսպի պատերից եւ անհետացան, իսկ մի մասն էլ ուղղակի թաղվեց բետոնե շերտի տակ:



Եթե Վրաստանի նոր կառավարությունը իրոք որոշում կայացնի փոխել բերդի տարածքում գտնվող մզկիթի ոսկեգույն գմբեթի տեսքը, ապա դա միայն կողջույնվի Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության կողմից: