Արամ Մանուկյանը հերքում է, իսկ ներկաները հակառակն են պնդում

Արամ Մանուկյանը հերքում է, իսկ ներկաները հակառակն են պնդում
«Բարեկամներ, «Հրապարակի» այս հրապարակման մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ Գյումրիում տեղի է ունեցել ժողով, որի թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը»,- Facebook-ի իր էջում երեկ այսպիսի ինքնավստահությամբ հերքում է տարածել «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շաբաթ օրվա մեր մի լուրի առիթով:



 



Իսկ մենք, անդրադառնալով Գյումրիում այդ օրը տեղի  ունեցած ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի հավաք-հանդիպմանը, որն անցկացնելու համար Գյումրի էր գնացել ինքը՝ Մանուկյանը,  որոշ մանրամասներ էինք գրել նրա մտքի գոհարներից: Տեղեկացրել էինք, որ քննարկման հիմնական թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը, իսկ Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք վերջին մեկ տարում բավականին պասիվ են եղել եւ ոչինչ չեն արել, սակայն հիմա սկսելու են ակտիվ եւլայնածավալ քաղաքական գործունեություն, իսկ նոր կուսակցության մուտքը քաղաքական դաշտ ազդարարվելու է ապրիլի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեծ շուքով կայանալիք համագումարով:



 



Մանուկյանի անհանգստության եւ «հերքելիքի» պատճառը թերեւս այն է եղել, որ մենք գրեթե բառացի գրի ենք առել իր խոսքերը: «Ապրիլի 13-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը»,- շաբաթ օրվա հավաքին ասել էր Արամ Մանուկյանը: Եվ մինչ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր տիրույթում հետ կանգնեց սեփական խոսքերից՝ պնդելով, թե մեր հրապարակման մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ Գյումրիում տեղի է ունեցել ժողով, որի թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը, մենք Գյումրիից այլ մանրամասներ պարզեցինք հիշյալ հանդիպման ներկաներից: Հրաչ Մելքոնյանը, ով անկուսակցական է, բայց, իր խոսքով, արդեն 7 տարի ՀԱԿ անդամ է, այդ հանդիպմանը մասնակցել ու անձամբ լսել էր Մանուկյանի խոսքերը:



 



Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մեր հրապարակման յուրաքանչյուր տառը համապատասխանում է իրականությանը, միայն չի հիշում՝ Մանուկյանն ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի վախճա՞նը, թե՞ տապալումը: «Երբ Մանուկյանն այսպես խոսեց՝ մոտ 2-3 րոպեի խոսակցություն է եղել, որից հետո ես թողեցի, ջղայնացած դուրս եկա այն բառից հետո, երբ ինքն (նկատի ունի Արամ Մանուկյանը՝ Լ. Շ.) ասաց, որ ապրիլի 13-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի տապալումը կամ վախճանը՝ լավ չեմ հիշում, որովհետեւ զայրացա,- ասում է հավաքին ներկա Մելքոնյանն ու փոշմանած շարունակում:- Բայց պիտի մնայի ու հարցնեի՝ Սե՞րժն է իրենց ուղարկել, որ ըտենց են խոսում: Չէ՞ որ մենք այսօր  պայքարում ենք ոչ թե ընդդիմության, այլ իշխանության դեմ: Ընդհանրապես, մեր պայքարը իշխանափոխության համար ենք այս տարիներին տարել, եթե իրենք իրենց աթոռի համար են պայքարում, որ այսօր ԱԺ ճոխ «Մերսեդեսով» կամ «Տոյոտայով» գան մեզ հետ հանդիպման, չգիտեմ… ինձ համար անընդունելի է»:



 



Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, Հարություն Ուռուտյանը, ընդհանուր թվով՝ մոտ 30 մարդ: