Ինաուգուրացիա եւ տուն-տունիկ

Ինաուգուրացիա եւ տուն-տունիկ
Այսօր առաջին անգամ Հայաստանում նախագահի երդմնակալության երկու արարողություն է լինելու, թերեւս դրամատիկը Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունն է լինելու, որի սցենարը երեկ մինչեւ երեկո հույժ գաղտնի էր պահվում:



 



«Ժառանգության» մեր աղբյուրները չնայած հայտնեցին, որ իրենք էլ տեղյակ չեն նախատեսվող քայլերից, միայն ուշ երեկոյան է հավաք նախատեսված, որի ժամանակ կներկայացվի այսօրվա սցենարը: Հայ հանրությանը եւ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի ինաուգուրացիային մասնակցել ցանկացողներին թերեւս մի բան է հուզում՝ արդյոք իշխանության համար տհաճ զարգացումների դեպքում չե՞ն կրկնվի 2008թ. մարտիմեկյան գործողությունները, մանավանդ որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հայկական բանակն է մարտունակ տեսքի բերվել: Մյուս կողմից էլ լուրեր տարածվեցին, թե Րաֆֆին  երդմնակալության արարողությունից հետո մտադիր է մարդկանց ուղղորդել Բաղրամյան 26: Թե ինչ տրամադրություններ են իշխանության ճամբարում, զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:



 



- Պարոն Սահակյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր իրավապահների եւ ընդդիմադիր զանգվածների միջեւ հնարավոր բախումների հարցին ի պատասխան կարծես թե հստակ համոզմունք չհայտնեց՝ ասելով, որ կանխատեսումներ չի ցանկանում անել: Դուք է՞լ եք անվստահ եւ չեք բացառում երկու թեւերի միջեւ բախումը:



 



- Ես չեմ կարծում, որ որեւէ բախում կլինի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, եւ չեմ էլ կարծում, որ սահմանադրական կարգի խախտումներ կլինի: Իսկ եթե սահմանադրական կարգի խախտումներ լինեն, դա բախում չի համարվի իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ պարզապես լիազորված մարմինը, ըստ օրենքների, կփորձի լուծումներ տալ:



 



- Վստահ լինենք, որ նախորդ տարիների պես սադրանքների չե՞ն գնա:



 



- Ինչի նախորդ ժամանակները ցույց չտվեցի՞ն, որ այդպիսի բան հնարավոր չի: Համ էլ ի՞նչ միտք ունի սադրանքի գնալ:



 



- Խոսվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները երթով կարող են շարժվել դեպի նախագահական նստավայր:



 



- Ընդդիմությունը երթ ու միտինգ կարող է անել, եթե արտոնված է, եթե արտոնված չէ, սահմանադրական խախտում տեղի ունենա, ոչ թե իշխանությունները կգործեն, այլ օրենքը կգործի:



 



- Իսկ ի՞նչ զգացողություններ եք ունենալու որպես իշխանության ներկայացուցիչ, երբ աշխարհը կտեսնի, որ մեր երկրում երկու «նախագահ» են երդում տալիս, սա արդյո՞ք իր հերթին խայտառակ փաստ չէ եւ չի հարվածում մեր երկրի վարկանիշին:



 



- Երկրում երկու արարողություն եւ առավել եւս նախագահ չի կարող լինել: Ըստ Սահմանադրության, մեկ արարողություն է տեղի ունենում, մյուսը կարելի է տուն-տունիկի տեսքով ինչ-որ գաղափարներ հորինել, կարող է մեկն էլ վաղը սահմանամերձ շրջանում, ենթադրենք, բացի գիտության-կրթության նախարարություն, մյուսը՝ մշակույթի նախարարություն: Դա ցնորամիտ երազների, ամբիցիաների հետեւանքի դատողություն է: Այսինքն՝ չի կարելի որակել, որ երկրում երկու միջոցառում է լինելու: Սահմանադրական միջոցառումն այսօր է, իսկ մնացած միջոցառումները, կարելի է ասել, ընդդիմությունն իր գործն է ծավալում, իր օրենքի շրջանակներում:



 



- Լավ, որպես իշխանության ներկայացուցիչ, չե՞ք մտահոգվում, որ վաղն Ազատության հրապարակում կարող է հավաքվեն հազարավոր հայ քաղաքացիներ եւ անհնազանդություն դրսեւորեն:



 



- Ինձ մտահոգում են հավաքվածները, բայց ինձ չի հետաքրքրում ընդդիմության կեցվածքը, որովհետեւ դրա բանաձեւը վաղուց ի վեր եւ հասարակությունը, եւ ընդդիմությունը, եւ ընդհանրապես միջազգային հանրությունը տվել է: Իսկ մարդիկ, որոնք հավաքվելու են իրենց վիճակից ելնելով, դա, իհարկե, դառնացնում է ինձ եւ պարտավորեցնում է, որպեսզի իշխանություններն ավելի զգոն լինեն եւ ավելի տիրապետելի դարձնեն հասարակությանը:



 



- Ի դեպ, երեկ վաղ առավոտից լուրեր են տարածվում, թե բանակը մարտունակ տեսքի է բերվում, ի՞նչ եք պատրաստվում անել բանակի միջոցով:



 



- Ցանկացած երկրում, երբ պետության ամենակարեւորագույն իրադարձությունն է տեղի ունենում, բանակի մարտունակությունը բարձրացվում է սահմանները պաշտպանելու համար եւ ոչ թե ընդդիմադիրների ցանկության հետեւանքով հեռանկարային ինչ-որ բան են տեսնում, եւ պիտի լիազորությունները գերազանցի ու պիտի մտածի էդ ուղղությամբ: Մեր բանակը միշտ զգոն է, բայց դա չի կարող վերաբերել քաղաքացիական հասարակության մեջ գործունեություն ծավալող որեւէ իրադարձության: