Պաստառներ փակցնողները եւ պատռողները

Պաստառներ փակցնողները եւ պատռողները
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրվեց ապրիլի 7-ին: Հանրային հեռուստաընկերությամբ զրո ժամից մեկ րոպե անց ցուցադրվեց Հանրապետականի նախընտրական «բացառիկ տեսահոլովակը», որը, սակայն, նման էր Երեւանի մասին մինչ այս նկարահանված բոլոր տեսահոլովակներին, բայց, չգիտես ինչու, որակվեց որպես «բացառիկ»:



 



Իսկ երեկ արդեն քաղաքը գրեթե ամբողջությամբ պատված էր Տարոն Մարգարյանի դեղին պաստառներով: Մինչ քաղաքը տարոնապատվում է, ինչ-որ անձինք պատռում են «Ժառանգության» պաստառները: Դրանք, սակայն, այսօրվա հանրահավաքի իրազեկման պաստառներն էին, քանի որ «Ժառանգությունը» դեռեւս ավագանու ընտրության իր պաստառները չի փակցրել: Դրանով կզբաղվեն թերեւս ապրիլի 9-ից հետո: Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողության իրազեկման թռուցիկներին, ապա հանգստյան օրերին «Ժառանգությունը» ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ապրիլի 7-ին երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այդ նույն մեքենան կայանել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, դրա ուղեւորներն էլ, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտել են բաժանմունք:



 



Երեկ կուսակցության գրասենյակից պարզեցինք, որ երիտասարդները Դանիել Իոանիսյանի հետ հանցագործության մասին հայտարարություն են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: «Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները»,- ասված էր հաղորդագրության մեջ: Երիտասարդների հաղորդման հիման վրա քննություն է կատարվում: Ոստիկանությունն էլ պատճառաբանում է` պաստառները թույլատրված վայրերում չեն փակցվել:



 



Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն եւ մեկ դաշինք` «Բարեւ, Երեւան»-ը: Նշենք նաեւ, որ մինչ այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել՝ «Առաքելություն» կուսակցության ցուցակի 15-րդ համար Արա Պետրոսյանից եւ «Օրինաց երկիր» կուսակցության 57-րդ համար Վրույր Խաչատրյանից: Երկուսն էլ՝ անձնական դրդապատճառով: Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 3 տեղական հասարակական կազմակերպություն` «Ընտրական համակարգեր կենտրոնը», «Իրավակիրթ հասարակությունը» եւ «Հարմոնիան»: Նախընտրական քարոզչությունը կավարտվի մայիսի 3-ին: