Արդար ընտրությունները հրամայական են

Արդար ընտրությունները հրամայական են
1996 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկած Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր երդմնակալությամբ մի ներկայացում է բեմադրում, այն էլ առանց իրավական հիմքերի: Մի քիչ բռնազբոսիկ չի՞ հնչում: Եթե ներկայացում է՝ ինչո՞ւ պետք է իրավական հիմքեր ունենա, իսկ եթե Րաֆֆին այնուամենայնիվ իրավատեր է, ինչպես Վազգեն Մանուկյանը ոչ հեռավոր 96-ին, ապա ինչո՞ւ պետք է անհնազանդության այս քայլը ներկայացում լինի:



 



 



Վազգեն Մանուկյանի վաղեմի զինակից Աշոտ Մանուչարյանն էլ իր հերթին է մի դիտարկում արել, ինչից կարելի է հետեւեցնել, որ Վազգեն Մանուկյանի ասածի մեջ ոչ այն է խանդ, ոչ այն է միտումնավոր քամահրանք կա Րաֆֆու եւ նրա գործողությունների հանդեպ: Աշոտ Մանուչարյանն իրեն հատուկ չարագուշակ տոնով ասել է, որ ապրիլի 9-ին դիակ կլինի: Սակայն հետո պարզաբանել է՝ այդ դիակն այս համակարգը կլինի իր ողջ ղեկավարությամբ հանդերձ:



 



Գանք 96-ին: Ժողովրդի քվեն յուրացրած Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ ժամանակ անց հրաժարական տվեց, չնայած Վազգեն Մանուկյանը, այսպես ասած, առանց իրավական հիմքի արդարություն էր պահանջում, խորհրդարանի դարպասներ էր տապալում եւ այլն, եւ այլն:



 



Մեր կարծիքով՝ այս շարժումը կա ոչ թե Րաֆֆու հետ ու Րաֆֆու համար, այլ կար ու հիմա դրսեւորվել է նախագահական ընտրությունների համատեքստում եւ տրամաբանության մեջ: Դժգոհությունը տիրող վարչակազմից հասել է որոշակի աստիճանի, եւ այդ աստիճանը մեղմելու կամ դժգոհությունը փարատելու համար վարչակազմն այսօր ոչ լծակներ եւ ոչ էլ հնարավորություններ ունի: Սերժ Սարգսյանը կարող է բոլոր ժամանակների ամենաճոխ երդմնակալության արարողությունն անել, ստանալ ամենաշատ ու ամենաջերմ շնորհավորանքները, բայց դրանք դեռ այս իշխանություններին սիրելու եւ ընդունելու չափանիշներ չեն: Կյանքը ցույց է տվել, որ նույնիսկ բռնի ուժով ժողովրդի դժգոհությունը հնարավոր չէ փարատել: Առավել վճռորոշն այս դեպքում դժգոհության աստիճանն է, որ, ի վերջո, ինչպես հոսող ջուրը, ճանապարհ է գտնում դրսեւորվելու:



 



Ցավոք, այդ դժգոհությունից մեր նման երկրներում ավելի արագ օգտվել կարողանում են դրսի ուժերը: Գալիս է մի պահ, որ մի կողմ են տարվում նաեւ այն քաղաքական գործիչներն ու դեմքերը, որոնց անվան հետ, իրադարձությունների բերումով, կապվում են դժգոհության շարժումներն ու քաղաքական պայքարները: Սա՝ դրսի միջամտությունը, ամենաանցանկալի սցենարն է: 2008 թվականից ցայսօր Հայաստանը զանազան բզկտումների է ենթարկվել: Հայ-թուրքական արձանագրությունները դրա ամենավառ ապացույցներն են: Հայաստանին միայն հաջողվեց հրաշքով խուսափել կործանարար ցնցումներից, որոնց բուն պատճառը 2008 թվականի խայտառակ ընտրություններն էին: Իսկ որքա՞ն դա կարող է շարունակվել:



 



Մեր իշխանություններն իրոք լուրջ խնդիրներ ունեն երկրի ներսում: Դժգոհ, երկրից հեռացող, օրեցօր վատ ապրող ու ապագա չտեսնող ժողովրդի համար ոչ մի իրավական հիմք ու իրավաբանական «զրթուզիբիլ» պետք չէ այդ իշխանություններին հրաժարական պարտադրելու համար: Իրավական հիմքերը գուցե իրավական երկրներում են անցնում, բայց ոչ թե մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը մի քանի հոգով կամ մի կուսակցությամբ զավթել-նստել են: Եվ սա է պատճառը, որ Վազգեն Մանուկյանի ասածի համեմատ Աշոտ Մանուչարյանի ասածներն առավել մտահոգիչ են թվում ու արժանահավատ:



 



Ու նաեւ մի դիտարկում մեր կողմից՝ կարիք չկա շատ դիմադրել, երբ հաշվարկներդ ցույց են տալիս, որ դու այլեւս քաղաքական դիակ ես: Փաստն ընդունելն ու ժամանակին հեռանալը նույնպես քաղաքական քայլ է: Դու չե՞ս կարողանում, ուրեմն ուրիշը պետք է շարունակի գործը: Ի՞նչ է տալու, ի վերջո, քաղաքական շախմատի որոգայթներում ժողովրդին անընդհատ պարտությունների մատնելու այս գործընթացը, որ կոչվում է ՀՀԿ-ի անկասելի հաղթարշավ: Հնարավո՞ր է մեկ կուսակցությամբ համամարդկային գործեր արարել, հնարավո՞ր է մեկ կուսակցությամբ, առանց ժողովրդի աջակցության, պատերազմներ հաղթել: Սա աբսուրդ է, եւ ՀՀԿ-ն պետք է գիտակցի դա ու թեկուզ իր դիակի վրայով թույլ տա երկրում արդար ընտրությամբ նոր իշխանության ձեւավորում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ