Երբ այլեւս տրամաբանական չէ ոչինչ

Երբ այլեւս տրամաբանական չէ ոչինչ
Չգիտեմ, հավանաբար թույլ երեւակայության խնդիր է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում որեւէ բնութագրիչ գտնել այն իրավիճակի համար, երբ մենք կունենանք ոչ թե մեկ, այլ երկու երդված նախագահ: Որ շատ ծիծաղելի տեսք ենք ունենալու՝ դա փաստ է, բայց ինչպե՞ս է կոչվելու այդ իրավիճակը՝ դժվարանում եմ ասել:



 



 



Րաֆֆի Հովհաննիսյանը, ով միանշանակ այս ամենի նախաձեռնողն է, նույնպես ոչինչ չի ասում, թե ինչ է դուրս գալու իր նախաձեռնությունից: Նա միայն պնդում է, որ իր անելիքը գիտի, եւ վերջ: Նույնիսկ նրա ամենամոտ համախոհները դույզն-ինչ պատկերացում չունեն, թե որն է լինելու իրենց առաջնորդի անելիքը: Իսկ դա մի կողմից վտանգավոր է, քանզի այսպիսի հարցի հետ կապված առանձին վերցված մեկ մարդու որոշում կարող է ճակատագրական լինել թմբիրից արթնացած հասարակության համար, իսկ մյուս կողմից էլ բոլորին պարզ է, որ իշխանություններին հանկարծակիի բերելը երբեք հարսանիքով չի ավարտվում:



 



Տա Աստված, որ երկուսն էլ անփորձանք երդվեն, ու վերջանա-գնա այս խայտառակությունը, բայց ինչ կունենանք դրա արդյունքում՝ ահա, սա է խնդիրը:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչ այս պահը, պայքարը շարունակելու բազմաթիվ տարբերակներ ուներ: Սերժ Սարգսյանի հետ նրանք, այսպես ասած, լավ «խուրդվել» են այդ տարբերակների շուրջ: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, գուցեեւ «բանակցությունները» դադարեցնելու միտումով, Սերժ Սարգսյանից պահանջեց պաշտոններ ու քայլեր, որոնք որեւէ նախագահ, անգամ Սահմանադրության կոպիտ խախտումներով, ի վիճակի չէր իրականացնել կամ զիջել: Սերժ Սարգսյանին արդարացնելու ոչ մի ցանկություն չունենք բնավ, բայց փորձում ենք նաեւ հասկանալ նրա վիճակում հայտնված մարդու հնարավոր անելիքն այս դեպքում՝ տրվել արկածախնդրությա՞ն, արգելափակե՞լ ալտերնատիվ երդման արարողությունը, թե՞ դառնալ առաջին նախագահն աշխարհում, ով ավելի համեստ պայմաններում կերդվի, քան նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության թեկնածուն: Մի բան է չորս պատերի ներսում երդումը՝ հանրապետական ռոժերի ներքո, մեկ այլ բան՝ երդումը գարնանային զարթոնքի մեջ, փողոցներում երգ-երաժշտության ներքո ուրախացող ժողովրդի հետ: Իսկ եթե սրան ավելացնենք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի սպառնալիքը՝ իր հետ նախագահ Սարգսյանին դժոխք տանելու մասին, ապա կտեսնենք, որ երդման պաշտոնական արարողությունը նույնիսկ անտրամաբանական է: Ի՞նչ կարիք կա համ անշուք երդում տալ, համ էլ հայտնվել դժոխքում:



 



Պակաս անտրամաբանական քայլ չէ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը: Եթե նրա այս որոշումը դիտարկելու լինենք հետընտրական պրոցեսի մեջ, կտեսնենք, որ դա, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի ծրագրի մի մասն է՝ հռչակել ալտերնատիվ կառավարության կազմ եւ այդ կառավարության որոշումները միայն ընդունել ի գիտություն ու գնալ առաջ: Րաֆֆի Հովհաննիսյանը, բնական է, պետք է դառնա այդ կառավարության գլուխը, այսինքն՝ համարյա նախագահ: Իսկ նման բան անել առանց երդում տալու՝ մի տեսակ տպավորիչ չի լինի: Իսկ ինչո՞ւ է Ազատության հրապարակի այս որոշումը եւս մեզ անտրամաբանական թվում: Բացատրեմ: Չունենալով փաստական կռվաններ, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել, «Ժառանգությունը» որեւէ պարագայում Սերժ Սարգսյանին չի կարող հրաժարական պարտադրել: ՀՀ իշխանությունները վատն են, անճարակ են, անբարո են, անմարդկային են, իրենց ողջ գործունեության համար արժանի են դատարանի առաջ կանգնելու:



 



Չենք վիճում, ամեն ինչ ճիշտ է, բայց տեղի է ունեցել ընտրություն, եւ ընդդիմությունը, ավաղ, չի կարողացել ապացուցել իր դե յուրե հաղթանակը: Սրանից հետո, թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է զարգացներ հաջողությունը, ավելի թեժացներ պայքարն իշխանության դեմ, գլխավորեր իր շուրջն աստիճանաբար համախմբվող ընդդիմությանը, բայց նա իր տարօրինակ մարտավարությամբ հսկայական շարժումը հանգեցրեց մեկ հզոր ցույցի (?????) եւ մի արարողության, որին լավագույն դեպքում (Աստված տա ամեն ինչ այսպես ուրախ անցնի) հաջորդելու է զավեշտը: Ի՞նչ է պատահել, վերջապես, ամեն ինչից երկու հատ ունենք, թող նախագահն էլ երկուսը լինի:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ