Հուշարձանները կունենան տեղեկատվական վահանակներ

Հուշարձանները կունենան տեղեկատվական վահանակներ
Հայաստանի մշակույթի նախարարության և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության (ԱՄԱՓ) միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու մասին» համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմա­կերպության նախագահ և տնօրեն Ռիչարդ Նայը:



Համաձայնագիրը գործելու է 2 տարի ժամկետով: Ըստ այդմ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմա­կերպությունը Եվրամիության անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք»/ BSSRC ծրագրի շրջանակներում ստացված միջոցների հաշվին պարտավորվում է պատրաստել վահանակներ և մոբիլային ապլիկացիաներ հուշարձանների տարածքներում տեղադրելու նպատակով: Վահանակների և մոբիլային ապլիկացիաների տեքստերը թարգմանել  ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն  լեզուներով: Ինչպես նաև, վահանակների դիզայնը, դրանց տեղադրման վայրի նախագծերը և թարգմանված տեքստերը պարբերաբար սահմանված կարգով համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ:



ՀՀ մշակույթի նախարարությունն իր հերթին պարտավորվում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմա­կերպությանը տրամադրել վահանակների հաստատված հայերեն տեքստերը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում հուշարձանների տարածքներում տեղադրել ԱՄԱՓ-ի կողմից տրամադրված վահանակները:



ԱՄԱՓ-ի կողմից ծրագիրն իրականացվում է ԵՄ անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել Միջսահմանային զբոսաշրջության երթուղի «Սևծովյան Մետաքսի Ճանապարհի Միջանցք» /BSSRC/ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև: