Ծովինար. Հայկական հնագույն էպոսը եւ աշխարհի արարումը

Ծովինար. Հայկական հնագույն էպոսը եւ աշխարհի արարումը
Հարցազրույց բանաստեղծ Ռազմիկ  Դավոյանի հետ



 



 



-Դուք հայտնաբերել եք, որ մեր հնագույն էպոսի ակունքները շատ ավելի վաղ ժամանակներ են գնում, քան մեր «Սասնա ծռեր» էպոսինն է: Ովքե՞ր են այդ հերոսները:



 



- Մեր հնագույն էպոսի պատառիկները, որ բանավոր խոսքից գրի է առել մեր պատմահայր Խորենացին, մի քանի գլխավոր հարցականներ է առաջացնում, որոնցից ամենագլխավորը Ծովինարի փաստն է, որ հետագայում պարբերաբար պատճենահանվելով մեր նորագույն էպոսում, չենք կարողանում գտնել, թե Ծովինարի մասին ինչ կա ավելի: Նա ջրից հղիացավ եւ ունեցավ երկու զավակ՝ Սանասար եւ Բաղդասար, սրանց ճակատագիրը հետագայում ի՞նչ եղավ, ինքն իբրեւ մեր հնագույն էպոսի՝ հայ ժողովրդի նախամայր, ի՞նչ ճակատագիր ունեցավ: Հարցականները շատ են, դրանց պատասխաններ գտնելու համար ստիպված էի Ծովինարի մասին, բացի եղած հատուկենտ հիշատակումներից, փնտրել, թե որտեղ կարող է լինել իսկապես իր ակունքը:



 



- Ի վերջո, որտե՞ղ գտաք այդ ակունքները, եւ ի՞նչ ժամանակ է շոշափում:



 



- Ի սկզբանե միակ աղբյուրն Աստվածաշունչն էր, որտեղ գրված է աշխարհի արարման պատմությունը: Այդ ի՞նչ խավար ջրեր էին փոթորկվում, որոնց վրա խաղաղ շրջում էր Աստծո ոգին: Պատասխանը գտնելու համար նորից պետք էր անդրադառնալ Աստվածաշնչին: Այն նկարագրությունը, որով սկսվում է Սուրբ գիրքը, նման է ջրհեղեղի ու երկրաշարժի, եւ ինքնաբերաբար պատասխանը գոյանում է. սա Նոյից շատ առաջ եղած առաջին ջրհեղեղն է կամ առաջիններից մեկը, որը նպատակային ձեւով է արվել Աստծո կողմից: Նախ, Երկիրը բնակեցված էր հսկայական կենդանիներով՝ դինոզավրեր, իխտիոզավրեր, հետո՝ կիկլոպներ, դրանց ոչնչացումը նորից վարկածներ է առաջարկում, որ երկրաշարժ է եղել: Առաջին միտքը, որ մտածում ես, այն է՝ երկիրը, այս նոր աշխարհստեղծման պահից առաջ, բնակեցված է եղել ինքնահոշոտող հրեշներով, հսկայական կենդանիներով, ինչը նաեւ գիտությունն է ապացուցում: Ուժը բազում անգամ գերակայել է, եւ միտքը չի կարողացել իշխել այդ հսկայական ֆիզիկական ուժին: Մարդու տեսակը, որ նոր աշխարհի կերտման սկիզբն էր, դեռ գոյություն չի ունեցել:



 



- Եվ մեր հնագույն էպոսի ակունքները տանում են աշխարհի արարման սկի՞զբ, որի նկարագրությամբ բացվում է Աստվածաշնչի «Գիրք ծննդոցը»: 



 



- Աստված երկիրն այդ հրեշներից մաքրելու համար պիտի երկրաշարժ աներ եւ այդ խավար ջրերի աստվածուհուն՝ Ծովինարին՝ ծովերի թագուհուն ասել է, որ նա էլ ջրհեղեղ անի, եւ երկրաշարժն ու ջրհեղեղը միասին, Նոյից շատ առաջ, նրանց սրբել են Երկրի երեսից: Ծովինարը, Աստծո հետ լինելով ներդաշնակության մեջ, նրան ասաց, որ այլեւս այդ տեսակ կենդանիներով Երկիրը չբնակեցնի, այլ մարդկանցով՝ իր մտավոր եւ ֆիզիկական կարողություններին համապատասխան: Աստված իր բանականությամբ արարեց մարդուն, դրեց դրախտում, Ծովինարի ջրեղեն զավակներին՝ Սանասարին եւ Բաղդասարին մարմին հագցրեց եւ նրանց դրեց Արարատյան դաշտի ճիշտ կենտրոնում, մեծին՝ Սանասարին, կոչեց Մասիս, իսկ փոքրին՝ Բաղդասարին՝ Սիս, եւ իր գահը դրեց Սանասարի ուսերին, որ այդտեղից հսկի մարդկության կյանքը: Ինչպես Ծովինարը՝ ծովերի թագուհի, Սանասարն էլ նշանակում է սուրբ սար: Իսկ մարդկանց հենց այդ սուրբ սարի ստորոտին տեղավորեց եւ ասաց՝ բազմացեք ու տարածվեք աշխարհի վրա:



 



- Մարդկությունը երկրորդ անգամ, վկա Նոյյան տապանը, հենց Արարատից սկսվեց, տրամաբանական է, որ առաջին անգամ էլ նույն տեղից պետք է սկսվեր: Իսկ երկրային դրախտը գծվում է Եփրատ եւ Տիգրիս գետերի արանքում: Ձեր մոտեցումը սերտ աղերսներ ունի աստվածաշնչյան իրականության հետ:



 



- Ահա մի կետ, մի խարիսխ՝ Ծովինարը, որտեղից սկսվում է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մարդկության պատմությունը: Ջուրը կյանքի հիմքն է: Նախապատմական ժամանակներ գնալիս բազում խնդիրներ պարզաբանումներ կարող են ստանալ, եթե հայացքի ուղղությունը փոխվի, ու չվախենաս կարծրատիպերը ճեղքելուց: Առասպել, առեղծված համարված շատ խնդիրներ պարզաբանում կստանան, եթե մենք այդ դաշտը հստակեցնենք, որը կարող է լինել հայացքի ուղղությունը փոխելով միայն եւ սկիզբը պատկերացնելով այնպես, ինչպես եղել է՝ հենվելով նաեւ հետագա իրողությունների վրա եւ հետեւելով գիտության հայտնագործություններին: Գիտությունը շատ անհրաժեշտ բաներ հայտնագործել է, բայց դրա կառույցը դեռ ամբողջացած չէ, դրա համար հարկավոր է ազատվել նախապաշարումներից եւ կարծրատիպերից:



 



- Մեր նոր էպոսի՝ «Սասնա ծռերի» սկիզբը նույնպես Ծովինարն է, հավանաբար պահպանվելով, հազարամյակների միջով անցնելով՝  հասել է միջնադա՞ր:



 



- «Սասնա ծռերում» հայ ժողովրդի կյանքի բոլոր կարեւորագույն դրվագներում, արշավանքներին, թշնամիներին դիմակայելու ժամանակ հղումը գնում է դեպի Ծովինար: Նախ, Ծովինարը հղիացավ ջրից՝  ծնելով Սանասարին եւ Բաղդասարին, իր մոտ է պահում հայ ժողովրդի պաշտպանության զենքերը՝ Քուռկիկ Ջալալին, որ նույնպես ջրից էր ծնվել, Թուր Կեծակին, որ դարձյալ ջրից էր հանվել: Ի սկզբանե եկող Ծովինարը, որ կարող էր հետագայում հայտնվել ուրիշ պատումների մեջ, եթե դրանք գրի առնվեին, եթե մնային հայերի հիշողության մեջ մինչեւ Հայկ ու Բել եւ այլն, հնարավոր է, որ Ծովինարը կրկնված լիներ տարբեր տեղերում: Բայց ահա գալիս է այդ ճակատագրական պահը՝ արաբական արշավանքներ, նորից Ծովինարը մեջտեղ է գալիս, որպեսզի ժողովրդի պաշտպանությունն ապահովող բաղադրիչները տա ժողովրդի հերոսներին: Բացարձակապես նույն Ծովինարն է, որի ակունքները մեր հնագույն էպոսում են: Մարդկության կյանքի ակունքը, պահապանն ու փրկիչը ինքը՝ Ծովինարն է, աստվածուհին, նախամայրը, ամեն ինչի պահպանողն ու մեզ հասցնողը:



 



- Իսկ մասնագետների հետ խորհրդակցե՞լ եք, հետաքրքրություն կա՞ շուրջը եւ գրավոր տեսքի, մշակման կբերվի՞ երբեւէ: Հակառակ դեպքում մնում է օդում կախված գաղափար:



 



- Այս մասին բարձրաձայնվել է, եւ արձագանքներ կան, ոգեւորություն կա շուրջը, բայց պետք է այս ամենը գրավոր տեսքով ունենալ: Ես մտածում էի, որ միանգամից կանցնեմ մեր հին էպոսի չափածո շարադրանքին, բայց պատմական այնքան հսկայական ժամանակահատվածներ կան դրանց արանքում, որ դրանք լցնելը բավական աշխատանք եւ ուսումնասիրություն է պահանջում: Օրինակ, Ծովինարից, Սանասարից մինչեւ Հայկ եւ Բել ինչ հսկայական ժամանակահատված է անցնում, այստեղ շատ խնդիրներ կան, մինչեւ Արա Գեղեցիկ եւ Շամիրամ, հետո մեր աստվածների պանթեոնն ինչպես ստեղծվեց: Ես ուզում եմ ասել, թե ինչքան հսկայական աշխատանք է հարկավոր, շարադրանքը պետք է լինի եւ բացատրական, փաստաբանական եւ լինի չափածո՝ աշխարհի ստեղծումից, մարդու ստեղծումից եւ Ծովինարով, որ եկավ ու մեր հետագա «Սասնա ծռեր» էպոսը եղավ: Լինի բանաստեղծական, էպոսային մի շարադրանք, որ կարող է մեր ժողովրդի, ապագա սերունդների համար իր արժեքն ունենալ: Նպատակը սա է:



 



- Հասկանալի է, որ դժվար աշխատանք է, բանասերների խումբ է անհրաժեշտ, գիտնականների ուսումնասիրություն, բայց վստահ եմ, որ չափածո կարող եք շարադրել: Չե՞ք պատրաստվում իրականացնել:



 



- Կլինի այդ շարադրանքը, կլինի եւ արձակ, եւ չափածո: Ես հույս ունեմ, որ ուժերս դեռ կներեն այդ անելու, եւ շատ խանդավառ եմ դրանով, որովհետեւ, ինչքան հետեւում եմ, մի նոր բան մարդկության կենսագրության համար չկա: Անպայման պետք է լինի, չի կարող չլինել: Սա նոր չէ, շուրջ 50 տարի առաջ եմ գտել եւ ասել եմ, որ ուզում եմ մեր հնագույն էպոսը վերականգնել, պարզապես աջակցություն չի եղել, որ աշխատեմ դրա վրա: Այս բոլորը պետք է ձեւավորվի, տեսք ստանա, դառնա գիրք եւ դրվի ընթերցողի սեղանին, թե հետո ի՞նչ արձագանք կունենա: Կարծում եմ, որ լայնախոհությունը պետք է թելադրի արձագանքը, նեղմտությունը կարող է բավական արգելքներ առաջացնել, բայց ժամանակավոր, մշտական չի կարող առաջացնել: Ընդհանուր մարդկության համար հուշումը պատրաստ դրված է այնտեղ, որ ուժի զոռով, ուժը դարձնելով գերիշխան եւ միտքը համարելով ամեն ինչ իմացող, դա լավ հետեւանքների չի կարող բերել: Մարդկությունը, ուշադրություն դարձնելով դրան, հստակ կարող է հասկանալ, որ մարդկության փրկությունն ուժի հետ չի կապված, այլ իր գենետիկ սկզբի հետ, եւ այդ սկիզբը ջուրն է, Ծովինարն է:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ