Վանաձորի թատրոնի ղեկավարությունը յուրացրե՞լ է պետպատվերի գումարները

Վանաձորի թատրոնի ղեկավարությունը յուրացրե՞լ է պետպատվերի գումարները
Վանաձորի թատրոնում 2008-ին բեմադրված «Սիմոն թագավոր» եւ «Մետաստազ» ներկայացումները թատերական ինստիտուտի շրջանավարտներ Արմեն Ներսիսյանի եւ Նունե Խեչումյանի դիպլոմային աշխատանքներն են,  որոնք հայտնվել են թատրոնի պետպատվերով բեմադրված ներկայացումների ցանկում: Ինչպես գրում է Asparez.am-ը,  ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած` «Սիմոն թագավոր» պիեսի ֆինանսական նախահաշվով` նախարարությանն է ներկայացվել 120 հազար դրամի առարկայական ծախս, որից 80 հազար դրամը` դեկորացիայի պատրաստման, 32 հազար դրամը` զգեստների, 8 հազար դրամը` ռեկվիզիտի (բեմական իր) համար: Նախահաշիվը ստորագրել է մշակութային ծրագրերի կառավարման եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գ. Նազարյանը, հաստատել է Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հովհաննիսյանը: Թվագրված է 2008-թվականի օգոստոսի 25-ով:



Մինչդեռ, ներկայացման ստեղծագործական կազմի պատմելով, բեմադրությունն ամբողջությամբ իրականացվել է իրենց ջանքերով: Բեմադրիչ Արմեն Ներսիսյանի խոսքով` «մի կոպեկ չունի ստացած» եւ ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել: Այդ մասին են վկայում նաեւ ներկայացման դերասան Վրույր Հարությունյանն ու գլխավոր նկարիչ Հովսեփ Մեսրոպյանը:  «Դեռ այն ժամանակ, որ ներկայացումը ցուցադրվում էր, այդ լուրը կար, որ ներկայացման վրա ծախսվել է ինչ-որ 100  հազարից ավել կամ 100 հազար դրամ. նման բան գոյություն չունի: Ես դերասան Վրույր Հարությունյանի  հետ ծանոթներիցս  հայթայթելով ներկայացման համար անհրաժեշտ տակառները՝ դե դատարկ տակառներ էին, բերել ենք հարմարեցրել, վարպետն էլ բարեկամս էր: Այսինքն` թատրոնը այդ գործի հետ որեւ կապ չի ունեցել:  Թատրոնն առնվազն  գնել է էլեկտրական լար, որ լույս միացվեր, եւ վերջ»,-ասում է պիեսի բեմադրիչ Արմեն Ներսիսյանը:



Թատրոնի նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանն  էլ, ով  կատարել  է «Սիմոն թագավոր» եւ «Մետաստազ» դիպլոմային աշխատանքների նկարչական ձեւավորումը, հաստատում է, որ ուսանողներն իրենց միջոցներով են իրականացրել այս բեմադրությունները: Անձամբ ինքն անվարձահատույց է ձեւավորել 2 ներկայացումն էլ: «Սիմոն թագավորի» համար, նրա խոսքով, թատրոնը ծախսել է ընդամենը 2850 դրամ: «Անգամ հիշում եմ, որ Սիմոն թագավորի  դերակատարը` Վրույր  Հարությունյանը, դիպլոմանտ Արմեն Ներսիսյանի  հետ շինարարական օբյեկտներից քարշ տալով, բերում էին մետաղե տակառներ, որպեսզի ձեւավորման մեջ օգտագործվեին՝ ըստ իմ արած էսքիզի: Էդ տակառների ձեւավորումը, էդ ամեն ինչը ես իմ ձեռքով եմ կատարել, թատրոնը ոչ մի կոպեկ չի ծախսել:  Հիշում եմ միայն,  որ 3 կտոր տրոս պետք է առնվեր` յուրաքանչյուրը 5 մետր, որի վրա ծախսվեց  2850 դրամ»,-ասում է Հովսեփ Մեսրոպյանը: Նրա խոսքով` «Սիմոն թագավո» բեմադրության մեջ օգտագործվել են թատրոում մինչ այդ խաղացված Միքայել Կոտոյանի «Ալխո» ներկայացումից մնացած դեկորացիաները: Հարցին, թե այն դեպքում, երբ թատրոնում ներկայացումների դեկորացիները համարակալված են, ուրեմն՝ ինչպե՞ս կարող էին այդ դեպքում այլ ներկայացման մեջ օգտագործվել, պատասխանում է.



«Միքայել Կոտոյանից հետո թատրոնում հայտնվեց Վահե Շահվերդյանը, տնօրեն նշանակվեց Հովիկ Չախմախչյանը ու միանգամից այդ հոյակապ ներկայացումը` «Ալխոն»,  հանեցին խաղացանկից: Գեղխորհրդում ինքս հարց բարձրացրեցի, թե այն, որպես լավ ներկայացում, կարելի է վերականգնել, սակայն հաջորդ օրը տեսա, որ «Ալխոյի» դեկորացիան դրել, կտրատում են: Եվ մենք օգտագործել ենք այդ հին ներկայացումից մնացած դեկորացիան»:



Հովսեփ Մեսրոպյանի հավաստիացմամբ` նույնը նաեւ շրջանավարտ Նունե Խեչումյանի «Մետաստազ» դիպլոմային աշխատանքի դեպքում է եղել: «Խեղճ դիպլոմանտը ահագին բարդությունների հանդիպեց այդ ներկայացումը բեմադրելու ժամանակ: Ներկայացման դեկորացիայի էսքիզը, որ արել էի, պահանջվում էր օգտագործել խողովակներ: Թատրոնի բակում կային թափված ջեռուցման խողովակներ՝ ժանգի մեջ կորած, կեղտից խցանված: Հենց դրանք են օգտագործվել: Օգտագործվել է նաեւ փոշու եւ կեղտի մեջ կորած, մեր թատրոնի պահեստներում վաղուց մնացած «մեշկավինա», որը օգտագործվել է հազարավոր ներկայացումների մեջ, եւ հազարավոր անգամ դուրս են գրել ու փող են ստացել դրա համար: Մի շարժական դուռ էլ է օգտագործվել՝ նույնպես թատրոնի հին դեկորացիների մեջից գտած ու ներկած»:



«Մետաստազ» բեմադրության համար էլ, Հովսեփ Մեսրոպյանի խոսքերով, թատրոնն ընդամենը 37 հազար դրամ է ծախսել: Այս անգամ էլ, ըստ նրա, ներկայացման համար նախահաշիվ չի կազմվել: «Եթե թատրոնը ծախս չի արել, ինչպե՞ս կարող է նախահաշիվ կազմվել: Նախահաշիվ կազմում է բեմադրական մասի վարիչը, գրառումով նշում, թե ինչ ծախսեր են արվել: Բոլորի չեկերը կարող եմ խանութներից հավաքեմ, որ գրեմ, տակը դնեմ:  Ես ամեն վայրկյան կարող եմ ապացուցել, որ այդ ամեն ինչը հազար անգամ օգտագործված է եղել, անգամ «Մետաստազի» գլխավոր դերակատարի հագուստը հին զգեստապահարանից հանել ենք, մեծ էր հագին, թատրոնի ձեւարարը նորից ձեւել  է ու այդ հին կտորից  զգեստ կարել: Ոչ մի զգեստ ոչ մի ներկայացման համար չի գնվել: Օգտագործվել է ինչ որ ունենք մեր թատրոնում, մնացածը մարդիկ իրենց տնից են բերել, որովհետեւ դա դիպլոմային աշխատանք էր»: Նկարիչը պնդում է, որ «Մետաստազի» համար ծախսվել է ընդամենը 37 հազար դրամ: Մինչդեռ այդ եւ «Սիմոն թագավոր» բեմադրություններին համար, նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, հատկացվել է համապատասխանաբար՝ 140 հազար և 120 հազար դրամ գումար:



Ուշագրավ է,  որ «Սիմոն թագավոր» եւ «Մետաստազ» բեմադրությունների ընդունման-հանձման ակտը տարբերվում է 2007-12 թթ. պետպատվերով ներկայացումների վերաբերյալ ակտերից, որոնք տրամադրվել է նախարարության կողմից: Ակտում, որը կազմված է Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Կ. Վարդանյանի, վարչության գլխավոր մասնագետ Ռ. Աբրահամյանի ու թատրոնի տնօրեն Չախմախչյանի միջեւ, մասնավորապես նշված է,  որ մշակույթի նախարարի 2008 թ. օգոստոսի 25-ի N 539-Ա հրամանի 4-րդ կետին համապատասխան, Վանաձորի թատրոնն իրականացրել է «Սիմոն թագավոր», «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկներ», «Մետաստազ» պիեսների բեմադրությունները եւ այդ աշխատանքները ավարտված են համարվել:  Նախարարության տրամադրած մյուս ակտերն այլ կերպ են ձեւակերպված:  Օրինա՝ ԼՂՀ-ում թատրոնի հյուրախաղերի ընդունման եւ հանձնման ակտում նշված է. «Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանը մի կողմից, եւ «Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Չախմախչյանը՝ մյուս կողմից, կազմել են սույն ակտը առ այն, որ նախարարի 2010 օգոստոսի 4-ի N 475-Ա հրամանով կնքված N 339 պայմանագրին համապատասխան` թատրոնը պատվիրատուի կողմից հատկացված գումարը ուղղել է  «Մշակութային մարզ» միջմարզային մշակութային համագործակցություն ծրագրի շրջանակներում 2010 օգոստոսի 20-25-ը ԼՂՀ-ում Վանաձորի թատրոնի հյուրախաղերի անցկացման ապահովմանը»:



Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի հետ այդպես էլ չհաջողվեց հանդիպել եւ որոշ պարզաբանումներ ստանալ: Լրագրողի անունը լսելով` նա ամեն անգամ անջատում էր հեռախոսը:«Մետաստազի» բեմադրիչ Նունե Խեչումյանը նույնպես հրաժարվեց հարցազրույցից:



Ադրինե Թորոսյան