Ինչո՞ւ ցեղասպանություն

Ինչո՞ւ ցեղասպանություն
«Ինչո՞ւ ցեղասպանություն». այսպես է կոչվում պատմության ուսուցիչ Աշոտ Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից եւ արդեն վաճառքում է:



 



Գիրքն իրենից ներկայացնում է փաստագրություն եւ նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր, ըստ հեղինակի, ուզում են ճշմարտությունն իմանալ. «Ինչու ցեղասպանություն՝ որովհետեւ գտնում եմ, որ ցեղասպանության պատճառները նախ մեզանում լավ ուսումնասիրված չեն, եւ կարծում եմ՝ նաեւ միտումնավոր, որովհետեւ այդ պատճառների մեջ մենք, մեր առաջնորդները նույնպես ունենք մեր մեղքը, իսկ թրքահայությամբ մտահոգվելու պարագայում, հավանաբար, չէինք ունենա այդքան կորուստներ: Շատերն այդ ժամանակ լուծում էին փառքի, հերոսանալու խնդիր, շատերն իրոք հավատում էին, գրքում ես նրանց բնորոշել եմ որպես ազնիվ մոլորյալներ, բայց կային նաեւ մարդիկ, ովքեր զբաղված էին բացահայտ ավանտյուրայով: Իմ նպատակն է՝ ցույց տալ, որ այդ ավանտյուրաները եղել են, ուր են դրանք հասցրել, եւ փորձել հետագայում խուսափել նման ավանտյուրաներից, որոնց ջատագովներն այսօր էլ մեզանում կան»:



 



Աշոտ Աբգարյանի կարծիքով, այսօր էլ մեզանում դեռ պարզված չէ, թե ինչ է նշանակում ցեղասպանության ճանաչում, եւ թե ինչպես ենք պատկերացնում հատուցման ճանապարհները: Ավելին` հեղինակը գտնում է, որ ճանաչման իրավական ճանապարհ գոյություն չունի, իսկ ովքեր պնդում են դա, ուղղակի խաբում են ժողովրդին: Ըստ Աբգարյանի, եթե մենք անկեղծ ենք միլիոնուկես զոհերի առաջ, ապա, ցեղասպանությունն իրականացնողներից բացի, պիտի ասենք նաեւ բոլոր այն մեղավորների անունները, ովքեր ստեղծեցին այդ պայմանները, իսկ այդ պայմանները ստեղծելու մեջ մեր առաջնորդներն ակնհայտորեն մեղավոր են, որոնց մեջ հեղինակը տալիս է 19-րդ դարի գործիչների, հրապարակախոսների անուններ, ովքեր ստեղծեցին այդ մթնոլորտը` Գրիգոր Արծրունի, Րաֆֆի, Մկրտիչ Խրիմյան, կուսակցություններ. «Կուսակցություններն էլ ավելի խորացրին թշնամանքը մեր եւ թուրքերի միջեւ, թշնամանքը խորացրին, բայց պաշտպանվելու միջոց ցույց չտվեցին, իսկ ի՞նչ է դա, եթե ոչ ավանտյուրա»: