ՉԷ

ՉԷ
Չրկոն հերոս չէր



կարմիր թշեր ուներ



անունը Հայկ էր



ազգանունը` Սարգսյան



 



Չրկոն էծի պես թռչկոտում էր, տանձի լիմոնադը թափում էր ծոցն ու ծիծաղում



չիկ-չոկ



Չրկոն դուրս էր գալիս զինվորական շորերի միջից, օդի մեջ քարացնում էր զինվորական շորերն ու շան քոթոթի պես լպստում դունչը



Չրկոն ամբողջ գիշեր ջրում էր շտաբի դիմացի եղեւնիները, սիրում էր ոտաբոբիկ մտնել ցեխերի մեջ ու ցեխոտել մռութը



Չրկոն 22 տարեկան էր



22 տարի առաջ նա չկար



22 տարի հետո նա չկար



Չրկոյին ասում էին` բոզի տղա. նա կախում էր գլուխը, թշերի վրա փայլփլող ցողերը հոսում էին դանդաղ, դանդաղ



Չրկոյին ասում էին դեբիլ, կախում էր գլուխն ու ժպտում



ասում էին անասուն, կախում էր գլուխն ու ժպտում



ասում էին` «Էս ծիծաղում ե՞ս», Չրկոն շարժում էր գլուխը



ասում էին` «Լացում ե՞ս»



Չրկոն լպստում էր շուրթերի ցեխը



ասում էր` «Չէ, հո ես երեխա չեմ»



առավոտյան բոլորը զարթնում էին, Չրկոն չկար



մահճակալի վրա, տետրի էջի քառակուսի վանդակների մեջ գրված էր.



«Չեմ դիմանում, տուն եմ գնում, գիշերը կգամ, ձեզ մածուն ու լավաշ կբերեմ»



Չրկո



գիշերը Չրկոն վերադառնում էր



չիկ-չոկ



աշխարհի ամենաերջանիկ տղան, ձեռքի մեծ տոպրակը դնում էր պահարանի գլխին ու ժպտում



երբ վաշտի պատասխանատուն գցում էր նրան գետնին ու ծեծում



Չրկոն դեռ ժպտում էր



երբ արյունը հոսում էր բերանից, գլխից ու թշերից



Չրկոն դեռ ժպտում էր



երբ ցավից գոռում էր, գոռոցը լայն ժպիտի միջով էր թռչում



երբ ցավից լացում էր, արցունքները լցվում էին լայն ժպիտի մեջ



երբ վաշտի պատասխանատուն ծեծելուց հոգնում էր ու թողնում գնում



նրան սկսում էին ծեծել վաշտի լավերը



բոլորին նա տեղավորում էր իր լայն ժպիտի մեջ



երբ ամեն ինչ խաղաղվում էր



երբ բոլորը սպառվում էին ու պառկում



Չրկոն մաքրում էր դեմքն ու տոպրակից հանում մածունն ու լավաշը



«Մածուն ու լավաշ եմ բերել»,- ասում էր Չրկոն



«Լավաշը տաք-տաք ա, ախպոր պես՝ վերցրեք»



նա պատուհանի մոտ էր քնում ու ասում էր, որ իր ջրած եղեւնիները մի ամսվա մեջ մետրուկես աճել են



Տեսակցության օրերին Չրկոյի մոտ մարդ չէր գալիս



նա մենակ էր մնում



ընկերներ չուներ



ավել էր անում



ռադիո էր լսում



ծառերի բներին կիր էր քսում



վաշտի վերմակներն արեւին էր փռում



ավտոմատներն էր մաքրում



տղերքի սապոգներն էր փայլեցնում



օրեր էին անցնում, առավոտյան զարթնում էինք` Չրկոն չկար



մահճակալի վրա, տետրի էջի քառակուսի վանդակների մեջ գրված էր.



«Չեմ դիմանում, տուն եմ գնում, գիշերը կգամ, ձեզ մածուն ու լավաշ կբերեմ»



Չրկո



Չրկոն ոտքով տուն էր հասնում



յոթ ժամ քայլում էր, մինչեւ գյուղ



յոթ ժամ քայլում էր, վերադառնում զորամաս



տանը Չրկոն մի ժամ էր մնում, ասում էր, որ տուն մտնելուն պես հանվում է ու պառկում



Չրկոյի մի թեւը լավաշ էր, մյուսը` մածուն



երբ կացարանը լցվում էր թարմ խոտի, ցեխի ու հացի բույրով, ուրեմն Չրկոն վերադարձել էր



նրան տանում էին վաշտի հրամանատարի մոտ



Չրկոն վերադառնում էր` արյունլվա, խելագարի պես ժպտալով



չիկ-չոկ



մաքրում էր դեմքն ու տոպրակից հանում մածունն ու լավաշը



«մածուն ու լավաշ եմ բերել»



«լավաշը տաք-տաք ա, ախպոր պես՝ վերցրեք»



երբ զորքին ցրեցին, ես ու Չրկոն նույն զորամասի նույն գումարտակ ընկանք



Չրկոյին ծեծում էին. չէր փախչում, տունը հեռու էր



նրանից էլ թարմ խոտի, ցեխի ու հացի բույր չէր գալիս, մենակ խելագարի ժպիտն էր



Չրկոն միակ մարդն էր, որ հիշում էր ինձ



ուշ գիշերով գալիս էր, հանում քնից, գնում էինք ճաշարան, հաց էր տաքացնում, վրան կարագ քսում. տալիս էր ու խելագարի պես ժպտում



չիկ-չոկ



ասում էր` «Չեմ դիմանում, տուն եմ ուզում». նորից  տաքացնում էր հացը, վրան կարագ քսում



ուտում էինք



ասում էր` «գոնե ծառեր լինեին՝ ջրեի». շպրտում էի հացն ու կարագը` «քեզ երեխու պես մի պահի»



Չրկոն ձեռքը դնում էր ուսիս` «լավ, մի ջղայնացի, ինձ մեծի պես կպահեմ»



Չրկոյի հենակետը մեր հենակետին մոտ էր



գիշերը նրա հենակետից կրակոց լսվեց



չիկ-չոկ



բլինդաժում երեքով պառկած էինք, երբ ռազմական ոստիկանությունը, գնդի սպաներ ներս լցվեցին, զենքեր վերցրին ու իջեցրին գումարտակ



մեքենայի մեջ ասեցին, որ «Կարմիր քարեր» հենակետում զինվոր է ինքնասպան եղել



շտաբը շրջապատել էին սիրենաներով մեքենաները



մեզ տարան կացարանի մեջտեղում դրված սեղանի մոտ



երեքով կանգնել, նայում էինք սեղանին



վաշտի հրամանատարը հրաման տվեց` «Հավսար-զգաստ»



սեղանի գլխին կանգնած ոստիկանը ձեռքի կտրուկ շարժումով քաշեց բրեզենտն ու գոռաց.



«Էս բոզի տղուն ճանաչում ե՞ք»



Չէ



Չէ



Չէ