Պետության դերը

Պետության դերը
Երկրի հիմքը շինականն է՝ առիթ-անառիթ հայտարարում են բարձրաստիճան այրերն ու ձեւացնում, թե մտահոգ են շարքային մարդու խնդիրներով: Արդյոք այդպե՞ս է: Օրերս Արմավիրի մարզպետը, գյուղացիների փողոց դուրս գալու փաստից զայրացած, զարմանում էր, թե ինչու են գյուղացիները պետությունից դժգոհում, որ բերքը չեն կարողանում իրացնել՝ հո մենք չե՞նք գալու ձեր բերքը վաճառենք:



 



Անգամ շատ «խելամիտ» առաջարկ արեց, թե՝ կտրեք ձեր ծառերը, որ ոչ բերքի խնդիր լինի, ոչ դրա իրացման, ոչ էլ փողոց դուրս գալով մեր՝ անչափ զբաղված պաշտոնյաներիս անդորրը խախտեք: Իսկ, կներեք, ինչի՞ համար եք դուք, եւ ինչի՞ համար է պետությունը, ինչո՞ւ է քաղաքացին հարկ վճարում, մասնակցում ընտրությունների, ծառայում պետական բանակում, կատարում իր պարտքը պետության առաջ: Որ այդ պետությունը տարբեր կազմակերպությունների եւ ինստիտուտների միջոցով նպաստի քաղաքացու բարեկեցությանը, հոգ տանի սոցիալապես կարիքավորների մասին եւ պայմաններ ստեղծի աշխատելու ունակ մարդկանց գործունեության համար: Անշուշտ, եթե պետությունը հոգ չտանի, մարդիկ ի վերջո իրենց գլխի ճարը կտեսնեն՝ կինքնակազմակերպվեն:



 



Բայց 21-րդ դարում մարդը զրոյից պետություն ստեղծելու ցանկություն չունի: Դրա փոխարեն նա պարզապես գնում է այն երկրից, որտեղ պետությունն իր բարձրության վրա չէ: Գնում է երկրներ, որտեղ լուծված են այդ հարցերը: Որտեղ ֆերմերական կայացած տնտեսություններ կան եւ ապահովագրական ընկերություններ, որտեղ բերքի իրացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված, եւ ապրանքարտադրությունից մինչեւ սպառող շղթան հստակ գործող մեխանիզմ է: Իսկ մեզ մոտ, երբ բերքն աղքատիկ է, բողոքում ենք, որ երաշտ էր, եւ դա է գյուղացու աղքատության պատճառը: Երբ բերքն առատ է, էլի բողոքում ենք, թե չի իրացվում: