Գուչին ու Մոսկվան

Գուչին ու Մոսկվան
Մեր փողոցի միակ տղամարդը Գուչին է՝ հսկա դեղին դմբլո շունը, որ կուշտ եղավ՝ հարեւանի ճտերին կուտի, քաղցած եղավ՝ հավերին, իսկ եթե մի ամբողջ օր մայրս ուտելիքն ուշացրեց, երկու նապաստակ կխժռի: Ես չունեցածս չորս ձեռքով դեմ եմ կենդանիների հանդեպ բռնությանը, բայց գայլաբարո Գուչին ինչ էլ անի, աչքիցս չի ընկնում: Ախր, մեր փողոցի միակ տղամարդն է, որ ոչ Մոսկվա է մեկնել, ոչ էլ մեկնելու մտադրություն ունի:



 



Գուչիին «ախպեր» եմ կոչում, ու մայրս բարկանում է: «Շանն ախպեր կասե՞ն»,- փնթփնթում է մայրս: Մամ, բա ո՞ւմ ախպեր ասեմ, բոլոր ախպերացուներս Մոսկվայում են: Տխուր փողոց է մեր փողոցը: Միայն կանայք ու աղջիկներն են մնացել, նրանց էլ դժվար է կին համարելը՝ մի ձեռքն ու ոտքը տանն են, եփութափի մեջ, մյուս ձեռքն ու ոտքը՝ հողի մեջ, բահի վրա: Կես-կանայք են ապրում մեր փողոցում, որոնց դեմքերից Մոսկվան ջնջել է ժպիտը, սրտերից՝ հեզությունը, եւ ապրում են տղամարդու հոգսով ու կարոտով:



 



Օրհնվես դու, «սկայպ» ստեղծող: Օրը մի կես ժամ խոսում ենք փոշեթաթախ, գիտությունների թեկնածու հորս հետ. նա էնտեղից է ասում՝ ոնց եք, մենք՝ էստեղից, ու թե մենք, թե ինքը ջանում ենք ավելի վարպետորեն ստել ու հավատալ դիմացինի ստին, թե «լավ ենք», «ամեն ինչ լավ է»...



 



Տարբերակ չկա... Ու ես, որ ամբողջ կյանքում սուտն ատել եմ, իմ սկզբունքներին դեմ եմ գնում՝ դերասանական ողջ ինքնուս տաղանդս բանեցնելով, որ երբ ասում եմ՝ լավ եմ, դեմքիս ժպիտ լինի, ու աչքերս էլ ժպտան, որովհետեւ եթե աչքերս տխուր մնացին, գիտությունների թեկնածու հայրս կհասկանա, որ «լավ եմ» խաղում...



 



Իսկ Գուչին ախպերս է: Ինչ էլ մայրս ասի: Ու ինքը մեղավոր չէ, որ հավ է խեղդում, նապաստակ է զրկում կյանքից: Մեղավոր չէ, որովհետեւ երբ մեծ ստամոքս ունես, որը հացով չի լցվում, պիտի տարբերակներ փնտրես, ու եթե էլ տարբերակ չկա, տարբերակը մնում է հարեւանի հավը...



 



Երեւի հարեւաններն էլ են դա հասկանում, ու անգամ եթե Գուչիի հերթական խրախճանքից հետո իրենք պիտի մի օր քաղցեն, Գուչիին չեն կերակրում մեջը թույն դրած հացով... Որովհետեւ Գուչին էլ պանդուխտ է, իրենց տղամարդիկ էլ պանդուխտ են, «օտարության մեջ են», ու եթե իրենք մի անմեղ կենդանու վրա ձեռք բարձրացնեն, Աստված էլ գուցե իրենցին չխնայի...



 



Ու Գուչին ապրում է՝ փնթի, մեծ, մազմզոտ մի արարած, Մոսկվայում ու Մոսկվայից դուրս քրտնող մեր տղամարդկանց հաշվին:



 



Ինչպես մենք՝ կես-կանայքս:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ