Հայաստանը՝ երկընտրանքի խաչմերուկին

Հայաստանը՝ երկընտրանքի խաչմերուկին

Վայ հայերին, որ նրանք երբեւիցե ներքաշվեն



եվրոպական քաղաքականության մեջ:



Շատ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե



Հայաստանի անունը երբեք չհիշատակվի



որեւէ եվրոպական դիվանագետի կողմից:



Ֆ. Նանսեն



 

     Բազմամարդ էր Հյուսիսային պողոտան: Եվրամիությունն իր հերթական միջոցառումն էր կազմակերպել՝ «Բացահայտենք Եվրոպան» կարգախոսով, որի նպատակն էր ներկայացնել Եվրոպան, որպես հողագնդի առավել զարգացած, ժողովրդավար, բարեկիրթ, առաջադեմ քաղաքացիական հասարակություն ունեցող աշխարհամաս: Մենք հարգում եւ գնահատում ենք եվրոպական արժեքները, որոնք օլիմպիադաների մայրաքաղաքներ են եղել եւ աշխարհի 7 հրաշալիքներից 4-ը՝ Զեւսի արձանը, Ռոդոսի կոթողը, Մավզոլի դամբարանը, Արտեմիսի տաճարը, գեղաշուք կառույցներ, մարմարե արձաններ համաշխարհային մշակույթի գանձերն են: Եվրոպան ունի եւ ունեցել է մեծագույն փիլիսոփաներ, խոշոր գրողներ, նկարիչներ, աստղագետներ, նոր աշխարհ հայտնագործողներ, նորագույն գյուտերի հեղինակներ, անգլիական բուրժուական կլասիկ քաղաքագետներ, ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստներ, գերմանացի կլասիկ փիլիսոփաներ, բոլոր ժամանակների մտածողության մարքսիստներ եւ այլ նշանավոր գործիչներ:



      Այսօր ՝ 250 տարվա հեռավորությունից, երբ դիտում ենք Եվրոպայի անցած ճանապարհը, սրտի ցավ եւ ափսոսանք ենք ապրում, ինչպիսի օրինակելի աշխարհամաս կլիներ Եվրոպան եւ փայլուն օրինակ կդառնար հողագնդի համար, եթե Անգլիայում չլիներ արդյունաբերական հեղաշրջումը, ու չձեւավորվեր կապիտալիստական տնտեսակարգը: Կապիտալիզմի գայլային օրենքն աստիճանաբար փոխեց Եվրոպան, XVIII եւ XIX դարերը դարձան Եվրոպայի համար հողագնդի վրա գաղութային համակարգի ձեւավորման ժամանակահատված: Եվրոպացիներն անմարդկային ձեւով ոչնչացրին տեղաբնակ ժողովուրդներին, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ն: Աֆրիկան գաղութի վերափոխվեց եվրոպական մի քանի պետությունների կողմից, բրիտանական կայսրությունում արեւը մայր չէր մտնում, աշխահահռչակ Հնդկաստանն Անգլիայի գաղութներից էր, Հարյուրամյա պատերազմ, խաչակրաց արշավանքներ, երկու համաշխարհային պատերազմներ, իսկ ֆաշիզմը՝ դարչնագույն ժանտախտը, համաշխարհային տիրապետություն ձեւավորելու նպատակ ուներ: Միլիոնավոր անմեղ զոհեր, ժամանակի ընթացքում Եվրոպայի հոգին կոշտացավ ու դարձավ ախտաժեռ, «ուսյալ ոճրագործ»: Երիտթուրքերի հետ ծրագրեցին եւ իրականացրին Հայոց եղեռնը, հայկական Կիլիկիան նվիրեցին թուրքերին: Տեղին է հիշել Հովհաննես Թումանյանի թեւավոր խոսքերը «Քրիստոնեություն, քաղաքակրթություն, մարդասիրություն. դատարկ հնչյուններ են Եվրոպայի աչքում»:



Ժամանակակից Եվրոպան վերջին ճիգերն է գործադրում պահպանելու իր վաղեմի հեղինակությունը՝ նոր մտահղացումներ՝ ԵՏՀ երկրների հետ միասին ձեւավորելով ակումբ ու դրա բազայի վրա 1992թ. ստեղծելով Եվրամիությունը (ԵՄ), որը մեր պատկերացմամբ կայսրության մի տարատեսակ է, միասնական բանկով, տարադրամով, ընտրական միասնական համակարգով ու միասնական նախագահի պահանջով, իսկ ԱՄՆ-ն մյուս կիսագնդում Կանադայի եւ Մեքսիկայի հետ ինտեգրման հարց է բարձրացնում: XXI դարում պետությունները գնում են համախմբվելու կապիտալի միասնական ճանապարհով, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական բնագավառներում: Աշխարհը միաբեւեռ դարձնելու ԱՄՆ-ի կեսդարյա երազանքը մնաց անավարտ: Այսօր աշխարհը չի հանդուրժում միանձնյա «միջազգային» ոստիկանի դերակատարությունը, այս իմաստով կայսրություններ ձեւավորելը դարձել է հրամայական պահանջ: Սակայն ինչպիսին են մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մոտեցումները: ՌԴ-ն այսօր նոր խոսք ունի ասելու աշխարհին: Նրա նախաձեռնությամբ ձեւավորվում է նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների նոր միություն, որը կոչվում է Եվրասիական: Այն կայսրության այլընտրանքային տեսակ է, որի ճանապարհային քարտեզն ուրվագծվում է նախկին Սովետական Միության որոշ հանրապետություններով: Աշխարհում ընթացող այս աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններում, որն է Հայաստանի կողմնորոշման ուղղվածությունը, բացի դարերի ընթացքում կուտակված հարցերից, այսօր ունենք Արցախի խնդիր, որը մեր պետականության հատվածն է: Այսօր փնտրում ենք մեր սեփական հողի վրա երկարատեւ ապրելու մեր կոդի բանալին եւ գտնվում ենք երկընտրանքի խաչմերուկում: Սա է խնդիրը. ո՞րն է առաջնայինը՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն: Առաջինի դեպքում մեր ինտեգրումը մեզ համար անծանոթ միջավայր է, ունենք թույլ տնտեսություն, հումք ենք վաճառում Եվրոպային եւ համարյա աղքատ սպառողի կարգավիճակով կներկայանանք Եվրամիությանը, որն ունի իր ծրագիրը: Վերջերս Եվրամիությունը հանձնարարել է Միության երկրներին օրինականացնելու միասեռականների ամուսնությունը: Չնայած մեր «փառապանձ» Ազգային ժողովը, անհասկանալի ուժերի պարտադրմամբ, երրորդ ընթերցմամբ ընդունեց գենդերային հավասարության մասին որոշում, որտեղ մարդն ինքն է որոշում իր սեռը, դրան, հանդիմանելու փոխարեն, նպաստեցին մեր հոգեւորականները եւ մտավորականները: Որքան էլ փորձենք մեր բանականությանն ստիպել, այնուամենայնիվ, ոչ մի հայի ուղեղում չի տեղավորվելու, որ սասունցի Աշնակ գյուղի յոթ որդիների հայր Եվրամիության պատգամավորը կհամակերպվի նույն դահլիճում կողք կողքի հոլանդացի տղամարդու արտաքինով կնոջ հետ քննարկել Եվրամիության հարցեր: Ամիսներ առաջ Ֆրանսիայի ժողովուրդն ապստամբեց իր պետության դեմ, իսկ Փարիզի աստվածամոր տաճարում մեկն ինքնասպան եղավ, ասելով՝ ո՜ւր է հասել իմ երկիրը: Ռուսաստանի Դաշնությունն արգելեց համանման որոշում ընդունել իր երկրում, Վրաստանում Եվրամիությունը բախվեց Իլյա Երկրորդի եւ նրա հոգեւոր խորհրդի ընդվզմանը, լեհերը եւ ուկրաինացիները հետեւեցին Վրաստանի օրինակին, իսկ մենք՝ ամեն ինչին դիմացող հայերս, այդ ազգակործան որոշումն ընդունում ենք առանց խղճի խայթի: Եվրոպան դա անում է մարդու ավանդական հոգեկերտվածքը բզկտելու եւ ընտանիքը ոչնչացնելու համար: Եվրոպան այսօր բաց աչքերով ինքնակործանման կուրս է վերցրել ու կատարում է իր ծրագիրը: Երկրորդ դեպքում Եվրասիական միությունը  մեր 70 տարիների հարազատ միջավայրն է, որտեղ ունեցել ենք զարգացած տնտեսություն, գիտական մտքի ներդրման ճշգրիտ սարքերի արտադրություն ունեցող ինտելեկտուալ երկրի հեղինակություն: Այդ նոր Միությունը կընդունի՞ արդյոք Արցախը մեզ հետ միասին, մեր կարծիքով՝ ՌԴ-ն նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների միավորումների կարոտ ունի: Մենք՝ հայերս, մեր բազմադարյա պատմության ընթացքում թույլ տրված սխալները կրկնելու իրավունք չունենք եւ այսօր գտնվում ենք կուլմինացիոն կետում, բազում մարտահրավերների առջեւ: Այն հաղթահարելու համար մեր արտաքին քաղաքական վեկտորը պետք է թեքենք դեպի հյուսիս եւ մեր ռազմավարական ընկերոջ հետ դիմակայենք գալիք փորձություններին: Հնարավոր չէ շրջանցել եւ անտեսել մեր նկատմամբ պատմության անբեկանելի վճիռը՝ ապրել համաթուրքական շրջապատում, ինչպես նաեւ ռուս ժողովրդի հետ 300 տարվա դարավոր բարեկամությունը, որն անցել է բազմաթիվ փորձությունների ճանապարհով: Դյուրահավատ մեր ժողովրդի չկողմնորոշված մի հատվածը պետք է գիտակցի, որ Ալեքսանդր Արզումանյանը, Բագրատ Ասատրյանը մեր երրորդ պետության կազմավորման ակունքներում արտաքին գործերի նախարարության եւ ԿԲ գործողություններն էին ղեկավարում: Քայքայեցին երկրի տնտեսությունը, այսօր էլ ակտիվացած, հետին թվով աղմուկ բարձրացնելով, Եվրոպա գնալու քարոզներով են զբաղված: Դա ընդամենը Եվրոպայից տրված գրանդների խենթացնող, մոգական ուժի համն է, որ դիպել է նրանց քիմքերին եւ նրանց էությունից հանել «ազգային գաղափարախոսություն», «սեփական պետություն» հասկացությունները, իրական արժեքները, հարազատ անցյալը, կյանքի պատմությունը:



Ընկեր քաղաքական գործիչներ, եթե լսելու եւ ընկալելու խնդիր չունեք, ապա հասկացեք, այլեւս չկան միամիտներ եւ խաբվածներ: 25 տարի ժողովուրդը տառապում է Ձեր սատանա-հուդայական, կեղծ հայրենասիրական գործունեությունից,  եւ սոցիալական ծանր վիճակն աղետի պես նստել է նրա ուսերին: Երբեւիցե մտածե՞լ եք, թե ինչու Եվրոպայի հնաբնակներից Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան ու եւս 7 պետություններ Եվրամիության անդամ չեն: Գուցե ձեր գիտցածը XXI դարի գիտելիքների վերջին սահմանն է: Բավական է, քաղաքական հանգուցյալ շրջմոլիկներ, հանգիստ թողեք ժողովրդին եւ մի փորձեք խաբել ու ապակողմնորոշել սեփական ազգին ու առաջնորդել եվրոպական երկրների փախստականների ճամբարներ:



Մեկընդմիշտ հասկացեք` Եվրոպա տանող Հայաստանի միակ ուղին անցնում է Ռուսաստանով:





 Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ