Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակվի Կոլյա Բլախերի և Կոնստանտին Լիֆշիցի ելույթով

Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակվի Կոլյա Բլախերի և Կոնստանտին Լիֆշիցի ելույթով

Ս. թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը:  



Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ 2013-2014 թթ. համերգաշրջանը բացվել  է սեպտեմբերի 11-ին՝ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: 



Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայացել են 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, ինչպես նաև մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելլոյի /Իտալիա/ և ճանաչված դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցի /Ռուսաստան/ մենահամերգները: Փառատոնային ծրագիրը ներառում է 12 համերգ: Փառատոնի ողջ ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել ջութակահարներ Իզաբել Ֆաուստը /Գերմանիա/, Բորիս Բրովցինը /Մեծ Բրիտանիա/, Դայշին Կաշիմոտոն /Ճապոնիա/, Կոլյա Բլախերը /Գերմանիա/, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը /Ռուսաստան/, Մարիո Բրունելլոն /Իտալիա/, Ալեքսանդր Չաուշյանը /Մեծ Բրիտանիա/, դաշնակահարներ  Մարիաննա Շիրինյանը /Դանիա/, Մատան Պորատը /Իսրայել/, Կիրիլ Գերշտեյնը /ԱՄՆ, Գերմանիա/, Ալեքսանդր Մելնիկովը /Ռուսաստան/, ալտահար Դիմուտ Պոպպենը /Գերմանիա/, դիրիժոր Իսրայել Յինոնը /Գերմանիա/ և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակում հանդես են եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ Յանա Դարյանը /ալտ/, Կարեն Քոչարյանը /թավջութակ/, Կարեն Խաչատրյանը /կոնտրաբաս/ և այլոք: Այս տարի հայ երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր են տվել Նարեկ Հախնազարյանը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը, Դիմուտ Պոպպենը և Կոստանտին Լիֆշիցը:



Փառատոնի եզրափակիչ համերգին ելույթ կունենան դաշնակահար Կոստանտին Լիֆշիցը և ջութակահար Կոլյա Բլախերը:



 



Կոլյա Բլախերը ծնվել է Բեռլինում: Նյու Յորքի Ջուլլիարդ դպրոցում սովորել է Դորոթի Դելեյի, իսկ Զալցբուրգում՝ Շանդոր Վեղի մոտ: Նրա բեմելը կայացել է 17 տարեկանում Բեռլինում` Դոյչե սինֆոնիի հետ, որին հաջորդել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթը: Որպես մենակատար հանդես է եկել Մյունխենի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի`  Գեվանդհաուս, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի՝ ֆիլհարմոնիկ, Մելբուրնի սիմֆոնիկ և բազմաթիվ այլ նվագախմբերի հետ, համագործակցել դիրիժորներ Կլաուդիո Աբբադոյի, Ալան Գիլբերտի, Դանիել Հարդինգի, Վլադիմիր Յուրովսկիի, Դմիտրի Կիտայենկոյի, Քենթ Նագանոյի, Մաթիաս Պինտշերի հետ: Նրա ձայնագրություններն արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Բլախերի առաջիկա ծրագրերում ներկայացված են Բախի մենանվագ սոնատների ձայնագրումը, ինչպես և Ստրավինսկու «Զինվորի պատմության» ձայնագրումը, որտեղ երաժիշտը հանդես կգա նաև որպես տեքստի դերասան-ընթերցող:



Կ. Բլախերը դասավանդում է Բեռլինի կոնսերվատորիայում: Նա նվագում է Ստրադիվարիուսի 1730 թվականին պատրաստած «Տրիտոն» ջութակով, որը նրան տրամադրել է Կիմիկո Փաուերզը:



 



Կոնստանտին Լիֆշիցը ծնվել է 1976 թվականին Ռուսաստանում: Սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան դպրոցում: 2004 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի երիտասարդ անդամ: Ինը տարեկանից ելույթ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իսրայելի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Սինգապուրի, Կորեայի, Հոնգ Կոնգի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ համերգասրահներ: Լիֆշիցը ելույթ է ունեցել նաև Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Դանիայի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Բեռլինի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, համագործակցել դիրիժորներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Սըր Նեվիլ Մարիների, Յուրի Սիմոնովի, Քրիստոֆեր Հոգվուդի, Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաույի և ուրիշների հետ: Որպես կամերային երաժիշտ համագործակցել է Մաքսիմ Վենգերովի, Գիդոն Կրեմերի, Լեյլա Յոզեֆովիչի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Միշա Մայսկիի, Լինն Հարելի և անվանի այլ երաժիշտների հետ: Լիֆշիցի ընդարձակ նվագացանկն ընդգրկում է համաշխարհային դաշնամուրային գրականության գոհարներ, ինչպես նաև դաշնամուրային սեփական մշակումները: Ձայնագրել է 20-ից ավելի ալբոմներ: 1995 թվականին նա ստացել է եվրոպական «Էքո կլասիկ» պարգևը, որը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ արտիստին: Նրա՝ 1996 թվականի Գոլդբերգ վարիացիաների ձայնագրությունը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի: Կ. Լիֆշիցը հաճախ է հանդես գալիս անվանի մեներգիչների հետ, ելույթ է ունենում նաև որպես կլավեսինահար և դիրիժոր: Շատ կոմպոզիտորներ նրան նվիրել են իրենց նոր ստեղծագործությունները: Երաժիշտն իր երաժշտական և բարեգործական գործունեության համար արժանացել է տարբեր կազմակերպությունների պարգևների:



Ս. թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մամուլի ասուլիսին մասնակցում էին Էդուարդ Թոփչյանը /Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/ և դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցը: