Վարչապետին լուրջ փորձություն է սպասվում

Վարչապետին լուրջ փորձություն է սպասվում

Երկուշաբթի օրվանից Ազգային ժողովում կրքերը թեժանալու են, շունը տիրոջը չի ճանաչելու:  Թիրախում Տիգրան Սարգսյանն է՝ որպես բյուջեի գլխավոր պատասխանատու եւ հեղինակ: Ինչը նշանակում է, որ համարձակ ելույթների, քննադատության պակաս չի լինելու:



Դե, Տիգրան Սարգսյանը հո գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի, որ զգուշանան քննադատել: Բյուջեի նախագիծը հանձնաժողովներում թեեւ քննարկվել է, բայց վերջնական կարծիք խմբակցություննները դեռ չեն ձեւավորել: Ասում են՝ քառօրյայի քննարկումներից հետո միայն պարզ կլինի, երբ հստակ կլինի նաեւ կառավարության վերջնական  վերաբերմունքը ֆրակցիաների արած դիտողությունների ու առաջարկների վերաբերյալ:



 



Տիգրան Սարգսյանի ամենաակտիվ հակառակորդները՝ ԲՀԿ-ականները,  հիմա «մարզվում են», որ հարձակումը միահամուռ լինի, հարվածները՝ դիպուկ: Բայց գլխավոր «հարձակվողը»՝ տնտեսագետ Միքայել Մելքումյանը, մինչ պաշտոնական տեսակետի վերջնական հստակեցումը, երեկ մեզ ասաց իր անձնական կարծիքը. «Դեռեւս պաշտոնական որոշում չունենք, բայց մտահոգություններ ու դիտողություններ ունենք եւ եկամտային, եւ ծախսային քաղաքականության մասով: Փոքր, միջին բիզնեսի բնագավառում մենք ունեցանք շրջանառության հարկ, որն ավելացրել էր հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի համար, եւ այդ ոլորտից հարկերի հավաքագրում ունեինք ընդամենը 21 միլիարդի չափով, խոսքը շրջանառության ու արտոնագրային վճարների մասին է, որն ընդհանուր 1 տրիլիոն 92 մլրդ հարկերի մեջ  21 մլրդ-ն կազմում է 2 տոկոսից ցածր: Մենք գտնում ենք, որ դա չնչին թիվ է կազմում եւ պետք է հանել: Ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 40 տոկոսից իջեցվում է մինչեւ 20 տոկոսի, ինչն անընդունելի է»:



 



Նա հիշեցրեց նաեւ չիրականացված խոստումները. «Արդյունաբերության ոլորտում աճը նախատեսված է եղել 9.3 տոկոս, սակայն սպասվում է 3 տոկոս: Շինարարությունում նախատեսված է եղել 3.5 տոկոս աճ, անկումը 10 տոկոս է եւ այլն: Սրան զուգահեռ` մենք քննադատում ենք այն, որ անցած տարի եւ այս տարի ունեցանք աննախադեպ գնաճ: Գնաճը բյուջեում նախատեսված էր 4 տոկոս, պլյուս-մինուս՝ 1.5 տոկոս: Ինչը նախատեսված է նաեւ 2014թ. բյուջեով, սակայն այսօրվա դրությամբ մենք ունենք հունվար-սեպտեմբերը ներառյալ 9.3 տոկոս գնաճ: Եվ պետական հատվածում եկամուտները երկու անգամ ցածր են, քան գնաճը: Մենք արձանագրում ենք, որ եւ ընթացիկ բյուջեի կատարման ընթացքում, եւ նաեւ քանի որ հիմնական սկզբունքներն են դրված հաջորդում, պրոբլեմներ կան»: Այսպիսով, այս պահի դրությամբ ԲՀԿ-ն հակված չէ կողմ քվեարկելու:



 



«Ժառանգություն» ֆրակցիայում նույնպես հիացած չեն բյուջեով, սակայն վերջնական որոշում դեռ չկա:  Ռուբիկ Հակոբյանն այս օրերի ուսումնասիրության ընթացքում հասկացել է, որ այն չի համապատասխանում հայաստանյան իրավիճակին: «Այս բյուջեն առայժմ որեւէ  մեկը չի կարող ասել, որ համարժեք է այսօրվա պետությանը, ստեղծված իրավիճակին: Նկատի ունեմ, որ այս բյուջեն արդյո՞ք կարող է լուծել մեր առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական, ներքաղաքական խնդիրները: Բայց  ավելի մանրամասն ու ամբողջական ֆրակցիայի տեսակետը դեռ կհայտնենք»: ՀԱԿ ֆրակցիայի քարտուղար Արամ Մանուկյանը փնթի ու չհիմնավորված բյուջե որակեց այն: «Ես ծանոթ եմ կրթության ոլորտին, ու տխուր է վիճակը: Ես չեմ հավատում, որ իրենք անգամ այդ բյուջեն կարողանան… հարկերը  հավաքել:



 



Կարճ բացատրություն ունեմ. ումից որ պիտի հավաքեն, այսինքն՝ հարկատուներն ուղղակի լքում են երկիրը, եւ մարդիկ, որպես արտադրող ու նաեւ սպառող, պարզապես լքում են երկիրը, ֆիզիկական առումով նրանց բացակայությունն արդեն նվազեցնում է բյուջեի մուտքերը: Խեղճացած է փոքր ու միջին բիզնեսը, որը եւս իր մասնաբաժինն ունի բյուջեի գործում»,-ասաց պատգամավորը՝ համարելով, որ ճիշտը հարկային բեռի թեթեւացումն է: Քանի որ խնդիրը տնտեսական չեն համարում, այլ՝ քաղաքական, ՀԱԿ ֆրակցիան  առաջարկում է, որ կոռումպացված ու այս իրավիճակի հովանավոր իշխանությունը չի կարող հարց լուծել, եւ միակ ելքն այս իշխանության հրաժարականն է:



 



ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ն է ոգեւորված Տիգրան Սարգսյանի բյուջետային ստեղծագործությամբ: Ամեն դեպքում, արտաքուստ փառաբանում ու գովերգում են, նույնիսկ խոսակցություներ կան, թե ՀՀԿ ԳՄ վերջին նիստին ծափահարել են նրան: Բայց կուլիսների ետեւում «ոչ հրապարակման համար» անկեղծանում են եւ բյուջեն քննադատում են ավելի անողոք, քան ընդդիմադիրները:  



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]