Կարծում եմ, որ այդ հեղափոխությունն արին ոչ թե կոչ անողները, այլ հեղափոխությունը կանխողները

Կարծում եմ, որ այդ հեղափոխությունն արին ոչ թե կոչ անողները, այլ հեղափոխությունը կանխողները

Ես Շանթին չեմ անդրադառնա, որովհետև «լեզվի բեզտորմուզնի մարդկանցից», նկատի ունեմ հայհոյանքը, խուսափում եմ ու հարգում եմ սթափ ու հավասարակշռված գործիչներին ու մարդկանց: Ամիսներ առաջ մի հոդված էի գրել, որտեղ ասում էի, որ մեր իշխանությունը, չնայած եվրոպական խաղեր է տալիս, բայց Մաքսային միություն է մտնելու: Տեսակետ էր, որը իրականացավ: Շանթը մի այնպիսի լպիրշ, հայհոյախառն ստատուս էր գրել, որ զարմացա ու անակնկալի եկա: Ոչ թե տեսակետն էր քննադատում, այլ հայհոյանքով կպնում էր անձիս, արժանապատվությանս: Երբ ես նրա պորտը տեղը դրի, գրառումով, ինձ սպառնաց: Հետո երևի գժությունն անցավ ու գրեց, որ 20 րոպես հետո ստատուսը կհանի: Ու մոտ մի ժամ հետո ստատուսը հանեց: Ինչևէ, ես այդ օրը նրան հանեցի իմ ընկերությունից: Դա է պատճառը, որ նրան չեմ անդրադառնա, որովհետև ըստ էթիկայի նորմի՝ չի կարելի գրել այն մարդու մասին, ում հանդեպ անձնական հակակրանք, տրամադրվածություն ունես: Դա անպայման կանդրադառնա անաչառ կարծիքի վրա, իսկ եթե չանդրադառնա էլ, չեմ օգտագործի այն պահը, որ ընկածին խփեմ:
Ուզում եմ անդրադառնալ բենզինի շշերի պայթեցումներին: Անկեղծ ասած ուրախանում եմ, որ ցանկացած քաղաքական դերասանություն արդեն հանրության կողմից իր օբյեկտիվ արձագանքն է գտնում: Մարդիկ արդեն տարբերում են խաղը իրականությունից ու անմիջապես արձագանքեցին՝ սա խաղ է: Թե ինչ մակարդակով է կազմակերպվել այդ խաղը, թե ովքեր են գլխավոր ու երկրորդական դերասանները, ինքն իրեն կբացվի: Կարևորը բուն երևույթն է: Ոստիկանությունը զորավարժություն է կազմակերպել ու չի նախատեսել, որ կարող է մի քիչ չափն անցնել կամ էլ նախատեսել ու կամեցել է՝ բնականին մոտեցնել, որովհետև ժողովուրդն այլևս ոչ մի խաղ իրականության հետ չի շփոթում: Դրա համար, իրոք, արժեր, որ մի քիչ բնական արյուն գնար: Հեղափոխությունն իրականացնելու համար ամուր հիմք էր Ազատության հրապարակում հեղափոխություն անելու կոչերը: Բայց այդ հեղափոխությունն արին ոչ թե կոչ անողները, այլ հեղափոխությունը կանխողները: Անգամ եթե մի շիշ պայթերած լինեն կոչ անողները /որին չեմ հավատում/, մնացած շշերը պայթեցվել են սադրանքի համար: Լավ է, որ շատ մարդիկ չներքաշվեցին խաղի մեջ, որովհետև շատերին փակի տակ պահելու ոստիկանական ախորժակը մեծ էր:
Մի նկատառում ևս՝ զորավարժություն անցկացնում են՝ պատերազմին պատրաստ լինելու, դիմակայելու համար: Իշխանության այս զորավարժությունը գալիք փորձություններին, իրական հեղափոխություններին դիմակայելու համար է: Ոստիկանության հեղափոխությունը մեկ անգամ ևս վկայեց, որ իշխանության ուժը ոստիկանությունն է:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ