Օրեր են եղել, որ մտածել եմ՝ շան ձագերին սատկացնեմ՝ ուտենք

Օրեր են եղել, որ մտածել եմ՝ շան ձագերին սատկացնեմ՝ ուտենք

16-ամյա Սարգիսն ուզում է ծրագրավորող դառնալ, բայց համակարգիչ միայն նկարներով է տեսել, այն էլ խանութների պաստառներին, տանը նույնիսկ հեռուստացույց չունեն, որ տեղեկանա, թե ինչ փոփոխություններ են աշխարհում կատարվել։



 



Բաղդասարյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ շարժական տնակի մեջ։ Սարգիսն 8-ամյա կրթություն է ստացել, գումար չունենալու պատճառով տղայի ուսումը կիսատ է մնացել։ Այժմ նրա միակ զբաղմունքը հիվանդ եղբորը խնամելն է։ «18 տարի է՝ ապրում ենք տնակում, ուզում էինք հող առնել, այն էլ չստացվեց, ամեն անգամ տնակը տեղից տեղ ենք տեղափոխում, իսկ այժմ էլ տեղադրել ենք պետական ճանապարհի վրա»,- ասում է 48-ամյա Անժելա Բաղդասարյանը։



 



Ընտանիքի մոր խոսքով, երեկոյան ուշ ժամին մեքենաներն արագ ընթանալու պատճառով բախվում են իրենց տնակին, բացի այդ էլ, տնակը տեղակայված է հոսանքալարերի տակ։ «Դոմիկն ամբողջությամբ քանդված է, երկաթները մեխերով ենք ամրացրել, որ փուլ չգա գլխներիս»,-ասաց տիկին Անժելան՝ հավելելով, որ մոտ 10 կատու եւ այդքան էլ շուն են պահում, որպեսզի առնետներից իրենց պաշտպանեն։    



 



Որպեսզի տանիքը չկաթա, պոլիէթիլենային տոպրակներով են ծածկել, իսկ պատուհաններն էլ ստվարաթղթերով են փակել, որ ցուրտ չլինի։ Տանը որեւէ կոմունալ հարմարություն չունեն, իսկ տնակը տեղադրված է հողի վրա, որպես հատակ՝ մի քանի փայտե «լիստեր» են դրել, բայց խոնավությունից լրիվ ծռմռվել են, եւ դրանցից հողե հատակն է մնացել։ «Հնարավորություն չկա, որ գոնե բետոն անենք, բացի այդ, ամեն րոպե սպասում ենք, որ կպահանջեն դոմիկը տեղափոխել մեկ այլ վայր»,- ասաց տիկին Անժելան՝ հավելելով, որ դեռ աշուն է, բայց իրենք արդեն փայտի վառարան են օգտագործում եւ փայտից բացի վառում են ինչ պատահի։



 



Բաղդասարյանները երկու որդի ունեն, մեծ տղան՝ Գեւորգը, մտավոր հետամնաց է։ Վերջինիս մոտ տեսալսողական համակարգը խախտված է, որն էլ ազդել է տղայի խոսքի զարգացման վրա։ «Ես էլ, կինս էլ աշխատում ենք, ճիշտ է՝ գումար շատ չենք ստանում, բայց գոնե այդ ամիսներին սոված չենք մնում, շուկայում վերավաճառում ենք միրգ, բանջարեղեն, օրը 2 հազար դրամ է մնում»,-ասաց ընտանիքի հայրը` Մայիս Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ձմռան երեք ամիսներին աշխատանքը կանգնում է, եւ կիսասոված օրեր են անցկացնում։ Ըստ նրա՝ դեռ մարդկային որակները չեն կորցրել, եթե կորցրած լինեին, ձմռանն ուտելիք կհայթայթեին աղբամաններից։ «Ձմռանը օրեր են եղել՝ մտածել եմ, որ շան ձագերին սատկացնեմ, եւ որպես միս ուտելու համար օգտագործենք»,- հուսահատված ասում է երեխաների հայրը։



 



2 հազար դրամով կարողանում են հոգալ միայն սննդի հարցերը, իսկ տղայի բուժումն իրականացնում են նպաստի միջոցով՝ 28 հազար դրամ։ «Այդ գումարն էլ չի բավարարում, դեղերն այնքան թանկ են, չգիտենք, թե որ մեկը հասցնենք,-ասում է Մայիսը՝ ավելացնելով։- Բժշկական միջամտությամբ գուցե հնարավոր լիներ որեւէ դրական փոփոխություն գրանցել, բայց գումար չունենք, անվճար էլ ոչինչ չեն անում, ոչ մի տարբերություն չկա, որ նպաստառու ենք»։



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ