Հիվանդանոց տեղափոխելիս Վարդանի դեմքին իմ կյանքում տեսած ամենամեծ տառապանքն էր

Հիվանդանոց տեղափոխելիս Վարդանի դեմքին իմ կյանքում տեսած ամենամեծ տառապանքն էր

Տառապանք կա, որ դաջվում է մարդու դեմքին ու նրա փոխարեն ամեն ինչ պատմում: Հիվանդանոց տանելիս Վարդան Պետրոսյանի դեմքն ահավոր էր:



 



Երբ պատգարակով նրան բարձրացնում էին Շտապ օգնության մեքենան, մի այնպիսի հուսահատ հայացքով նայեց, ասես բեմում էր ու ոչ ոք չէր ծափահարում, ասես մեկ էր իր համար, թե ուր են տանում: Ասես կենդանի, բայց մահացած /Աստված չանի/ մարդ էին տեղափոխում:



 



Այդ դեմքն ամենամեծ ու տաղանդավոր կենդանի կտավն էր, որը երբևէ տեսել եմ իմ կյանքում: Տառապանքի կենդանի կտավ էր: Եթե հրաշք լիներ ու կենդանանար Ռոդենը, «Մտածողի» փոխարեն կկերտեր «Տառապած մարդը»: Այլայլված, մոլորված, ոչինչ չտեսնող, անորոշ հայացքով ասես մի բանից տեղյակ դեմք էր որոնում, իմանալու՝ ինչ է կատարվում: Չիմացա էլ՝ ո՞վ էր այն ջահել աղջնակը, որ վերարկուով ուզում էր թաքցնել Վարդանի դեմքը:



 



Երևի այդպես Վարդանն էր կամեցել, որ տառապած, այլալված ու մոլորված դեմքը բազմահազարանոց հանդիսատեսը չտեսնի: Այդպես մի անի, աղջիկս,- ուզում էի ասել նրան,- դու մեծ, շատ մեծ մարդկային կենդանի կտավ ես թաքցնում, դու նորին մեծություն Տառապանքն ես թաքցնում: Մի կողմ նետիր այդ վերարկուն ու մի ծածկիր մարդու դեմքին հայտնված ամենամեծ տառապանքը, որը համարյա վերածվում է արվեստի կատարելության: Ակամայից հիշեցի այն բազում լուսավոր պահերը, որ նա պարգևել ու հուզել է բոլորիս, աչքերիս առաջ պատկերվեց բեմական այն հզոր թռիչքները, որ Վարդանը կատարում էր, ու ես զարմանում էի՝ 54 տարեկան տղամարդուն որտեղի՞ց այդքան էներգիա ու ավյուն, որ այդպես թեթև պարում ու սահում է, պարում ու թռչում է, պարում ու լողում է: Ու մեծ թռիչքի սովոր արծվին տեսա թևակոտոր, տեսա Աստծուց տրված թևերը թուլացած ու կախված, ինչպես լինում է, երբ կրակում են արծվի վրա, ու նա կախ թևերով ընկնում է ցից-ցից քարերի վրա…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ