«Արտակ Բուդաղյանի հետագա ազատությունը կախված է Լիսկայի կնոջ` Լորետա Բարսեղյանի ողորմածությունից»

«Արտակ Բուդաղյանի հետագա ազատությունը կախված է Լիսկայի կնոջ` Լորետա Բարսեղյանի ողորմածությունից»

«Ասպարեզը» ՀՀ-ում տիրող քրեածին իրավիճակի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ:



 



-Պարոն Հարությունյան, ժողովրդի որոշ հատված համարում է, որ հանրապետությունում ակտիվացել են քրեական տարրեը, ի՞նչ կասեք սրա մասին:



 



-1990-ականների սկզբից Հայաստանի պետական իշխանությունը կամաց-կամաց քրեականացվել է, որի փորձարկումը սկսվել է Գորիսից և թիրախը եղել եմ ես: Մեր երկրի ոստիկանությունը պարզապես ծառայում է օրվա իշխանությանը: Իշխանությունը զավթած բորենիների ոհմակը շատ ավելի վտանգավոր քրեական տարրեր են, որոնք օտարներից ավելի մեծ վնաս են պատճառել մեր ժողովրդին: Գորիսում դեսանտ իջեցրեցին քրեական արտասովոր կենսագրությամբ հայտնի, չարամիտ խուլիգանություններով, բռնաբարությամբ հայտնի Լիսկային`Սուրիկ Խաչատրյանին, ով հանդիսացավ իմ նմաններից ազատվելու լավագույն ձևը: Գորիսում 3 ամիսների ընթացքում սպանվեցին սահմանամերձ գյուղերի մոտ 20 մարտիկներ, անասնապահներ, հափշտակվեցին մի քանի հազար գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Հիմնավոր կասկածներ ունեինք, որ ոչ թե թուրքերն են սպանել ազատամարտիկներին, այլ` Գորիսի հանցագործները, ովքեր ստանձնել էին «հայրենիքի պաշտպանի» դերը: 1991 թվականի փետրվարի 11-ին, մինչ այդ լիսկայական կամայականությունների դեմ ակտիվ պայքարած և Խնածաղ գյուղի կոլտնտեսության նախագահ ընտրված ՀՅԴ Գորիսի կոմիտեի նախագահ 29-ամյա ընկերս` Արմեն Ալեքսանյանը, իր ընտանիքի 7 անդամների հետ միասին գյուղի նախագահ ընտրվելուց մի քանի րոպե անց գնդակահարվեցին իրենց տանը: Հակառակ այդ ժամանակվա իշխող վերնախավի, ես հանդգնեցի եռապատիկ ձայներով հաղթել Գորիսի ՀՀՇ վարչության նախագահին և ընտրվել Գորիսի քաղաքային իշխանության նախագահ: Դրանից հետո ամեն ինչ արեցին, որ Լիսկայի զինված հրոսակախմբի միջոցով կարճ ժամկետում ասպարեզից հեռացնեին ինձ և իմ նմաններին: Ես զզվել էի իշխանությունից և 1994 թվականի մայիսի վերջից վայր դրեցի իմ լիազորությունները, և Գորիսի տիրակալ կարգեցին 4 անգամ ամենակեղտոտ հոդվածներով ազատազրկված և դատապարտված, կալանավայրերում անցկացրած Լիսկային, ով հեղինակել է Հայաստանում քվեաթերթիկների տխրահռչակ կարուսելը, որի թիրախը ժամանակին ես եմ եղել: 1995 թվականից մեր իշխանություններն ամբողջությամբ քրեականացան և իշխանությունները սկսեցին կազմավորվել քրեական ճանապարհով:



 



-Ս.Խաչատրյանն ի՞նչ վարքագծով է աչքի ընկել Գորիսում:



 



-Լիսկան և իր բանդան 50-ից ավել ծանր ոճիրների հեղինակներ են: Առաջիկայում նոր փաստեր եմ ներկայացնելու այդ կապակցությամբ: Նա հարյուրավոր ոճիրների հեղինակ է, կան բաներ, որոնք դեռ չեմ էլ հրապարակել: Ս.Խաչատրյանը դիմել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և վիճարկում է ներկայացրածս երկու փաստերը, որ ինձ ճանաչեն զրպարտիչ և իր օգտին ինձանից բռնագանձեն 1,5 մլն դրամ գումար: Հայցադիմումում նշում է, թե իբր ինքը չի կրակել և ծանր հրազենային վնասվածքներ չի պատճառել իր սիրուհուն՝ իրենից հղի Արևիկ Միրզոյանին: Լիսկան կրակելով նրա որովայնին՝ սպանել է իր իսկ չծնված երեխային: Հայտարարում եմ, որ ինքն է հեղինակել այդ ոճրագործությունը, այն ժամանակ քրեական գործ էին հարուցել, որը մինչև հիմա կարճված չէ, և ես այդ առումով ցուցմունքներ եմ տվել ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի բաժնում: Բժիշկների միջամտության արդյունքում Ա.Միրզոյանը հրաշքով ողջ մնաց: Ա.Միրզոյանը գրավոր և բանավոր բացատրություններ էր տվել կատարված հանցագործության մասին, որ Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Ս.Խաչատրյանը կրակել է իր որովայնին: Այդ հանցագործությունից հետո իրավապահները Ս.Խաչատրյանին պետք է անհապաղ ձերբակալեին, բայց դա չարեցին: Ա.Միրզոյանն ահ ու սարսափի մեջ լինելով Ս.Խաչատրյանի սպառնալիքներից, ստիպված փոխել է իր հայտնած տեղեկությունները և ասել, թե իբր իր վրա անհայտ մարդ է կրակել: Երկրորդ դեպքը, որ վիճարկում է Ս.Խաչատրյանը, իբր ինքը չէ, որ 1996 թվականի փետրվարի 17-ին կրակել է Գորիսի բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա և նրան պատճառել հրազենային ծանր վնասվածքներ, ում տեղափոխել էին Գորիսի հիվանդանոց, որտեղ երիտասարդի ռենտգեն նկարահանման ժամանակ կաբինետ էր ներխուժել Լիսկայի բանդայից կազմված մի խումբ և կրակահերթ արձակել կաբինետում: Երկու դեպքերի վերաբերյալ Գորիսի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, բայց Սուրիկ և Սեյրան Խաչատրյանները ոչ միայն չեն ձերբակալվել, այլև որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: Ամեն մի հանցագործության նկատմամբ հանցավոր անտարբերությունը մի նոր հանցագործություն է, իրավապահ համակարգը ևս հանցակից է դառել, քանի որ եթե հանցագործին օրենքի առաջ չես կանգնեցնում, ինքդ ոչ պակաս վտանգավոր հանցագործ ես համարվում:



 



-Ի՞նչ հանք է վաճառել Ս.Խաչատրյանը Գորիսում:



 



-Լիսկան 1990-ականներից հետո առաջնորդվել է «ախորժակն ուտելիս է բացվում» կարգախոսով, միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ հափշտակելուց հետո, վերջին տարիներին անհագուրդ ախորժակով սկսել է օգտակար հանածոներով հարուստ Սյունիքի` Քաջարանի և Կապանի մերձակայքի հանքերի զավթման գործընթացը: ՀՀ սահմանդրությամբ, մեր երկրի ընդերքը համարվում է ազգային սեփականություն, բայց Ս.Խաչատրյանը կարողանում է թխել կառավարության մի որոշում, որով կարողանում է ստանալ Գեղիի հանքի շահագործման իրավունքը: Հանքի շահագործման համար տրված արտոնությունից պետությունը ոչինչ չի ստացել: Ս.Խաչատրյանը 65 մլն դոլարով, որը մոտ 20 մլրդ դրամ է կազմում, հանքը վաճառել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին, գրպանել այդ գումարը:



 



-Այս տարվա ապրիլին Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո դատարան ներկայացվեց միջադեպի մասին պատմող մոնտաժված տեսանյութը, մի՞թե կարևոր չէր ամբողջականը ներկայացնելը:



 



-Այդ հանցագործության հեղինակը ևս Ս.Խաչատրյանն է և անհնար է պատկերացնել, որ նրա տան դիմաց իրեն անհնազանդ Ավետիք և Արտակ Բուդաղյաններին գնդակահարելու և վերջին մահացու հարվածը հասցնելու իրավունքը նա զիջեր անգամ իր որդուն, ուր մնաց` թիկնապահին: Անգամ չմոնտաժված տեսանյութում ես տեսել եմ, որ կրակոց եղել է նաև վերևից, իսկ չմոնտաժված տեսանյութում բոլորս տեսել ենք, որ աղմկոտ կրակոցի ձայն է լսվում, որը եղել է վերևից: Նշեմ, որ տան մեջ եղել է միայն Լիսկան: Եթե անգամ Ս.Խաչատրյանը տանը չլիներ, նա կարող էր հեղինակել այդ հանցագործությունը:



 



-Այժմ Գորիսում վախի մթնոլորտ կա՞:



 



-Ցանկացած մարդ, անգամ ես, որ ասեմ` բացարձակ չեմ վախենում, ինչպե՞ս կարելի է, բայց ընդհանուր առմամբ մարդը չպետք վախկոտ լինի և այդ վախի զգացումը ես իմ մեջ սպանել եմ 1989 թվականին, երբ օրական 70-80 կմ երթևեկում էի սահմանով, մասնակցելով հայրենիքի պաշտպանությանը: Գորիսեցիների մասին ասեմ՝ այնտեղ այնպիսի հանցագործություններ են կատարվել, որ զարմանալի չէ գերիշխող այդ արգահատելի զգացումը: Ս.Խաչատրյանին տարբեր քրեական գործերով իբրև մեղադրյալ չընդգրկելը, նրա մարդասպան որդու և թիկնապահի նկատմամբ մեղադրանքը հանելը, կալանքից ազատելը հանգեցրեց նրան, որ մարդիկ Գորիսում կրկին սկսեցին տառապել վախի զգացումից: Սերժ Սարգսյանն ու իրավապահ համակարգը մեծագույն վատություն արեցին մեր ժողովրդին: Վերջին հրեշավոր ոճրագործությունից հետո քրեական գործով միակ մեղադրյալը, ստացվում է, որ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր` Արտակ Բուդաղյանն է, ում միակ մեղքը, հավանաբար, այն է, որ ողջ է մնացել և նրա հետագա ազատությունը կախված է Լիսկայի կնոջ` Լորետա Բարսեղյանի ողորմածությունից, ինչը պարզապես ամոթ է:



 



Ամբողջական հարցազրույցը՝ Asparez.am կայքում։