Հեղափոխության փո՞րձ, թե՞ կազմակերպված ներկայացում

Հեղափոխության փո՞րձ, թե՞ կազմակերպված ներկայացում

Շանթ Հարությունյանի  եւ նրա համակիրների տապալված հեղափոխության վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, ոմանք համարում են, որ Հարությունյանը համարձակ եւ անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանն արթնացնելու, եւ որ սա հերթական տապալված հեղափոխության փորձն է:



 



Մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բոլորովին այլ կարծիքի է կատարվածի վերաբերյալ. «Ինչ խոսք, մեր երկրում արդեն 20 տարի է՝ հեղափոխական իրավիճակ կա, բայց երեկվա իրադարձությունները ոչ մի կապ չունեն հեղափոխության հետ»: Ուրեմն ի՞նչ էր դա: «Շատ վատ կազմակերպված ներկայացում էր՝ կազմակերպված իշխանության կողմից, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:



 



Ինչո՞ւ: «Նախ պատկերացրեք, թե Սերժ Սարգսյանն ինչ վիճակում է: Սերժ Սարգսյանը գտնվում է շատ վատ վիճակում. Մաքսային միություն կարծես չեն ընդունում, Եվրամիություն գնում է-չի գնում, էլի չգիտի, չէ՞ որ խոստացել է աշխատավարձեր, թոշակներ պետք է բարձրացնի, իսկ որտեղի՞ց այդ փողը, մեկը պիտի տա, չէ՞, Հայաստանը փող չի աշխատում,- ասում է Արամ Կարապետյանը եւ հավելում, որ այսպիսով Սերժ Սարգսյանը հասկացնում է:- Բերեք, փողը տվեք, թե չէ իրավիճակը դուրս կգա կառավարելիությունից: Քաղաքացիական անհնազանդություն կլինի, արեւմտամետ ուժերը կգան, կփշրեն-կջարդեն»: Նշենք, որ ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը մշուշոտ դարձավ Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում. Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բերանով Հայաստանին ասվեց, որ նրա անդամակցության հարցը դեռ հարցական է, հետո սա բարձրաձայնվեց ռուսական հեռուստատեսությամբ: Սակայն, այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, նման պրիմիտիվ սադրանքներով հարց չի լուծվի:



Փորձառու քաղաքական գործիչ, ընդդիմադիր Երջանիկ Աբգարյանը եւս «դժբախտաբար» ստիպված է արձանագրել, որ կրկնվում է պատմությունը, «երբ հայերն իրենք իրենց հասցնում են օրհասական դրության, եւ հետագա իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ մեր ժողովուրդն իր քաղաքական, տնտեսական եւ մտավորական վերնախավի ազգուրաց եւ դավաճանական գործունեության հետեւանքով կորցրել է ե՛ւ իր դեմ նյութվող մահացու սպառնալիքը ժամանակին գիտակցելու եւ հասկանալու կարողությունը, ե՛ւ վտանգի զգացողության իր հանրային բնազդը»: Իսկ պարոն Աբգարյանն առավել քան վստահ է, որ նման իրավիճակի հետ գործ ունենք: Ահա այս դրության մեջ Շանթի նախաձեռնությունն Աբգարյանը գնահատում է որպես յուրօրինակ ահազանգ` «արդեն լայն թափով ընթացող դավաճանության եւ անօրինականությունների դեմն առնելու համար, անկախ այն բանից, թե ես ինչ կարծիքի եմ նրա քաղաքական հայացքների մասին ընդհանրապես»:



Թե ինչ է անհրաժեշտ իսկապես հեղափոխություն իրականացնելու համար, պարոն Աբգարյանը հակված չէ այսպիսի «անկեղծ» հարցերի անկեղծ պատասխանել:



 



«Նախ, մեջտեղից հանեք ընդհանրապես «հեղափոխություն» բառը, ես տվյալ իրադրության մեջ նախընտրելի եմ համարում «հեղաշրջում» բառը, որը կիրառվում է միայն իշխող եւ արտոնյալ վերնախավի նկատմամբ»: Փոխարենը, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի բնորոշմամբ, երեկ տեղի ունեցածը խռովություն էր: «Անշուշտ, կատարողների մտադրությունն ու նպատակը հենց հեղափոխություն իրականացնելն էր եւ, անշուշտ, կատարողներն ազնիվ ու կամային քաղաքացիներ են:



 



Սակայն տեղի ունեցածն անգամ որպես հեղափոխության փորձ որակելու համար չեն բավարարում շատ ու շատ պարամետրեր: Նման մեկնաբանությունն իրականության հետ որեւէ աղերս չունի, քանի որ առաջին իսկ արգելքը` Մաշտոցի պողոտան հաղթահարելը, ռեպրեսիվ ուժերի կողմից կանխվեց 10 րոպեում: Շանթն ու նրա ընկերները առավելագույնը կարողացան հասնել մինչեւ հանդիպակաց երթեւեկելի գոտի: Անգամ չկար քաղաքացիների բուռն աջակցության հնարավորությունը, այն դեպքում, որ նման ցանկության առկայությունը կասկած չի հարուցում ոչ մեկի մոտ»: Քաղաքագետի խոսքով՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար առաջնային նախապայմանները պետք է լինեն կազմակերպված թիմի գոյությունը, նպատակին հասնելու համար անհրաժեշտ քայլերի մշակումը ու նաեւ թիմի անդամների շրջանում այդ քայլերի հաջորդականության, տրամաբանվածության, հնարավոր հակընդդեմ քայլերի չեզոքացման բոլորին հասկանալի ընկալման ապահովումը: «Սակայն, բացի ներկայացվածից, գոյություն ունեն նաեւ այլ էական հանգամանքներ, որոնց առկայության դեպքում է միայն հնարավոր հաջողություն գրանցել: Դրանք մտավոր ու կազմակերպական լուրջ աշխատանքներ են, որոնք պահանջում են շտաբի գոյություն, արտաքին ու ներքին իրադարձություններին հետեւել ու եզրահանգումներ կատարել, քաղաքական դաշտում դաշնակիցներ ձեռք բերել, ժողովրդի շրջանում քարոզչական ու բացատրական աշխատանքներ տանել, ԶԼՄ-ների հետ գրագետ աշխատանք իրականացնել, ռեժիմի «թունավոր» քայլերին հետեւել ու դրանց «հակաթույները» գտնել եւ այլն,- նշում է Սարոյանը եւ եզրակացնում:- Դրանից հետո է միայն, որ թիմի յուրաքանչյուր անդամ գործի է լծվում եւ հավատում է իր հաջողությանը: Գործի է լծվում ոչ թե նրա համար, որ հավատարիմ է իր լիդերին, եւ իր համար նշանակություն չունի, թե իրեն ուր կտանի լիդերը, ոչ թե նրա համար, որ ղեկավարներն ամեն ինչ գիտեն ու հաշվարկել են ամեն քայլ, այլ նրա համար, որ ինքն անձամբ է իր ամեն քայլը ծանրութեթեւ արել ու տեսել իր վրա թափվող հնարավոր «լավայի» զորությունը, տեսել է իր ու թիմակիցների համատեղ գործողություններն այդ «լավայի» ալիքները չեզոքացնելու գործում ու անձամբ պատրաստ է գնալ զրկանքների` վերջնանպատակին հասնելու համար: Թող ինձ ներեն բոլոր ազնիվ մարդիկ, բայց Շանթը եւ նրա հավատարիմ ընկերները, բավարարելով հեղափոխականին ներկայացվող կամային բարձր որակների ցենզը, սակայն, երեկ մնացին «լավայի» առաջին իսկ ալիքի տակ: Նման «հեղափոխությունները» դատապարտված են ի սկզբանե»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]