Ինչ որ բան այն չէ, պարոն Գալուստ

Ինչ որ բան այն չէ, պարոն Գալուստ

Սերիալներում հաճախ նկատած կլինեք, սցենարիստը մոռանում է, որ տվյալ հերոսը կամ հերոսուհին անսահման չար կերպար է եղել, սկսում է բարիացնել կերպարն այնպիսի ծայրահեղ դրսևորմամբ, որ փշաքաղվում ես՝ էս մե՞զ է սկլերոզի տեղ դրել, թե՞ ինքն է սկլերոզ: Քաղաքականության մեջ սկլերոզ սցենարիստի դերը կատարում է Գալուստ Սահակյանը: Հետևում եմ նրա մեկնաբանություններին և ուղղակի ցնցվում՝ տողից մինչև հաջորդ տողը հակասում է իրեն: Նախ նա նշում է, որ Շանթ Հարությունյանն ազատվել է բանտից հոգեկան խանգարումների պատճառով: Սա նշանակում է, եթե չեմ սխալվում, որ նման խնդիրներով մարդը կարող է վտանգավոր լինել հանրության համար: Բայց Գալուստ Սահակյանը հաջորդ տողում մոռանում է, որ դա ասել է և շարունակում է մեկնաբանել. «Բողոքողներն ազատ են իրենց բողոքն արտահայտելու հարցում, բայց հարձակվելն ու կոշտ գործողություններ կատարելը հանցածին են»: Ինչպե՞ս կարող է հոգեկան խնդիրներ ունեցող մարդու համար նման գործողություններ անելը հանցածին լինել,- սա առաջին,- իսկ երկրորդ անհամատեղելին այն է՝ ինչպե՞ս կարելի է հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն թույլ տալ, որ օրը ցերեկով մարդիկ հավաքագրի ու նման հեղափոխական կոչեր անի, փայտեր կուտակի, բենզինի շշեր ապահովի: Նման պարագայում եթե ոստիկանությունը տեղյակ է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի, ինչու՞ է թույլ տրվել, որ իր հետ վտանգի ենթարկի տասնյակ մարդկանց: Հանրությունն իրավունք չունի՞ մտածելու՝ հանցածինն այն օրգանն է, ով տեղյակ լինելով հանդերձ այդ իրողությանը, նախապես միջոցներ չի ձեռնարկել: Սա սովորական տրամաբանության սահմաններում: Իսկ մեր երկրի կարգ ու կանոնն իմանալով, կարելի է նաև այսպես մտածել՝ կե՞ղծ են արդյոք Շանթի հոգեկան խնդիրներ ունենալու փաստաթղթերը: Ո՞վ է կեղծել, ինչու՞ համար, որպեսզի բանտից ազատվի՞… Այսքա՞նը միայն: Ես չեմ պատկերացնում մի պետություն, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձին թույլ տա, որ բենզինի շշերով իր վրա գնա կամ գնալու հայտարարություն անի: Գնահատական տալուց առաջ այստեղ լուրջ ճշգրտում է պետք: Ինչ որ բան այն չէ, պարոն Գալուստ:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ