Իմ նախկին սերը ու նրա բազում «սերերը»

Իմ նախկին սերը ու նրա բազում «սերերը»

Իմ նախկին սերը թերեւս ինձնից ավելի շատ կենդանիներ էր սիրում: Այնքան շատ էր սիրում, որ երբ մի օր սաստիկ հիվանդացա, նա մի փոքրիկ տուփ նվիրեց ինձ: Ես տարակուսեցի, այնտեղ ամենեւին չէր կարող ադամանդե քարով մատանի լինել, տուփը ստվարաթղթից էր եւ բավական անշուք:



 



Այնուամենայնիվ, բացեցի այն` մեջը փոքրիկ խամյակ էր: Դե, քանի որ սիրահարված էի, ինձ երջանիկ զգացի, միայն թե սարսափում էի կենդանիներից զզվող իմ տատից: Ինչ անել: Որոշեցինք պստիկ կրծողին յուղի ամանի մեջ դնել ու գաղտնի պահել մահճակալիս տակ: Մեկ շաբաթ հաջողվեց թաքցնել տատիցս: Հանում-սիրում էի փաղաքշագին` նախկին սիրուս նվերը, կերակրում էի ու դնում տեղը: Մինչեւ որ տատս բռնացրեց, ու ստիպված էինք նախկին սիրուս վարձած տուն տեղափոխել Զորիկին (այդպես էինք անվանել նրան): Մեկ շաբաթ անց կենդանիներ պաշտող նախկին սերս հանկարծ հասկացավ, որ Զորիկին անհապաղ սեքս է պետք, թե չէ կսատկի:



 



Եվ քանի որ նա կենդանիների մեծ պաշտպան էր, իսկ ես՝ նրա ցանկացած որոշում ցնծագին եւ սիրահարված ընդունող արարած, շտապեցինք կենդանիների մասնագիտացված խանութ: Այնտեղ ընտրեցինք իսկապես շքեղ գեղեցկուհու, որը փարթամ մորթի ուներ, աչքերն էլ կարծես սուրմայով գծած: Երջանիկ եկանք տուն: Զորիկի եւ գեղեցկուհու սիրային խաղերը մի քանի օր տեւեցին:



 



Խեղճ Զորիկն ուժասպառ էր եղել` գեղեցկուհին չէր տրվում` ֆշշացնում ու չանչում էր սիրահարված Զորիկին: Իսկ հաջորդ օրը մենք Զորիկին արյունլվիկ ու սատկած գտանք: Իմ սերը շատ բարկացավ ու անմիջապես որոշեց գեղեցկուհուն, որպես նախաճաշ, տալ բակի կատուներից մեկին, հետո, որպես կենդանիների մեծ պաշտպան, վերցրեց ու նորից ետ տարավ կենդանիների մասնագիտացված խանութ: Զորիկի պատմությունից հազիվ շունչ էինք քաշում, իմ սերն ինձ որոշեց թութակ նվիրել: Թութակի համար գնեցինք հատուկ վանդակ, կեր, եկանք տուն: Սերս ինձ մոռացավ եւ ամբողջ օրը խոսում էր թութակի հետ, փորձում նրանից գոնե մեկ բառ կորզել, սակայն Ֆոման այդպես էլ չխոսեց: Իմ նախկին սիրո հերթական նվերը կատուն էր, իսկ հաջորդը՝ շունը ու եւս մեկ խամյակ: Նրանք բոլորն ապաստան էին գտել նախկին սիրուս վարձած բնակարանում, որի տերը շուտով սիրեցյալիս` իր բոլոր կենդանիների հետ միասին, դուրս պետք է հաներ բնականաբար: Ու երբ մենք բոլորովին անտուն` թութակին իր վանդակով, խամյակին` տուփի մեջ դրած, շանն ու կատվին գրկած, բավական դժբախտ թակեցինք իմ ընկերուհու դուռը, վերջինս բացելուն պես գոռաց ու դուռը մեր վրա փակեց` ասելով, որ ֆոբիա ունի կատուներից:



 



Վերջը ելքը գտանք, իմ նախկին սերը մի ընկեր ուներ, որի ընտանիքը շատ էր սիրում կենդանիներ: Մենք գնացինք նրանց տուն ու ապաստան խնդրեցինք: Մեր կենդանիներն իրենց գլխին տանիք ունեցան, նույնիսկ ընկերներ` մեկ ծովախոզուկ ու ձկներ: Նրանց տունը երկհարկանի էր, ու նրանք այնքան էին սիրում կենդանիներին, որ նրանց 20-ամյա աղջիկը միայն մեկ երազանք ուներ` տանը պահել ընձուղտ, տան միջից առաջին հարկի առաստաղի վրա կլոր անցք բացել, այնպես, որ ընձուղտը կարողանա գլուխը հասցնել երկրորդ հարկ ու ապրել այդպես:



Ահա… չէ, մի բան էլ կա, իսկ երբ ես ու իմ նախկին սերը բաժանվեցինք, նրա ընկերն ասաց, որ այդ բաժանումը նա ծանր է տանում, հարցիս՝ ինչո՞ւ, պատասխանեց. «Տանը 200 հատ թութակ է պահում»:



 



ՀԳ - Աղջիկներ, հեռու մնացեք կենդանիներին հիվանդագին սիրող տղաներից: Հիշեք՝ տղամարդը կամ կին է սիրում, կամ` կենդանի: 



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ