ՀՀԿ-ի փաստացի և ԲՀԿ-ի բարոյական հաղթանակը

ՀՀԿ-ի փաստացի և ԲՀԿ-ի բարոյական հաղթանակը

Կիրակի օրը Արարատի «ճակատամարտն» ավարտվեց ՀՀԿ-ի փաստացի և ԲՀԿ-ի բարոյական հաղթանակով: Համենայնդեպս, ԲՀԿ-ականների երեկվա հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ «նման պայմաններում» մոտ 300 ձայնի առավելությունը ՀՀԿ-ի հաղթանակ ներկայացնելը «մեղք է»: Փաստ է, որ ՀՀԿ-ական Հայկ Հայկանը, հաղթելով ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին, կարգվեց Արարատի քաղաքապետ:



 



Իրականում պատմության գիրկն անցավ ևս մեկ հայկական ավանդական ընտրություն` իրեն բնորոշ բոլոր դրսևորումներով: ԲՀԿ-ականներն աղաղակեցին բազում «ընտրակեղծիքների» մասին, վարչական լծակների կիրառման, կուտակումների և ավանդական այլ կեղծիքների մասին, սակայն նրանց համար հատկապես տարակուսանքի առիթ տվեց ընտրողների աննախադեպ ակտիվությունը: Այստեղ ընտրություններին մասնակցել են 8 հազար 931 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 67,57 տոկոսը (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13 հազար 218): Սա ԲՀԿ-ականների մոտ լուրջ կասկածների տեղիք է տվել, որ քվեարկության են մասնակցել ոչ միայն արարատցիները: Ընդհանրապես չէին դադարում լուրերը երկկողմ ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ:



 



Ուշագրավն այն է, որ թեպետ ԲՀԿ-ականները համատարած հայտարարեցին, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները հավատարիմ մնացին իրենց ընտրակեղծարարական ավանդույթներին ու ոճին՝ անցկացնելով ՀՀԿ թեկնածուին, սակայն իրավական հարթությունում կամ թեկուզ քաղաքական ակցիաների հարթությունում կուսակցությունը չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները:



 



Երեկ զրուցեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ընտրությունների օրն իր խմբակցության ողջ կազմի հետ Արարատում դեսանտ իջեցված Լյովա Խաչատրյանի հետ, ում դուրս էին հրավիրել ընտրատեղամասից, որտեղ նա առանց համապատասխան վկայականի ներկայացել էր իբրև վստահված անձ: Նա նույնպես անիմաստ է համարում ընտրությունների արդյունքները բողոքարկելը, քանզի գործող Ընտրական օրենսգիրքն իրենց հաջողությունը չի ապահովի։



 



Լյովա Խաչատրյանի հետ հարցազրույցը՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։