Վահան Հովհաննիսյանը ՀԱՊԿ-ի մասին և ոչ միայն

Վահան Հովհաննիսյանը ՀԱՊԿ-ի մասին և ոչ միայն

Հետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն նախագծերից ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետը, գործունն ու կայացածն է:



 



Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Սպառնալիքներն ու մարտահրավերները Հարավային Կովկասում ու ՀԱՊԿ-ում» զեկույցով:



 



«Հայաստանի համար ԵՄ «Արևելայն գործընկերության» նախագիծն առայժմ հետաձգվել է, քանի որ այդ քաղաքականությունում ԵՄ-ն ամբողջ պատասխանատվությունը գցեց իր նոր գործընկերների վրա՝ Մերձբալթյան պետությունների, Լեհաստանի, Ռումինիայի: Հին Եվրոպան պարզապես չէր ներգրավվում այս նախագծի մեջ: Դա հանգեցրել է որոշակի բացասական արդյունքների»,-ընդգծել է Հովհաննիսյանը, հավելելով, որ ԵՄ հռետորաբանությունը անխուսափելի հակառուսական երանգավորում է ստացել: Ռուսաստանի շատ քաղաքական շրջանակներ չհասկացան, որ Հայաստանի «Արևելյան գործընկերության» քաղաքականությունում հատուկ տեղ է զբաղեցնում և բոլորովին այլ օրակարգ ունի:



 



Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն տարբերվում է նրանով, որ այնտեղ կարողանում են համատեղել ազգային շահերը. «ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաև ինտեգրման մյուս ասպեկտների վրա»-շեշտել է քաղաքական գործիչը:



 



Ինչ վերաբերում է Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպմանը՝ Վահան Հովհաննիսյանը այդ հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի, քանի որ դրանց համար ինչ-որ հիմքեր են պետք. «Ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության նոր նախարարի, կառավարության նոր անդամների, պատգամավորների և հենց Ադրբեջանի նախագահի վերջին ամիսների հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս, որ իրենց մոտեցումներում ինչ-որ բան փոխվել է, որ նրանք դարձել են ավելի զիջող և իրատես»:



 



Այդուհանդերձ բարձր գնահատելով և ընդգծելով երկու նախագահների կայանալիք հանդիպման կարևորությունը, Վահան Հովհաննիսյանն շեշտել է, որ կոնկրետ այդ հանդիպումից ինքը մեծ ակնկալիք չունի, քանի որ նման հանդիպումները, ի վերջո, կիսաբաց են թողնում խաղաղության տանող դուռը:



 



Հարցին, թե կարելի է՞ ՌԴ նախագահի Հայաստան այցը դիտարկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու նախապատրաստության համատեքստում, Հովհաննիսյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր նման այցելություն որոշակի նպատակներ է հետապնդում և թելադրված է որոշակի անհրաժեշտությամբ. «Չպետք է մոռանալ, որ օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա փետրվարին Երևանը, ավարտելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը, պատրաստ կլինի Մաքսային միության անդամակցությանը»:



 



Անդրադառնալով օրերս ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի հանդիպման ժամանակ ռուս պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Ցանկացած ինտեգրացիոն գործընթացներում ազգամիջյան շփման կամ տնտեսվարող սուբյեկտների լեզուն միասնական դարձնելու առումով որոշ քայլեր կատարվում են: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Օրինակ` չնայած նրան, որ Անգլիան ամենաքիչ ներգրավված պետությունն է Եվրամիությունում, բայց, այնուամենայնիվ, անգլերենը այնտեղ համատարած կիրառվում է դիվանագիտական, տնտեսական, կրթական և այլ ասպարեզներում»:



 



Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Եվրասիական միության կամ Մաքսային միության տարածքում նման դեր կարող է խաղալ ոչ թե հայերենը կամ ղազախերենը, այլ ռուսերենը. «Բայց կան նաև ուրիշ բաներ Եվրոպայում, որոնք կարելի է ընդօրինակել: Այնտեղ անդամ բոլոր երկրների ազգային լեզուները ճանաչվում են արժեք բոլորի համար, և դրանց ուսումնասիրության և դրանց անկումը կասեցնող միջոցառումները բավականին լուրջ տեղ են զբաղեցնում»:



 



 



Ինչպես քաղաքական գործիչն է նշել՝ Հայաստանի ՄՄ-ին անդակամցելուց հետո ռուսական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի հայաշատ վայրերում հայերեն լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ:



 



Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել են Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի մասնաճյուղը, ՀԱՊԿ Անալիտիկ ասոցիացիան, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ու «Հայ-ռուսական համագործակցության» կազմակերպությունը: