Մարգվելաշվիլին «կհիշեցնի» անգլիական թագուհուն

Մարգվելաշվիլին «կհիշեցնի» անգլիական թագուհուն

Նոյեմբերի 17-ին կայացած՝ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության պահից սկսած Վրաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը:



 



Նախ՝  երկիրն անցել է կառավարման խառը ձևին՝ այսինքն՝կիսանախագահական -  կիսախորհրդարանական մոդելին, իսկ նոր Սահմանադրության համաձայն էլ երկրի նախագահի լիազորությունները զգալիորեն նվազում են: Վերջինիս լիազորությունների թուլացման հետ մեկտեղ ուժեղանում է երկրի խորհրդարանն ու կառավարությունը:



 



Նոր Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը դառնում է ներկայացուցչական անձ (դա փոքր-ինչ հումորով անվանում են անգլիական թագուհու կարգավիճակ): Նա, ինչպես և՝ նախկինում, հանդիսանում է երկրի ղեկավարը, Սահմանադրության երաշխավորը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Սակայն նախագահն այլևս չի որոշում ներքին և արտաքին քաղաքականությունը, չունի օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու և կառավարության կողմից սահմանված կանոնակարգի դադարեցման իրավունք։



 



Նախագահն իրավունք չունի նշանակել կամ փոփոխել նախարարներին, սակայն կարող է ներում շնորհել բանտարկյալներին, քաղաքացիություն և պետական մրցանակներ շնորհել։



Նախարարներին նշանակելու հարցով կադրային փոփոխություններ անելու պատասխանատվությունն այսուհետ կրում է երկրի վարչապետը։