Բագրատյանը, ինչպես միշտ, «քաղցր» կյանք ապահովեց կառավարության համար

Բագրատյանը, ինչպես միշտ, «քաղցր» կյանք ապահովեց կառավարության համար

Երբ բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում էր ԱԺ հանձնաժողովներում, Հրանտ Բագրատյանը Կիևում էր, և քննարկումները խաղաղ ու անաղմուկ էին անցնում: Վեճեր չկային: Ոչ մի առարկություն կառավարությանը, ոչ մի սուր ելույթ: Նույնիսկ ԶԼՄ-ները գրեթե չէին անդրադառնում թեմային: Թե ինչ թերի փաթեթ է ներկայացրել կառավարությունը, պարզ դարձավ, երբ նախկին վարչապետը վերադարձավ Ուկրաինայից և ԱԺ ամբիոնից կետառկետ ներկայացրեց իր դիտարկումները բյուջե-2014-ի վերաբերյալ: Կետերից առաջինն իսկ սենսացիա էր պարունակում՝ եկամուտների մասին ընդամենը 6 տող է գրված: Բյուջեում կան ծախսեր, բայց չկան եկամուտներ: Բյուջեի շուրջ մթնոլորտը թեժացավ:



 



Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց Բագրատյանին, որ ոչ թե 6 տողով են նշված բյուջեի եկամուտները, այլ բազմաթիվ էջերում. «188 էջում եկամուտների ամփոփումն է, իսկ 121-128 էջերը բոլոր հարկատեսակներն են և կանխատեսումների բացվածքը»: Իսկ երկու օր առաջ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ուղղակի ափերից դուրս եկավ, երբ Բագրատյանը փորձեց պարզել, թե ինչու ԿԲ-ն բյուջեին եկամուտ չի բերել, իսկ եթե դրամի արժեզրկման պատճառով վատ վիճակում է հայտնվել, ապա ինչու տրանսֆերտների ստերիլիզացիա չի կատարում՝ շուկայից չի «քաշում» երկիր մուտք գործած հավելյալ արտարժույթը:



 



Բագրատյանի հարցն այնքան նյարդայնացրեց Արթուր Ջավադյանին, որ նա, չկարողանալով հիմնավոր պատասխան տալ, խախտեց պաշտոնական էթիկան, դատարկ, անհետաքրքիր և անհիմն որակեց Բագրատյանի կարծիքները, հետո, հավանաբար, ուշքի գալով, ձևականորեն հրավիրեց նրան ԿԲ՝ այդ հարցը քննարկելու: «Այս մարդը, գյուղինստիտուտն ավարտած, երբեք բանկիր չի դառնա: Նա երբեք չի հասկանա ժամանակակից կենտրոնական բանկի էությունը: Մարդը կանգնել, ամբիոնից կմկմում էր ու չէր կարողանում ապացուցել, թե ուր է այն 180-200 միլիարդ եկամուտը, որ պիտի գար ու էս ժողովրդին տրվեր», - հակադարձեց երեկ Բագրատյանը: Նաև գործադիրի վերջին նախագծերի իր գնահատականներն ամփոփեց լրագրողների առաջ:



 



Ֆինանսների նախարարը ստել է: Պաշտոնապես հայտարարում եմ, նախարարի հայտարարած 9 էջը վերաբերում է ինչ-որ թղթերի, ուղերձների: Նրանք ասում են՝ բյուջետային փաթեթ: ԱԺ-ն փաթեթ չի ընդունում, այլ ընդունում է բյուջեի մասին օրենք, որով հաստատվում են ծախսերը, բայց եկամուտները չեն հաստատվում: Արդյունքում հարկայինն ստանում է մի թիվ՝ 1 տրիլիոն 184 մլրդ, որը ոնց ուզում է, պետք է հավաքի: Մինչդեռ տրամաբանությունը, Սահմանադրությունը, բոլոր այլ երկրների փորձն ասում են՝ ցույց տուր հարկայինին տնտեսական աճի ոլորտները, ցույց տուր հարկատեսակները և ասա, որ գնա, այստեղից այսքան հավաքի: Եթե ես որպես հարկային ստանում եմ մեկ տողով բյուջե, ապա հավաքում եմ այնտեղից, որտեղից կարողանում եմ հավաքել, այսինքն՝ փոքր բիզնեսի հաշվին:



 



Տեղական ինքնակառավարմանը բյուջե չենք տալիս: ՏԻ ծախսերը 110 մլրդ են: 110-ից գույքահարկը և հողի հարկը, նաև որոշ փոքր վճարներ ընդամենը 25 մլրդ են: 80 տոկոսն ստանում է Երևանից, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, այդ մարմիններին պետք է թողնեն եկամտահարկի և շահութահարկի մի մասը: Օրինակ, եթե դուք ծնվել եք Խնձորեսկում, և ձեր եկամտահարկը կազմում է 40 հազար դրամ, ապա դրա կեսը ձեր հաշվապահը պարտավոր է փոխանցել Խնձորեսկի բյուջե: Այդ դեպքում Խնձորեսկը Խնձորեսկ կդառնա, և բոլորը չեն թողնի գնան այդտեղից: Սա կլինի իսկական բարեփոխում: Բայց ՏԻ մարմնին ասում են՝ չէ, բյուջե մի ստացիր: Դու ներկայացրու ծախսերի նախահաշիվ, ֆինանսների նախարարը քեզ փող կտա կամ էլ չի տա: Հիմա պատկերացրեք, որ ընդդիմությանը հաջողվել է Վանաձորում անցկացնել սեփական թեկնածուի: Այդ թեկնածուն չի կարողանա աշխատի, ավելի լավ է հանրապետական լինի:



 



Հավանական է, որ նախագահն ստիպված կլինի ցրել այս կառավարությունը: 10 ամսվա արդյունքներով երևում է, որ տնտեսական աճը կլինի 2-2,5 տոկոս: Իրենք կփորձեն նկարել 4 տոկոս: Անցյալ տարի էլ 3,8-ի փոխարեն 7,2 նկարեցին: Գումարելով տարբերությունները, ստանում ենք, որ իրենք 4,9 տոկոսի փուչիկ, օդ ունեն տնտեսական աճի մեջ: Անընդհատ խաբելով՝ նրանք ստանում են ահա այսպիսի պատկեր, որն ունենք Հայաստանում:



 



Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին: Ես ունեմ բոլոր երկրների պատկերը, մի 7 երկիր պարտադիրով սկսել են, հետո հասկացել են, որ այսպես չի լինում: Եթե սա պարտադիր կուտակային համակարգ է, ապա թող փողը գնա պետական բյուջե: Ինչո՞ւ եք ինձնից օրենքով պոկում, տանում, ձեր ընկերոջը տալիս փողը: Սա Տիգրան Սարգսյանի գործելաոճն է: Երբ որ թույլ է եղել, այսպիսի օրենքներով ՀՀ բարձրագույն ղեկավարությանը բիզնես է մատուցել, որպեսզի իրեն պահեն աշխատանքի:






Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ