Այդքան ասֆալտ․ մեկ-մեկ էլ մանկապարտեզ վերանորոգե՛ք

Այդքան ասֆալտ․ մեկ-մեկ էլ մանկապարտեզ վերանորոգե՛ք

Ամառային Երեւանի փոշին ու շոգն արդեն, ավանդույթին հավատարիմ, ուղեկցվում են անպատճառ ասֆալտ փռելու համատարած գործընթացով: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ինչպես կարելի է ասֆալտապատումից գումարներ դուրս գրել եւ յուրացնել: Դրա համար նույն տեղում գրեթե ամեն տարի ¥հատկապես կենտրոնական փողոցներում), գրեթե տարվա նույն ամիսներին հայտնվում են ասֆալտագործներն իրենց ծանր տեխնիկայով: Վերջին մի քանի տարում այդ գործընթացը թափ է առել նաեւ ծայրամասերում, որովհետեւ ճյուղը եկամտաբեր է եւ եթե եկամտաբեր է, ինչո՞ւ չծավալվել մայրաքաղաքով մեկ: Այս օրերին էլ Աջափնյակում շարունակվում է ասֆալտապատումը, քանդված են Հալաբյան փողոցի մայթերը: Քաղաքացիներն անցումներն անցնելիս կամ կանգառին մոտենալիս ստիպված են թռիչք կատարել, որպեսզի չընկնեն կոմունիկացիաների համար նախատեսված փոսերի մեջ: Մարդիկ համոզված են, որ այդ փոսերը կմնան մինչեւ գարուն, իսկ ամռան կեսին նորից կաթվածահար կլինի երթեւեկությունը՝ դարձյալ ասֆալտի պատճառով:



 



Մինչդեռ, եթե մեկ անգամ այն կատարվեր որակով, հաջորդ տարիներին նույն բանը կրկնելու կարիք չէր լինի, իսկ խնայված միջոցներով կարելի էր դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Եթե նկատել եք, մայրաքաղաքի՝ քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող մանկապարտեզների գերիշխող մասն անմխիթար վիճակում է: Դրանք հիմնականում կառուցվել են 30-50 տարի առաջ, երբ ջեռուցումը, շենքի պահպանությունը ոչ մի խնդիր չէին առաջացրել: Հիմա այդ շենքերում վերանորոգված է ընդամենը մի քանի սենյակ, մյուսներն իրենց վրա կրում են պատերազմի, մութ ու ցուրտ, անգործության տարիների տխուր հետքերը:



 



Չափից մեծ պատուհանները, ջարդված շիֆերները, որի պատճառով հաճախ շենքերը կաթում են, խոնավության, ցրտի պատճառ են դառնում:



 



Հալաբյան փողոցի վրա գտնվող թիվ 40 նույնպես 50-ից ավելի տարվա պատմություն ունի: Ճիշտ է, վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, սակայն 3 մետրանոց պատուհաններով, այն էլ՝ բազմաթիվ, այդ շենքի ջեռուցումը, կարծում ենք, դյուրին եւ էժան չէ: Հատկանշական է, որ մանկապարտեզին անմիջապես կից գտնվում է դարձյալ քաղաքապետարանին պատկանող՝ ջրային կառույցներն սպասարկող երկհարկանի ժամանակակից շենքը, որն ամուր է, գեղեցիկ եւ ապահով: Հարց է առաջանում. արդյո՞ք  այս շենքի մարդիկ են ավելի շատ կարեւոր, քան մանկապարտեզի երեխաները: Չէ՞ որ նույն հիմնարկությունը (քաղաքապետարանը) ցանկության դեպքում կարող էր մի քիչ էլ այս ու մայրաքաղաքի մյուս մանկապարտեզների մասին հոգալ, թեկուզ ասֆալտի հաշվին, որն ընդամենը մեկ տարվա կյանք ունի, իսկ 50 տարեկան մանկապարտեզի շենքերը դեռ երկար կծառայեն, եթե օրերից մի օր տիրոջ սրտացավություն իջնի քաղաքապետարանի ղեկավարության կարծրացած հոգիներին:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ