Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, քաղցրս, արի, արի…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, քաղցրս, արի, արի…

«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, քաղցրս, արի, արի…»,- բարձր երգում է երթուղային տաքսու ռադիոընդունիչը: Ղեկին նստած մոտ 30 տարեկան անթրաշ երիտասարդը հավեսով ու անկանոն պտտում է ղեկը՝ գլուխը տմբտմբացնելով երգի ներքո: Գլխավերեւում ու պատուհանի ապակիներին ինչ պատկեր ասես, որ չես տեսնի. մեկը խաչված Հիսուսի նկարն է, կողքին՝ Քիմ Քարդաշյանի «քամակը», գլխավերեւում զառեր են կախված ու լիքը գունավոր փափուկ խաղալիքներ` մուկ, օձ... Ահա այսպիսի տեսարանով ու երգով, անկանոն վայրիվերումներով սլանում ենք առաջ: «Տղա ջան, հլը լուրերը դիր՝ տեսնենք ի՞նչ էղավ, Ռուսաստանին միանո՞ւմ ենք, թե՞ չէ»:



 



Շրջվում եմ ձայնի ուղղությամբ` կեպկայով, բեղերը մինչեւ դունչը հասած, մեծ ժպիտի արանքից փայլող ոսկե ատամով մի տղամարդ է, այսպիսիներին իր ասած Ռուսաստանում Խաչիկ են ասում…: Ղեկը պտտեցնելով՝ վարորդն ասում է. «Գնանք փրկվենք, չէ՞, հոպար»: «Հա՛, բալես, բա ի՞նչ…»: Ինձ ծանր մղձավանջի մեջ եմ զգում: Ուզում եմ մի բան ասեմ` նայում եմ նրանց դեմքերին… ախր ի՞նչ ասել: Մի տեսակ զգում եմ, որ օդը չի հերիքում. անկանոն քշելուց, թե վարորդի ու «հոպարի» խոսակցությունից է, չգիտեմ, սրտխառնոց եմ զգում: Խնդրում եմ կանգնեցնել երթուղայինը:



 



Արագ իջնում եմ ոչ իմ կանգառում: Հայտնվել եմ խաչմերուկների ուղիղ կենտրոնում, որտեղ բացի սառը աշնան քամուց ոչինչ չկա: Դավադիր լռություն է շուրջբոլորս: Իսկ ո՞ւր գնալ: Արդյոք այդ երթուղայինն իմ փոքրիկ հայրենիքի փոքրիկ մակետը չի՞, արդյոք մեր երկրի ղեկն իր ձեռքը վերցրած մարդը նման չի՞ այս վարորդին, որը գլուխը տմբտմբացնելով՝ տանում է մեզ Ռուսաստանի կանչող «վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, քաղցրս, արի, արի…» երգի ներքո: Արդյոք այն, ինչ կախված էր վարորդի գլխավերեւում, մեզ շրջապատող իրականությունը չի՞:



 



21 տարի չարժեւորված քրիստոնեական գաղափարներ, որի կողքին տարիներ շարունակ զանգվածային լրատվամիջոցները ցուցադրեցին Քիմ Քարդաշյանի հսկայական «քամակը», զառերով տարված նախագահ, նրա կողքին՝ ժողովրդին քամահրական ժպտացող մկներ, օձեր եւ այլ կենդանիներ: Իսկ ո՞ւր գնալ... կտրուկ կանգնեցնել երթուղայինը, հայտնվել անորոշ խաչմերուկներում: Այո՛, այսպես ավելի լավ է, մի քիչ մտածելու, մի քիչ սթափվելու ժամանակն է:



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ