ԼՐԱԳՐԱՅԻՆ ՇԱՆՍՈՆ

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՇԱՆՍՈՆ

ԶՈՆՏԻԿԴ ԲՌՆԵՄ






Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական հեռագիր էր հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ եւ նշել… Դե հիմա ի՞նչ կարեւոր է, թե ինչ է նշել:



 



ԵՎՐԱՇՈԿ






Եվրամիությունը շոկի մեջ է հայտնվել: Ոչ ոք այնտեղ չի հասկանում, թե ինչպես կարելի է եվրաասոցացնել ամբողջ Մաքսային միությունը` հանուն Հայաստանի եվրաասոցացման:



 



ԱՖԻՇ



Եթե Տիգրան Սարգսյանը չխանգարի, ապա փետրվարի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:



 



ԲԱՐԲԱՐՈՍԱ






Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կա մի կետ, որ վրիպել է ուշադրությունից: «Օրենքի կիրառումը» գլխի տակ նշված է. «պլան ա) կենսաթոշակների համար գումարները աշխատավարձերից գանձել կազմակերպված ձեւով, եւ պլան բ) չենթարկվողներին աշխատավարձի օրը փողոցում տփել եւ աշխատավարձի 5-10 տոկոսը ձեռքից վերցնել:



 



ՍՈՉԻ






Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ բոբսլեյիստուհին փակված է մնացել հյուրանոցային համարի զուգարանում: Դեպքի վայր է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի մեկ մարտական հաշվարկ: Շատ չանցած` բոբսլեյիստուհուն բոբի հետ անվնաս դուրս են բերել զուգարանից: Հենց այդ ժամանակ մեկ այլ ահազանգ է ստացվել, որ նույն հյուրանոցի վերելակում է մնացել ԱՄՆ լեռնադահուկորդների թիմը: Ամերիկացիները, պարզվել է, չեն հասկացել վերելակի դռանը փակցված ռուսերեն գրությունը` «դահուկները հանեք, նոր մտեք խցիկ»: