Ուկրաինայում մեկնարկեց նախագահական ընտրարշավը

Ուկրաինայում մեկնարկեց նախագահական ընտրարշավը

Փետրվարի 25-ին Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը: Հենց այսօրվանից սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, ինչը կտևի մինչև մարտի 30-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։



Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է 2.5 մլն գրիվեն գումար վճարել։ Փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 4-ն է։



ԿԸՀ-ն պետք է մինչև մարտի 15-ը ստեղծի 225 շրջանային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է ներառված լինի նվազագույնը 12 մարդ։ Շրջանային ընտրական հանձնաժողովներն իրենց հերթին պարտավոր են մինչև ապրիլի 4-ը ստեղծել ընտրատեղամասեր։



Նախնական վիճակով նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներ են համարվում Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու «Եվրամայդանի» ակտիվիստ, հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն։



Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պարտականությունները կատարում է Ալեքսանդր Տուրչինովը, ով նաև կատարում է խորհրդարանի խոսնակի ֆունկցիաները: