Պահանջում են վճարել չտրամադրված ինտերնետի համար

Պահանջում են վճարել չտրամադրված ինտերնետի համար

 «Եթե մեր ինտերնետը անջատված է, ինչու մենք պետք է վճարում կատարենք այն ամիսների համար ևս, որի ընթացքում ծառայությունից չենք օգտվում և մեգաբայթ չենք ծախսում» -նման բողոքով այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քննարկմանը հանդես եկավ սպառող Ռաֆայել Կրոյանը։






ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ իրենք ևս նման բողոքներ բազմիցս ստացել են և ուսումնասիրություններ կատարել (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների՝«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների ոլորտում։






«Ընկերությունները իրենց կողմից նախատեսել են այնպիսի դրույթներ, որը հնարավորություն է տալիս բաժանորդներից գումար գանձել այն ժամանակահատվածի համար, երբ վերջինիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ բաժանորդները պետք է վճարեն միայն փաստացի օգտագործած ծառայության համար։ Շաբոյանը տեղեկացրեց, որ ընկերությունների վարած նման քաղաքականությունը օրենքի խիստ խախտում է, եթե օրենքով ենք շարժվում ապա, ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի վճարումները կատարելու պարտավորությունը։






ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ իրենց կողմից որևէ ծառայություն չի մատուցվել: