Մոլն առանց գրքամոլի

Մոլն առանց գրքամոլի

«Գրքերի առաջին հրատարակությունների հետևից եկած ձևամոլներն ավելի շատ էին, քան գրականության սիրահարները, շատ էին էժան դասագրքերի գները սակարկող ուսանողները, իսկ ամենաշատն անորոշ հայացքի տեր կանայք էին, որ ծննդյան նվերներ էին փնտրում իրենց զարմիկների համար»:



Ջորջ Օրուել, «Գրախանութային հուշեր»



Երևանի սպառողական կյանքի հորիզոնում ուրվագծվում է երրորդ մոլը` նախկին ՑՈՒՄ-ի՝ «Մանկական աշխարհի» տեղում: Երրորդ մոլի բրենդինգը դեռ չի ավարտվել, անունը դեռ հայտնի չէ, բայց մի բան կարծես պարզ է` ինչպես նախորդ երկուսում, այստեղ ևս դժվար թե գրախանութ լինի:



Գրախանութը գեղեցիկ է հեռվից, երբ շատ ես մոտենում, այն ոչնչով չի տարբերվում խանութից և սպառողական կյանքի օրենքներով ապրող մյուս օբյեկտներից, և միայն գրքի իսկական, բնազդային սիրահարը կարող է չհիասթափվել` մոտիկից այն տեսնելով:



Գրքի վերնագիրը և հեղինակի անունը չմտաբերող, միայն կազմը աղոտ հիշող, լավը վատից չտարբերող ընթերցողն ինչով է առավել կամ պակաս հագուստ ու սնունդ սպառողից, մնում է միայն ենթադրել: Մտքիս եկած առաջին ենթադրությունը սովետական հիշողություններ է արթնացնում: Գրքի գողը գող չի, հետևաբար` գրքի մոլագարն էլ մոլում տեղ չունի:



Երբ մի քանի տասնամյակ առաջ հայտնի ռուս գրողներից մեկն արևմուտքում առաջարկում էր գրքեր վաճառել նաև դեղատներում և սուպերմարկետներում` գրականությունն ավելի հանրայնացնելու նպատակով, նրա առաջարկն այնքան էլ միանշանակ չէր ընդունվում: Ով իմանար, որ 21-րդ դար թևակոխած Հայաստանի համար մի քանի հարկանի և բազմազբաղ մոլում անգամ դասական ոճի գրախանութի համար տարածք չի գտնվի: Եվ չի գտնվի, որովհետև չի մտածվի: Մոլում գրախանութի բացակայությունը հուշում է` գրքամոլները Հայաստանում դեռ առանձին կաստա են` սպառողական աշխարհից հեռու և օտար:



Լավ է, չէ՞, բացել գրական թերթը կամ ամսագիրը և գրական նյութ կարդալ: Սա մեկուսի գրախանութն է: Դարձալ լավ է, չէ՞ (մեկ-մեկ` ավելի լավ), բացել սովորական օրաթերթը կամ շաբաթաթերթը և լուրերի կողքին հայտնաբերել գրական նյութ: Սա գրախանութն է մոլում: Մանկական գրքեր, ամսագրեր, գրական առարկաներ, մասնագիտական գրականություն, օրացույցներ, էջանիշեր, նոթատետրեր, էժան դետեկտիվներ ու սիրավեպեր, էլ ի՞նչ է պետք մոլում հայտնվելու համար:



Գրախանութներն այսօրվա Երևանում ապրում են աննկատ կյանքով: Դրանք շատ չեն, ցրված են հիմնականում Երևանի կենտրոնով և ոչ մեկի աչքը չեն մտնում, բովանդակության բազմազանությամբ էլ առանձնապես աչքի չեն ընկնում:



Գրախանութներում ռուսերենը շարունակում է գերակայել անգլերենի, տեղ-տեղ նաև հայերենի նկատմամբ: Եթե քո ուզած, մի բան էլ էժան հագուստը կարող ես պատվիրել համացանցի խանութների օգնությամբ, նույնը չես կարող ասել գրքի համար: Չգտնելով քո ուզած գիրքը քո քաղաքում, դու ստիպված ես ավել վճարել` այն դրսից գնելու համար` հաճախ սնանկանալու գնով:



Ասում են քաղաքը լավ բաների քաղվածքն է, ուրեմն պետք է լավ գրքեր քաղել` լավ քաղաք ունենալու համար: Էլ ինչ քաղաք` առանց գրախանութների բազմազանության:



P.S. Անցյալ տարեվերջին Երևանի գրախանութներից մեկում պատահաբար լսեցի, որ մեր քաղաքի կենտրոնում պատրաստվում են կառուցել երկհարկանի մեծ գրախանութ` բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորությամբ, ընդ որում ասեցին` շինարարությունն արդեն սկսվել է:



Եթե լսածս իրականություն դառնա, և Երևանի կենտրոնում կառուցվի երկհարկանի մեծ գրախանութ, այն ոչ միայն կմտնի մարդկանց աչքը, այլև մրցակցություն կստեղծի: Գրախանութները կսկսեն խանգարել իրար: Թող խանգարեն, խանգարելը երբեմն ավելի է օգնում ընդհանուր գործին, տվյալ դեպքում` գրախանութային: Հակառակ դեպքում մնում է Օսիպ Մանդելշտամի նման հոգոց հանել` только детские книги читать, только детские думы лелеять, все большое далеко развеять…



Սեդա Շեկոյան