Սվարովսկի քարերո՞վ, թե՞ Ջենիֆեր Լոպեսի նկարով դագաղ

Սվարովսկի քարերո՞վ, թե՞ Ջենիֆեր Լոպեսի նկարով դագաղ

Դեռեւս Հին Եգիպտոսում փարավոններն ահռելի գումարներ,  մարդկային ռեսուրսներ էին ծախսում իրենց հանդերձյալ կյանքը  հարմարավետ եւ ճոխ կազմակերպելու համար: Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը  կազմակերպեց  ապագայում սպասվող  իր հուղարկավորության փորձերը, որպեսզի կողքից տեսնի իրադարձությունը: Հայաստանում էլ հնարավորություն կա նախապես կազմակերպելու ինքներս մեր հուղարկավորությունը, ընտրելու դագաղը, քարը եւ մնացածը:



 



 «Լավագույն ավանդույթները շարունակվում են». եթե առաջներում մարդիկ «երես էին տալիս»  իրենց՝ բազմաթիվ լացկան կանանց վարձակալությամբ, ապա այսօր մենք կարող ենք թույլ տալ մեզ բազմաթիվ այլ նորամուծություններ, որոնք պակաս չեն շոյի մեր արդեն սառած մարմինները: Ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»:



 



Հայաստանում, բացի Նար-Դոս փողոցում գործող խանութ-սրահներից, գործում են նաեւ թաղման բյուրոներ, որոնք սովորական են արտասահմանցիների համար, սակայն նոր՝ հայերիս համար:



 



Որքա՞ն ենք մենք պատրաստ վճարել հարազատին հանդերձյալ կյանք ճանապարհելու համար: Ինչպես հարսանեկան արարողությունները, այնպես էլ հուղարկավորության կազմակերպումն ու ճոխությունը կախված է ձեր գրպանի պարունակությունից:



 



 Համեստ հաշվարկներով, ամենաէժան հուղարկավորությունը, որը կուղեկցվի առանց երաժշտության, ծաղիկների եւ առանց հոգեհացի, կարժենա միջինը 70-ից 100  հազար դրամ:



 



Մեր մարմինը կդիահերձվի ընդամենը 12.500 դրամով, առանց զմռսման, եւ մենք ճանապարհ կընկնենք դեպի հանդերձյալ աշխարհ 25 հազար դրամանոց դագաղով, գերեզմանաքարի փոխարեն կունենանք մետաղե ցուցատախտակ:



 



Ամենաշատը որքա՞ն կարող ենք ծախսել եւ ի՞նչ ճոխություններ կարող ենք մեզ թույլ տալ:



 



Գոյություն ունեն թանկանոց դիահերձման եւ զմռսման տեսակներ. կախված այն բանից, թե որքան եք ցանկանում պահպանել ձեր տեսքը, գործում են գնային տարբեր սահմաններ: Դիահերձման թանկանոց ծառայությունների մեջ է մտնում ձեզ լողացնելը, գեղեցիկ հագցնելը, դիմահարդարումը, եթե ցանկություն ունեք՝ նաեւ մազերի ներկումը:



 



Ամենաթանկարժեք դագաղը, որը հանդիպեցի թաղման բյուրոներից մեկում, արժեր 10 մլն դրամ: Դագաղի թանկությունը մեծապես կախված է փայտանյութից, դագաղի մեջ կարվող կտորի որակից, ձեւավորումից,  փորագրությունից:



 



Ինձ տեղեկացրին, որ վերջերս վաճառել են նաեւ սվարովսկի քարերով զարդարված դագաղ: Եթե մի օր ձեր մտքով անցնի, որ դագաղի վրա պետք է պատկերված լինի, ասենք, Ջենիֆեր Լոպեսը, չհապաղեք, այն անիրականանալի չէ:



 



Ամենամատչելի մեքենան, որը կարող է տեղափոխել դագաղը, 18 հազար դրամ է, ամենաթանկը՝ մինչեւ 200 հազար: Սրահի վարձակալությունը կարժենա 100-200 հազար դրամ: Կախված այն բանից, թե ինչ երաժշտություն եք նախընտրել կյանքում, հնարավորություն կա ընտրություն կատարել «ժիվոյ մուզիկա» դուդուկի եւ լարային քառյակների միջեւ, որը կարժենա 40-60 հազար դրամ՝ 1 ժամը: Բայց եթե դուք այնքան «չտես» եք, որ դա էլ ձեզ չի բավականացնում, կարող եք 100 հազար դրամով գերեզմանոցի մոտ պատվիրել օթյակ՝ աթոռներով եւ հատուկ սեղանով, որի վրա դրվում է դագաղը: Մի խոսքով այն, ինչ ժողովրդական լեզվով հայտնի է «հանգստի քար» անունով: Կարող եք օգտվել հատուկ վերելակից, որն առանց դժվարության ձեզ կիջեցնի փոսը: Կամ հրավիրել հատուկ մարդկանց, ովքեր կգան տեղափոխելու դագաղը կամ հանդիսավոր բռնելու «նվեր ստացածը ծաղիկներ»:



 



Ինչու ոչ, կարող եք ճոխ հոգեհաց կազմակերպել համադամ խորտիկներով եւ հոգեթով խմիչքներով: Չնայած հոգեհացի ավանդական ուտելիքը շարունակում է մնալ խաշլաման, բայց կան մարդիկ, ովքեր նախընտրում են նաեւ 2-րդ ուտեստ, ասենք՝ ձուկ:



 



Եվ վերջապես գերեզմանաքարը: Ահա մի ոլորտ, որտեղ հայերով շատ նման ենք հին եգիպտացիներին, քանի որ որքան մեծ եւ ճոխ լինի հանգուցյալի դամբարանը, այնքան մեր պատիվն է: Երբեւէ հանդիպե՞լ եք այնպիսի գերեզմանոց, որտեղ եթե սեղան ու աթոռ դնեք, հաստատ լավ ռեստորանից ավելի գեղեցիկ տեսք կունենա:



 



 Հայաստանի կառավարության որոշմամբ այս տարի կկառուցվի առաջին դիակիզարանը: Արդյոք դիակիզարանը միանշանակ կընդունվի բոլորի կողմից, թե ոչ, ասել չեմ կարող, սակայն հնարավորություն կտա ձերբազատվելու այն ավելորդություններից, որոնց համար վազվզում են հանգուցյալի հարազատները:



 



ՀԳ. Չնայած այստեղ էլ հաստատ կհորինվեն նոր միջոցներ՝ փողերը ցույց տալու եւ հարազատին «պատվով ճանապարհելու» համար:



 



Սիրան Հունանյան