Թբիլիսիում բացվել է Րաֆֆուն նվիրված հուշատախտակ

Թբիլիսիում բացվել է Րաֆֆուն նվիրված հուշատախտակ

Մարտի 13-ին ք.Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում, Ճոնքաձե փողոցի №3 հասցեում որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի Քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ հուշատախտակի ստեղծումը ֆինանսավորել է հայ բարերար Սամվել Աղեկյանը:



 



Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնավորապես ասաց. «Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը առաջադրող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի Հիշատակարանը, Խենթը և այլք: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը»: 



 



Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ : 



 



Պարոն դեսպանը իր խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր աջակցել են այս ծրագրի իրականացմանը` Պարոն Սամվել Աղեկյանին, որը այս հուշատախտակի գլխավոր ֆինանսավորողն է, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավային, ինչպես նաև Միխայիլ Թադևոսովին, որը «ակտիվորեն հետամուտ էր լինում քաղաքապետարանի հետ թե՛ նամակների, թե՛ բանակցությունների միջոցով, որպեսզի այս միջոցառումը հնարավորինս շուտ իրականություն դառնա»:



 



«Սա անհատական և եզակի դեպք չէ, սա այն նախաձեռնությունների շարքի մեջ է մտնում, որը արդեն մեկ տարի է մենք Թբիլիսիի քաղաքային իշխանությունների հետ իրականցնում ենք, փորձում ենք Թբիլիսիի հայկական ժառանգության հետքերը վերագտնել և ամրագրել: Օրինակ անցյալ տարի մենք բացեցինք Արամյանցի հուշատախտակը, այս տարի Րաֆֆուց բացի մենք պատրաստվում ենք բացել Վիկտոր Համբարձումյանի և Մանթաշովի հուշատախտակները, իսկ ֆինանսավորումը իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ, այսինքն մասնակիոնրեն քաղաքապետարանը, մասնակիորեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` առանձին բարերարների օգնությամբ: Իսկ թե ինչո՞ւ հուշատախտակի բացումը տևեց երկու տարի, իրականում սրանք բյուրոկրատական խնդիրներ են, քաղաքապետարան է, որտեղ դիմումներ պիտի ստանան, քննարկվեն այդ դիմումները համապատասխան կառույցներում, որոշումից հետո արդեն կազմակերպչական աշխատանքներ տարվեն: Այն որ ուշ է եղել, դա մեծ խնդիր կամ ողբերգություն չեմ համարում, կարևորը, որ կարողացանք դա անել», - ի պատասխան «Միություն» լրատվական կենտրոնի հարցին, թե ինչպե՞ս ծնվեց Րաֆֆու հուշատախտակի բացման գաղափարը և ինչո՞ւ այն ձգձգվեց գրեթե երկու տարի, ասաց դեսպան Հովհաննես Մանուկյանը:



 



«Մենք ուղիղ երկու տարի առաջ, 2011թ.ի ապրիլին, երբ բացում էինք Գ.Սունդուկյանի անվան հուշատախտակը, հենց այդտեղ Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցչին ներկայացրինք այն տասը հայ անվանի գործիչների անունների ցանկը, որոնց հուշատախտակները մենք կարծում ենք, որ անպայման պետք է լինեն: Րաֆֆու հուշատախտակի բացման համար մեզ անհրաժեշտ եղավ երկու տարի, այնինչ այս հարցը կարելի էր լուծել մեկ շաբաթվա ընթացքում, ինչպես օրինակ, Գ.Սունդուկյանի դեպքում, որի հուշատախտակը մենք բացեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ Րաֆֆու հուշատախտակի բացմանը մենք հասանք տանջալի աշխատանքի շնորհիվ: Անկեղծորեն կասեմ` ինչո՞ւ. Քաղաքապետարանում մեզ ասացին, որ եթե մենք ըստ ձեր ցուցակի շարժվենք, ապա մենք Թբիլիսիում կունենանք մի Ամանորյա տոնածառ, որն աբմողջությամբ զարդարված կլինի հայտնի հայկական անուններով», -«Միություն» լրատվական կենտրոնի հետ զրուցելիս ասաց Միխայիլ Թադևոսովը:



 



Դե՛ ինչ… Շնորհավորում ենք բոլորիս, որ քաղաքում ավելացավ այս հողի վրա մեր նախնիների թողած հետքի մասին  հիշեցնող  ևս մեկ հուշատախտակ:



 



Սովորաբար, նման հոդվածների վերջում ներկայացվում են կարճ կենսագրական տվյալներ: Կարելի էր համառոտ ներկայացնել Րաֆֆու կենսագրությունը, բայց մենք դա չենք անի:



 



Հիշենք միայն մի բան`



 



Երբ Րաֆֆին գրում էր իր պատմական վեպերը, մեր Երկրիը գտնվում էր օտարների լծի տակ: Եվ այդ վիճակում գտնվում էր շատ վաղուց: Այնքան վաղուց, որ հայրենի հողի վրա ապրող ժողովուրդն արդեն չէր էլ մտածում ազատության մասին: Բազմադարյա ֆիզիկական գերությունը ժողովրդին ստրուկ էր դարձրել նաև հոգեբանորեն: Ժողովուրդը սովորել էր լինել ոչ ազատ, իսկ զավթիչներն ամեն ինչ անում էին, որպեսզի դա այդպես էլ շարունակվեր: Եվ ահա հայտնվում է Րաֆֆու կերպարը, որն իր վեպերի էջերից հիշեցնում է ժողովրդին իր անցյալի մասին, արթնացնում է նրա մեջ ազգային հպարտության զգացումը, և մատնանշում է միակ ճշմարիտ ուղին, որով անցնելով, հայ ժողովուրդը կկարողանա ձեռք բերել Անկախություն և վերապրել:



 



Րաֆֆին այն մութ ժամանակների  քչերից մեկն էր, ով իր ողջ ստեղծագործությամբ ծառայում էր մեր ժողովրդի ազատագրության գաղափարին: Ազատագրություն` առաջին հերթին հոգեբանորեն, այլապես հնարավոր չէր լինի ֆիզիկական ազատությունը, եթե հոգու խորքում դու շարունակում ես ստրուկ մնալ: Րաֆֆու բազմամյա աշխատանքը տվեց իր պտուղները: Արդեն իր կյանքի վերջում Րաֆֆին տեսավ, որ ազգը սկսում է արթնանալ: Տեսավ, որ ազգը կենդանի է, և ուզում է ազատ լինել: Մի քանի տարի անց ազգը ոչ միայն արթնանում էր, այլև կոնկրետ քայլեր էր ձեռնարկում ազատություն գտնելու, իր նախնիների հողերին տնօրինելու համար: Սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, որը մի քանի տարի անց հանգեցրեց Հայակական պետականության վերականգնմանը: Պայքար, որը շարունակվում է մինչ օրս և կտևի այնքան, քանի դեռ չեն վերամիավորվել մեր նախնիների հողերը:



 



Այո՛: Հուշատախտակների բացումը, հատկապես այնպիսի հանճարների, ինչպիսին Րաֆֆին է, շատ կարևոր է: Ծայրահեղ կարևոր է: Բայց պակաս կարևոր չէ, որ մենք շարունակենք կարդալ նրա ստեղծագործությունները:



 



Եվ վերջում հարգանքի տուրք մատուցելով Մեծն հային և շարունակելով նրա սուրբ գործը` ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Սամվել» պատմական վեպի հառաջաբանից:



 



«Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է: Նա պատկերացնում է իր մեջ՝ թե ինչպես է ապրել և ինչպես գործել  մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորությունները, պատկերացնում է նրա մտավոր ու բարոյական հատկությունները, մի խոսքով, ներկայացնում է հնադարյան մարդուն իր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխվել և ներկա սերնդի համար մոռացվել էր: Գրելով «Սամվելը», ես նպատակ եմ ունեցել՝ ներկայացնել մի այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից:



 



Պատմական վիպասանին նյութ է մատակարարում ինքը պատմությունը և այն հիշատակարանները, որ պահել են իրենց մեջ անցյալի հիշատակները և ավանդել են ապագա սերնդին:



 



Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմությունը:



 



Մենք կարդում ենք նրա մեջ մեր թագավորների, մեր իշխանների անունները, ծանոթանում ենք նրանց ներքին կռիվների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թե ո՛րը ո՛րքան տարի տիրեց, կամ ի՛նչ լավ և վատ գործեր կատարեց,- այդ բոլորը գիտենք մենք: Բայց թե ի՞նչպէս էր կազմակերպված նրանց ընտանեկան կյանքը, ի՞նչ սովորություններ ունեին, ի՞նչպէս էին հագնում, ի՞նչ տեսակ տների մէջ էին ապրում, մի խոսքով, իբրև մարդ, նրանց ընտանեկան և հասարակական կենցաղավարության մասին՝ մեր պատմությունը, եթե չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է:



 



Բայց վեպի համար հարկավոր է ընթացիկ, շարժուն կյանքը իր բոլոր երևույթներով, և ոչ թագավորների կամ իշխանների աշխարհակալության կամ պարտության չոր ու ցամաք տարեգրությունը:



 



Մեր պատմության մեջ գրեթե բոլորովին մոռացված է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագավորներից և իշխաններից, բացի հոգևորականներից և զինվորներից, Հայաստանում կար և ժողովուրդ, որ ապրում էր, որ իր կյանքն ուներ, որ իր տոները, հանդեսները և ցնծություններն ուներ, և որի հոգեկան և բարոյական հակումները արտահայտվում էին այս և այն հասարակական երևույթների մեջ: Մեր պատմության մեջ ժողովուրդ չկա, կան միայն տիրապետողներ: Մենք չգիտենք, ի՞նչպէս էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ էր իր տերերի հետ, կամ ի՞նչ էր ուտում և ի՞նչ էր հագնում, և ի՞նչ տեսակ զվարճություններ ուներ: Մենք չգիտենք, թէ ի՞նչ էր շինում հայոց արհեստավորը, ո՞ր երկրների հետ առևտուր ուներ հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը: Մեր պատմությունը լուռ է այդ բոլորի մասին: Բայց վեպի համար դրանք կարևոր են:



 



Մեր պատմության մեջ մոռացված է և մեր ժողովրդի մի նշանավոր տարրը`  կինը: Մենք ծանոթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կյանքը իր բոլոր մանրամասներով մեզ անհայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպես ամուսին, ի՞նչ էր նա, որպես մայր, ի՞նչ դեր է խաղում, որպես ընտանիքի և հասարակության անդամ, - այդ մենք չգիտենք: Մենք չգիտենք նաև, թե ի՞նչպես էր հայտնվում նա ժողովրդական տոների և հանդեսների մեջ, կամ ի՞նչ աստիճան էր մասնակցում նրա ուրախություններին և տրտմություններին: Իսկ առանց կնոջ վեպ կարող չի լինել. կինն է նրա ոգին և կենդանությունը:



 



Եւ այդպես, մեր պատմությունը, իբրև չոր ու ցամաք տարեգրություն, խիստ նվազ նյութ է տալիս մի վիպասանի, որով նա կարողանար նկարել անցյալի ճիշտ պատկերը իր բոլոր երևույթներով:



 



Ինչ որ թերի է թողել պատմությունը, կարող էին լրացնել բանաստեղծական գրվածքները, եթե մեզ հասած լինեին: Բայց մենք չունենք ո՛չ Էսքիլեսի և Սոֆոկլեսի ողբերգությունները, և ո՛չ Հոմերոսի և Վիրգիլիոսի դյուցազնական հագներգությունները: Մեր հին գրականությունը դուրս չեկավ եկեղեցական շրջանակից: Մեր հեղինակները գրեցին մեկնության ստվար գրքեր, հռետորական ճառընտիրներ, գրեցին փիլիսոփայական և աստվածաբանական աշխատություններ, բայց ո՛չ մի վեպ, ո՛չ մի դրամա կամ կոմեդիա չտվեցին մեզ:



 



Մեր հին գրականության մեջ, թեև կյանքի և սովորությունների, ընտանեկան և հասարակական կազմակերպության լիակատար նկարագիրներ չկան, բայց կան հազիվ նկատելի նշմարներ, փոքրիկ բեկորներ, որոնք ի մի ամփոփելով, պարզելով և դասավորելով, կարելի էր, եթե ոչ բոլորովին ամբողջական, գեթ մասնավոր գաղափար կազմել պատմական հայի կյանքի մասին:



 



Այդ աշխատանքը պետք է մեր արդի հնախոսության գործը լիներ: Բայց մեր հնախոսությունը այդ մասին դեռ շատ աննշան գործ է կատարել: Մեր հնախոսութիւնը դեռ դուրս չի եկել այն նեղ, սահմանափակ շավիղից, ինչ շավիղով որ ընթացել է պատմությունը: Պատմությունը խոսում է միայն թագավորների, իշխանների և հոգևորականութեան մասին. հնախոսությունը նույնպես զբաղված է նրանցով: Մեր հնախոսութեան մեջ կյանքի քննադատությունը, իր բոլոր երևույթներով, խիստ աննշան տեղ է բռնում: Կարդալով Ինճիճյանի երեք պատկառելի հատորները, չի կարելի մի պարզ հասկացողություն կազմել նախնական հայի կրոնի, պաշտամունքների, սովորությունների և ծեսերի մասին, չի կարելի տեղեկանալ, թե ի՞նչպես էր ապրում հայը իր տան և հասարակության մեջ:



 



Այդ բոլորից հետո, ինքնըստինքյան հասկանալի է, թե ո՛րքան դժվար է հայ վիպասանի համար պատմական վեպ գրել: Թե՛ հին և թե՛ նոր գրականությունը նրա համար բավական նյութ չի պատրաստել: Նա ինքը պետք է բոլորը ուսումնասիրի, նա ինքը պետք է բոլորը պատրաստի: Բայց ո՞րտեղից:



 



Արդյոք ունե՞նք մի թանգարան, որտեղ հայ վիպասանը մտնելով, տեսներ, թե ի՛նչ տեսակ զգեստ ունեին նախնի հայերը, ի՛նչ տեսակ զարդեր ու զենքեր ունեին, կամ ի՛նչ տեսակ տնային կարասիք էին գործածում: Արդյոք մենք ունե՞նք մեր հին արձանները, մեր հին նկարները: Ոչինչ չունենք: Իսկ այդ բոլորը պետք են պատմական վեպի համար: Եթե Վոլտեր Սքոտը և Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վեպեր, որոնց մեջ իր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կյանքը,  այդ հաջողությունը պետք է վերագրել ո՛չ այնքան նրանց տաղանդին, որքան նյութերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականությունը: Այդ երջանիկ վիպասաններին մնում էր միայն օգուտ քաղել արդեն պատրաստի նյութերից: Բայց հայոց դժբախտ վիպասանը ի՞նչ ունի: Նա պետք է ուժ տա իր երևակայությանը, իսկ լոկ երևակայությունը մի ճիշտ պատմական վեպ նկարել չի կարող:



 



Մեր գրականության չքավորության մեջ, անհրաժեշտ նյութերի պակասության մեջ, խոստովանուում եմ, որ իմ կողմից մեծ վստահություն էր՝ ձեռնարկել մի վեպ գրելու, որ նա պատմական ճիշտ նշանակություն ունենար: Բայց “Սամվելը” վաղուց իմ մտածումների առարկան էր դարձել: Խրախուսվելով այն գաղափարով, թե ո՛րքան մեծ կրթողական ազդեցություն ունի պատմական վեպը ընթերցողի համար, երբ նա տեսնում է իր նախնյաց մեծագործությունները և աշխատում է հետևել նրանց առաքինություններին, տեսնում է և նրանց մոլությունները, աշխատում է հեռու պահել իրեն նրանց կատարած սխալներից, այդ միտքը քաջալերեց ինձ: Ես սկսեցի գրել: Բայց թե ի՞նչ աղբյուրներից եմ օգուտ քաղել, ավելորդ չեմ համարում բացատրել իմ ընթերցողներին:



 



Նախ, ես օգուտ եմ քաղել այն հիշատակներից, որքան հաջողվել է ինձ գտնել մեր ազգային և օտարազգի գրականության մեջ: Երկրորդ՝ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես օգուտ եմ քաղել ներկա հայի կյանքից, այն չափով միայն, ինչ չափով պահպանվել է նա իր նախնական ձևի մեջ: Եթե մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Քսենոփոնի 24 դար առաջ նկարագրած գետնափոր խրճիթները, եթե մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հերոդոտոսի 24 դար առաջ նկարագրած մաշկապատ նավակները Եփրատ գետի վրա, ինչո՛ւ պետք է չմտածել, որ դեռ շատ բան չի փոխվել հայոց աշխարհում: Նոր քաղաքակրթությունը կարող էր ոչնչացնել, ինչ որ նախնական էր, ինչ որ հին դրոշմ էր կրում: Բայց Հայաստանում դեռ մնացել են այնպիսի խուլ, առանձնացած տեղեր, ուր ժողովուրդը դեռ ապրում է իր վաղեմի, ավանդական սովորություններով: Այդ տեղերը ես առիթ եմ ունեցել տեսնելու և նրանց կյանքը ուսումնասիրելու:



 



Համարելով հայերին նույն ցեղին պատկանող և ոչ այնքան տարբեր կյանքով ապրող մի ժողովուրդ, որպիսին էին հին պարսիկները և մեդացիները, ես առել եմ շատ բան պարսիկների և մեդացիների կյանքից, իհարկե, զանազանելով, ինչ որ ազգային առանձնահատկություն է և ինչ որ օտարամուտ է:



 



Հայոց կյանքի և սովորությունների վրա ոչ սակավ ազդեցություն են գործել և այն մեծ գաղթականները, որ հին դարերում, կա՛մ ինքնական եկել են և կա՛մ իբրև գերի բերվել են Հայաստան: Դրանցից մեծ տեղ են բռնել քաղդեացիք, ասորեստանցիք, պարթևները, հնդիկները, ճենացիք և հրեաները: Ես ի նկատի եմ ունեցելև նրանց սովորությունները:



 



Այդ բոլորը բացատրված է առանձին ծանոթություններով, որ կցված են գրքիս վերջում:



   



«Դավիթ-Բեկից» և «Պարույր Հայկազնից» հետո, «Սամվելը» իմ երրորդ պատմական գրական փորձն է: Այդ վեպի նյութը առնված է մեր պատմության IV-րդ. դարի անցքերից:» (Րաֆֆի,«Սամվել»,Հառաջաբան)