Կեչառիսը՝ առանց խաչի

Կեչառիսը՝ առանց խաչի

Երբ երկու հարեւան թշնամի հանրապետություններից մեկում ոտնձգություններ են կատարվում հայկական մշակութային արժեքների նկատմամբ, մենք տարբեր ձեւերով եւ միջոցներով արդարացիորեն փորձում ենք կասեցնել այն, որի արդյունքում կարծես նվազել են հայկական հուշարձանների հանդեպ վանդալիզմի դրսեւորումները: Իսկ այստեղ՝ մեր աչքի առաջ, մեր կողմից նման դրսեւորումներ՝ ինչքան ասես: Գառնի՝ քարերի սիմֆոնիա, հեթանոսական տաճար, Խոսրովի արգելոց եւ այլն: Չմոռանանք, որ մեր հանրապետությունը թե՛ Խորհրդային Միության, թե՛ անկախության տարիներին ազգաբնակչությամբ գրեթե միատարր է:



 



Ու եթե Խորհրդային Միության տարիներին եկեղեցիները պահեստների վերածողները կոմունիստներն էին, ապա այսօր դրանց հանդեպ հանցավոր վերաբերմունք դրսեւորողները պարզապես հայեր են: Ահավասիկ, Կեչառիսի վանքային համալիրը: Ի դեպ, համալիրի բարեկարգման, սուրբ սեղանների տեղադրման գործը կատարվել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ: Նշենք, որ համալիրը դրականորեն փոխվել է այդ աշխատանքներից հետո: Սակայն եկեղեցիների ետնամասը, որը քիչ թե շատ հեռու է աչքից, անխնամ է՝ ծածկված մացառներով, փշերով: Երեւույթը տարբեր պատճառաբանություններով փորձեց արդարացիորեն հիմնավորել եկեղեցու սպասավոր քահանան. մեկ՝ իբր գումար չկա, մեկ՝ որ հուշարձանների պահպանման գործակալությունն արգելում է ցանկացած միջամտություն: Սակայն պատճառաբանությունները, կարծում ենք, այնքան էլ տեղին չեն: Իսկ, ահա, համալիրից 170 մետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու գմբեթին մեկ տարուց ավելի բացակայում է խաչը: «Ո՞վ չգիտի ծաղկաձորյան սաստիկ քամիների մասին: Եվ այդ քամիներից մեկի ժամանակ խաչն ընկել է ցած»,- ասում է քահանան: «Չէ՞ որ եկեղեցին առանց խաչի եկեղեցի չէ»,- հակադարձում ենք: Քահանան նորից փորձում է պատճառաբանել:



 



Իսկ Կեչառիսում միջոցառումների, մոմավառության պակաս չկա. հարսանիք, կնունք՝ ինչքան ասես, այնպես որ՝ չնչին գումարներով կարելի էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, մինչեւ նոր «քավորի»՝ բարերարի հայտնվելը: Չէ՞ որ Աստծո եզակի այդ տները, որ դարերի խորքից ժառանգել ենք, որին մարդիկ հավատացել, երկրպագել են անգամ անհավատների իշխանության տարիներին, այսօր էլ ձգում են հավատավորին: Չնայած՝ անխաչ ու ինչ-որ տեղ՝ անխնամ:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ