Ժողովրդի դեմ խաղ չկա

Ժողովրդի դեմ խաղ չկա

Հուսանք, որ հիմա, երբ ԼՂՀ-ն պաշտոնապես հայտարարեց իր գնահատականը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի մասին, Ուկրաինայի սահմանադրության գիտակ հայ ուստա լրագրողները կդադարեն «այսպես կոչված՝ հանրաքվե»  արտահայտությունը գործածել Ղրիմի ժողովրդի կամարտահայտության այդ գործընթացի մասին: Իսկ ԼՂՀ արտգործնախարարությունը հստակ ասել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում»:



 



ԼՂՀ հայտարարության մյուս դասն էլ այն է, որ «իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու եւ ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է»: Դե, եթե Ուկրաինայի սահմանադրությամբ այս հասարակ բանը չի ընդունվում եւ ոմանց կողմից էլ չի հասկացվում, ապա դրանում նախեւառաջ Ուկրաինայի սահմանադրությունն է մեղավոր եւ ոչ թե Ղրիմի ժողովուրդը, որ իր հանրաքվեով որոշեց սեփական ճակատագիրը: Այսպես կոչված` Յացենյուկը չէ, որ պիտի որոշեր Ղրիմի ժողովուրդների ճակատագիրը:



 



ԼՂՀ հայտարարության մեջ երրորդ դասն էլ կա. «Վերջին տարիների փորձը եւ, մասնավորապես, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակն է: ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով»:



 



Շատ կուզենայի, որ մենք մի բան պայմանավորվեինք` առնվազն ամենացայտուն արտահայտված եւ անվիճելի հարցերում չբաժանվել երկու բանակի ու չտապակվել ուրիշի հոգսերով` մոռանալով մեր ճանապարհն ու մերը: Յուրաքանչյուր հայ մարդ, ով տաղանդ ու հնարավորություն ունի ԶԼՄ-ների ընդմիջից խոսել հասարակության հետ, պետք է դա անի ամենայն պատասխանատվությամբ, այնպես, որ չվնասի իրեն, իր ազգին, իր պետությանը:



 



Առանձին քաղաքական գործիչներ, ովքեր մանավանդ մուտք ունեն ԵԺԿ կոնգրեսներ, այսօր արդեն զղջում են իրենց, շատ ներողություն, հորթային հայտարարությունների համար, որոնցով պարզապես խայտառակվեցին օտար լսարանի առաջ: Նրանք այնպես քննադատեցին Ղրիմի հանրաքվեի գաղափարն ու այնպես դատափետեցին Ռուսաստանին, որ նույնիսկ ամենաարեւմտյան Արեւմուտքը զարմացավ: Այդ քաղաքական գործիչների հետեւորդներն այսօր այնպես են քննադատում կայացած հանրաքվեն, այնպես են ուրախանում Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների փաստով, ասես ռուսների սառեցվող հաշիվների կեսն իրենց է հասնելու: Ինչպես ասում են` իրենց գործն է, եւ իրենք ազատ են մտածելու այնպես, ինչպես հաճելի է իրենց: Բայց այդ նույն քաղաքական գործիչները որքան թշվառ են, որ, այդպիսի մտածողություն ունենալով հանդերձ, տարին մեկ-երկու անգամ ՀՀ ԱԺ-ի առաջ ԼՂՀ-ն ճանաչելու հարց են դնում: Բա չե՞ն մտածում, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, որ Հայաստանը կմեկուսացվի, կդիտվի որպես ագրեսոր, ինչպես հիմա իրենք են Ռուսաստանին ագրեսոր համարում:



 



Իրականում Արեւմուտքն է հայտնվել ծիծաղելի վիճակում` չընդունելով Ղրիմի հանրաքվեի օրինականությունը: Կատարված փաստ է, ի վերջո` քվեարկողների 96,3 տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելուն: Հիմա Արեւմուտքն ո՞ւմ դեմ է բողոքում: Ի՞նչ է նշանակում` մենք չենք ճանաչում հանրաքվեն: Է, մի ճանաչեք: Իսկ եթե այդքան սկզբունքային եք` դադարեցրեք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Չէ՞ որ նրա կազմում չճանաչված սուբյեկտ է հայտնվել: Եթե դրան չեն գնում, ուրեմն մնացածը խաղ է, որ անում են` պատժամիջոցներ, հայտարարություններ, բանաձեւեր, Սեւ ծովում ավիակիրներ, ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Երբ ժողովուրդը միահամուռ մի բան է որոշում: Ժողովրդի դեմ խաղ չկա:



Ժիրինովսկին լավ է ասել` Արեւմուտքը կաղմկի, կաղմկի` կլռի: Իսկ մենք կգնանք Ղրիմ՝ հանգստանալու:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ