Պտղի գերձայնային հետազոտությունը՝ արատները վաղ բացահայտելու միջոց

Պտղի գերձայնային հետազոտությունը՝  արատները վաղ բացահայտելու միջոց

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել պտղի վիճակը ներարգանդային զարգացման ընթացքում: Պտղի զարգացման արատների հայտնաբերման համար Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է երեքանգամյա սկրինինգ՝ գերձայնային հետազոտության միջոցով:



Առողջապահության նախարարության աշխատակազմի Մոր եւ մանկան առողջության պահպանման մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե կնոջ հղիության որ շրջանում ինչպիսի հետազոտություն է կատարվում: Առաջին գերձայնային հետազոտությունը կատարվում է կնոջ հղիության 11-14 շաբաթական ժամկետում, որի միջոցով որոշվում է պտղի օձիքային տարածության հաստությունը: «Եթե օձիքային տարածության հաստությունը գերազանցում է նորման, ապա կատարվում է բիոքիմիական հետազոտություն: Այսինքն՝ այդ սկրինինգային հետազոտությամբ առանձնացվում է այն խումբը, որը պոտենցիալ կարող է զարգացման արատով պտուղ ունենալ»,- ասում է տիկին Ավագյանը: Ըստ նրա, հղիների բիոքիմիական սկրինինգը, որի միջոցով որոշվում են հղի կանանց արյան մեջ որոշակի սպեցիֆիկ նյութերը՝ «մարկերները», ուղղված է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը հայտնաբերելուն (Դաունի համախտանիշ եւ որոշ բնածին արատների զարգացում):



Եթե բիոքիմիական հետազոտության արդյունքները նորմայից շեղված են լինում, ապա, Գայանե Ավագյանի խոսքերով, կնոջն առաջարկվում է ինվազիվ հետազոտություն, որպեսզի, եթե հաստատվի պտղի զարգացման արատը կամ քրոմոսոմային խանգարումները, կամ դաունը, հղիությունն ընդհատվի այդ ժամկետում: Հղի կանանց երկրորդ սկրինինգ-հետազոտությունը կատարվում է 18-20 շաբաթական ժամկետում: Այն արվում է պտղի սրտի կառուցվածքի գնահատման համար: Առաջին հետազոտության ժամանակ պտղի սիրտը դեռ կազմավորված չի լինում, այդ պատճառով էլ, ինչպես մեր զրուցակիցն է նշում, հղիության 18-20 շաբաթականում անպայման կատարվում է երկրորդ՝ էխոսկոպիկ հետազոտությունը, որպեսզի կարողանան գնահատել պտղի սրտի կառուցվածքը. «Եթե կա բնածին արատ, ապա այդ հետազոտության միջոցով որոշեն, թե ինչպիսի բնածին արատ է, եւ եթե կյանքի հետ համատեղելի է, ապա երեխան կծնվի ու անմիջապես կտեղափոխվի սրտաբանական հետազոտման, հետհսկողության մեկ կամ երկու տարեկանում շտկման: Եթե այդ արատը կյանքի հետ համատեղելի չէ,  դրվում է հղիությունն ընդհատելու հարցը: Ինչո՞ւ 18-20 շաբաթականում, որպեսզի ոչ թե կինը ծննդաբերի, այլ դա լինի վիժում»:



Երրորդ հետազոտությունը կատարվում է 32-34 շաբաթական ժամկետում, որպեսզի որոշվեն պտղաջրերը, պլացենտան, պտղի դիրքը, քաշը եւ այլն: Գայանե Ավագյանը նաեւ ներկայացրեց, թե որ հղիներն են համարվում ռիսկի խումբ: Ռիսկը մեծանում է, եթե կինը 35-ից բարձր տարիքային խմբում է, եթե կինն ընտանիքում ունի քրոմոսոմային ախտահարումներով երեխա կամ հղիության ընթացքում օգտագործել է որոշ բուժանյութեր, ասենք՝ հակաէպիլեպսիկ եւ այլ դեղեր:



Ազգակցական ամուսնությունների դեպքում եւս հղի կինը համարվում է ռիսկի խումբ, սակայն, տիկին Ավագյանի խոսքերով, բարեբախտաբար, Հայաստանում նման ամուսնություններ տեղի չեն ունենում. «Մեզ մոտ յոթ պորտ են հաշվում, նոր միայն ամուսնանում»: Բայց, մասնագետի ներկայացմամբ, մենք այսօր շատ քիչ ունենք օտար ազգերի հետ ամուսնություններ, ինչն այնքան էլ դրական երեւույթ չէ ազգի գենոֆոնդի թարմացման առումով: «Օտարազգիների հետ ամուսնությունը գենոֆոնդը շատ թարմացնում է, երբ փոքր պոպուլյացիայում է անընդհատ ամուսնություններ տեղի ունենում, մուտացիաների հանդիպելու հավանականությունը մեծանում է, իսկ այլ պոպուլյացիաների ներմուծման պարագայում այդ խնդիրն ավելի լուծելի է դառնում, այդ պատճառով, կենսաբանական տեսանկյունից, օտարազգիների հետ ամուսնությունները խրախուսելի են: Մեր ժողովուրդը գենոֆոնդի թարմացման խնդիր ունի»,-ասում է Գայանե Ավագյանը: Նա ավելի շատ կողմնակից է օտար ազգերից հարսնացուներ բերելուն, քան մեր հարսնացուներին օտարներին տալուն:



Ռիսկի խումբ են համարվում նաեւ իրար հաջորդող երեք եւ ավելի  վիժում ունեցող կանայք: Այդ կանայք պետք է պատշաճ հետազոտություն անցնեն: Ալկոհոլ, թմրանյութ, ծխախոտ օգտագործող տղամարդկանց հղի կանայք կամ այդ նյութերն օգտագործող կանայք նույնպես ռիսկի խմբում են, եւ նրանք, Գայանե Ավագյանի խոսքերով, պարտադիր անցնում են բիոքիմիական հետազոտություններ՝ հղիության զարգացման ընթացքում զանազան շեղումները՝ պտղի զարգացման արատները բացահայտելու նպատակով:



Մասնագետը խորհուրդ է տալիս բեղմնավորման ժամանակ եւ հղիության ողջ ընթացքում խուսափել վնասակար նյութեր օգտագործելուց: Ըստ նրա, երեխայի ծնվելուց անմիջապես հետո կատարվում են նորածնային սկրինինգներ, որոնք նույնպես ուղղված են երեխայի զարգացման արատների վաղ հայտնաբերմանը:



Ռիսկի խմբում են նաեւ այն հղի կանայք, որոնք կամ նրանց ամուսինը բեղմնավորումից առաջ ենթարկվել է ճառագայթման:



 



Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ