Օպերայի տնօրենի պաշտոնի մրցույթում որևէ թերացում չկա. Հասմիկ Պողոսյան

Օպերայի տնօրենի պաշտոնի մրցույթում որևէ թերացում չկա. Հասմիկ Պողոսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարարից հարցրեց, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվելու նախարարը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի ժամանակ:




Ի պատասխան, Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ ոչ թե ինքն է առաջնորդվելու, այլ մրցութային հանձնաժողովն է առաջնորդվելու և որ հաղթողի հարցում շատ կարևոր է լինելու թեկնածուների ներկայացրած՝ ՕԲԱԱԹ-ի զարգացման հայեցակարգը:




«Ինձ համար մի քիչ անհասկանալի է, որ թեկնածուները, այսօր գիտեք… ո՞վ է, ո՞վ չի, ինչ չափանիշներ պետք է ունենան, գիտե՞ք ինչ կա՝ Կառավարման ոլորտը որոշակի հատկանիշներ պահանջող անհրաժեշտություն է, և այստեղ միայն ինչ-որ մի ոլորտի գիտելիքներ, կարծում եմ, որ բավարար չեն լինելու»,-ասել է մշակույթի նախարարը:




Ի պատասխան Շուշան Պետրոսյանի հարցի, որ իր տեղեկացմամբ՝ թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել հայեցակարգ, Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ բոլոր 9 էլ ներկայացրել են փակ փաթեթներ, որոնք կնքված ներկայացվել են, և որևէ թերացում չկա:




«Դրա համար, ես կխնդրեի, մանավանդ Օպերայի հարցում, խնդրում ենք մի քիչ զգույշ լինենք, հանգիստ լինենք: Այսօր առաջինը ընտրվում է տնօրեն և ընտրվում է բոլոր փուլերի կանոնները պահպանելով: Չի նշանակվում, որ վաղը չմեկնաբանվի, թե ո՞ւմ նշանակեցին, ի՞նչ սկզբունքով»,-ասաց Հասմիկ Պողոսյանը և պատգամավորին առաջարկեց մոլության մեջ չգցել հասարակությանը:



 



Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, որը կայանալու է ապրիլի 4-ին:   Պատգամավորի խոսքով՝ օպերայի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ, և դրան մշակութային համակարգում բացառիկ դեր է վերապահված: Ըստ Վարդանյանի` ավելի ճիշտ կլիներ մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել այդ թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խոր քննարկումներ անցկացնել, մոդելի ընտրություն կատարել, մշակել զարգացման հայեցակարգ, ռազմավարություն և նոր միայն առաջ գնալ: Աղվան Վարդանյանը նշել էր նաև, որ այդ խնդրանքով ԱԺ ՀՅԴ խմբակցությանն է դիմել աշխարհահռչակ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: