Ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով

Ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված:



 



 Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը և հավելում, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները: «Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին: Նշվեց, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Տեղեկացվեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն:



 



Արտակարգ իրավիճակների եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ: Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվեց սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը: Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները»,- ասված է կայքի տարածած հաղորդագրության մեջ: