Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին

Օմբուդսմենը սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցը




Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները




· Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:




· Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:




· Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
· Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:




· Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
· Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
· Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:




· Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:




· Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:




· Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ:

Արձանագրված դրական զարգացումները
· ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
· ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
· ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման: