Պոպուլիզմով շաղախված գյուղատնտեսական վարկեր

Պոպուլիզմով շաղախված գյուղատնտեսական վարկեր

Կառավարությունն առաջիկա նիստում կընդունի որոշում` այս տարվա ապրիլի 1-ից վերսկսելու գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:



Այս նպատակով 2014թ. բյուջեում նախատեսված է շուրջ 875,5 մլն դրամ գումար: Նկատենք, որ ծրագիրը գործում է արդեն մի քանի տարի եւ հնարավորություն է տալիս շահառուներին առեւտրային բանկերից համեմատաբար մատչելի պայմաններով (տվյալ դեպքում` 14%-ով) ձեռք բերել վարկեր, որոնց 4%-ը, իսկ առավել անբարենպաստ համայնքներում` 6%-ը սուբսիդավորում է պետությունը: Իհարկե, այսօր շատ քիչ երկրներում է, որ 8-10%-ով հայթայթված վարկը համարվում է ձեռքբերում, այն էլ` գյուղատնտեսության ոլորտում, որն ամենառիսկայինն է: Բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, ինչպես ասում են, թալանի մեջ են, իսկ գյուղացուն կանխիկ գումար է հարկավոր` սեզոնային աշխատանքները վերսկսելու: Այնպես որ, այս ծրագիրն ինչ-որ տեղ փրկօղակ է, ինչ-որ տեղ էլ` «ցածր» տոկոսադրույքներով գյուղացուն գայթակղելու հաջողված խայծ. մեկին օգնում է, տասին` թակարդը գցում: 



 



ՎԱՐԿ ՏԱՄ, ՎԱՐԿ ԱՌՆԵՄ






Ընդհանուր առմամբ, 2011-2013թթ., ըստ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկանքի, գյուղատնտեսությունում տնտեսվարողներին «մատչելի» տոկոսադրույքով, որը տվյալ դեպքում 14%-ն է,  տրամադրվել են 54,7 մլրդ դրամի վարկեր, որոնք պետության կողմից սուբսիդավորվել են 4 կամ 6%-ով: Շահառուների թիվը կազմել է 63 հազար, իսկ մեկ շահառուի հաշվով տրամադրված վարկի միջին չափը` 868 հազար դրամ: Այսինքն` խոսքը տվյալ դեպքում փոքրածավալ վարկերի մասին է, որոնց մարումն անգամ գյուղացիների համար մեծ հոգս է: Նկատենք, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման այս ծրագրով տրամադրվող վարկի առավելագույն չափը 3 մլն դրամ է, իսկ մարման ժամկետը` 24 ամիս:



 



Իհարկե, այս դեպքում դժվար է ասել` գյուղատնտեսության մեջ  տնտեսվարողնե՞րն են ավելի զգուշությամբ մոտեցել իրենց ընձեռված հնարավորություններին` ավելի փոքր գումարներ վերցնելով, թե՞ այդ հնարավորությունները, այնուամենայնիվ, սահմանափակվել են վարկատուների կողմից: Ամեն դեպքում, սուբսիդավորվող վարկերի պահանջարկը կա եւ աճում է, ինչն էլ, թերեւս, հիմք է հանդիսացել, որ կառավարությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, 238 մլն դրամով կամ շուրջ 27%-ով ավելացնի ծրագրով նախատեսվող հատկացումների չափը: Միայն անցյալ տարի, գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, այս ծրագրով տրամադրվել են 22,5 մլրդ դրամ վարկային միջոցներ, իսկ շահառուների թիվը հասել է 20 հազար 700-ի: Սա, իհարկե, լավ օրից չէ, երբ գյուղացին մի քանի հարյուր հազար դրամի համար ձեռքը մեկնում է բանկերին, ու պետությունն էլ, բարերարի դեր ստանձնած, իր աղքատ քաղաքացուն, թող ներվի, մի երկու կոպեկ է շպրտում` տոկոսադրույքների սուբսիդավորման տեսքով:



 



ՄԻԱՅՆ ԱՂՄՈՒԿ Է, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ






   Միաժամանակ, ինչպես տեղեկացանք «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի Գյուղֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեգ Սուպրիկյանից, 2011-2013թթ. պետության կողմից նշյալ ծրագրով կատարված  սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,5 մլրդ դրամ, ինչը, անշուշտ, այն գումարը չէ, որքան ծրագրի շուրջ բարձրացած աղմուկը: Մինչդեռ գյուղացիներն ընդամենը 3 տարվա ընթացքում մտել են 54,7 մլրդ դրամանոց վարկային բեռի տակ, եւ սուբսիդավորումն այս դեպքում թեեւ անհրաժեշտ, սակայն ամենեւին բավարար պայման չէ, որպեսզի պետությունն իր առջեւ դրված խնդիրը լուծված համարի:  



Զարմանալին այն է, որ պետությունը 3 տարվա ընթացքում բյուջեից շատ ավելի քիչ հատկացումներ է կատարել գյուղատնտեսության ոլորտին, քան գյուղացիների վերցրած վարկերն են այս ծրագրով: 2014թ. բյուջեով գյուղատնտեսության ոլորտին հատկացվել է ընդամենը 12,7 մլրդ դրամ, 2011-2013թթ. ընթացքում այն կազմել է շուրջ 31 մլրդ դրամ (առանց ոռոգման եւ անտառային տնտեսության): Ահա այսպիսի պայմաններում է, որ գյուղացին մնում է մեն մենակ ու դեմ հանդիման եւ բնության տարերքին, եւ ֆինանսատնտեսական ֆորսմաժորային իրավիճակներին: Իսկ պետությունը 3 տարվա մեջ 1,5 մլրդ դրամով կսուբսիդավորի գյուղացու վերցրած վարկերը, թե ոչ՝ հավատացեք, հեռանկարում ամենեւին չի փոխելու գյուղի եւ գյուղատնտեսության պատկերը:



 



Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ