ՍԴ շիլաշփոթ կամ Գագիկ Հարությունյանի բառերի մանիպուլյացիան

ՍԴ շիլաշփոթ կամ Գագիկ Հարությունյանի բառերի մանիպուլյացիան

Պարտադիր կենսաթոշակային կուտակային օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա  բազմաչարչար որոշումից հետո օրենքի «պարտադիր« բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ»-ն ու նրանց բողոքը դատական բարձրագույն ատյանում ներկայացնող խորհրդարանական քառյակը դեռ չէին հասցրել տոնել հաղթանակի դափնին, երբ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մեկնաբանություններից ՍԴ որոշումը վերածվեց շիլաշփոթի, եւ այդպես էլ չհասկացվեց՝ ՍԴ որոշումն ինչ է ասում:



 



Հայտարարվեց, որ ՍԴ-ն կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ «պարտադիր» բաղադրիչի վերաբերյալ, համարել է անվավեր, այսինքն՝ Սահմանադրությանը չհամապատասխանող, եւ ժամանակ է տվել իշխանություններին մինչեւ սեպտեմբերի 30-ն ուղղել, փոփոխել օրենքը: Միաժամանակ, ուժի մեջ է մտնում օրենքի  «կամավոր» մասը՝ մինչեւ այդ ժամկետը, զուգահեռ ՍԴ-ն կարծես թե որոշել է, որ մինչ այսօր վճարված գումարները վերանայման ենթակա են: Մինչդեռ հայտարարություններից ամենաաբսուրդը, որ արեց Դավիթ Հարությունյանը, այն էր, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է պարտադիր վճարումներ կատարվեն, այլապես տուգանքների կենթարկվեն։ Մի խոսքով, ողջ օրվա տրամադրություններից եւ օրենքի երկկողմ մեկնաբանություններից կարելի է արձանագրել, որ Գագիկ Հարությունյանը կրկին բառերի մանիպուլյացիայով փորձել է ոչ մեխին, ոչ նալին վճիռ գրել։ Մի բան ակնհայտ է՝ ՍԴ որոշումը միտված է իշխանությունների համար ժամանակ շահելուն, հատկապես որ ոչ իշխանական քառյակը հայտարարել է ապրիլի 28-ին շուրջօրյա եռօրյա հանրահավաքներ իրականացնելու մտադրության մասին: Եթե չլիներ այս որոշումը, թերեւս ոչ իշխանական քառյակի հանրահավաքներին միանար նաեւ «Դեմ եմ» շարժումը։ Թեպետ, դատելով երեկվա հայտարարություններից, նախաձեռնության անդամներն այնքան էլ բավարարված չեն ՍԴ վճռից եւ հայտարարել են, որ պայքարը կշարունակվի այնքան, մինչեւ կառավարությունը հրաժարվի «պարտադիր» բաղադրիչից։



 



 



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԸ






Դեռ տաք էր ՍԴ վճիռը, եւ դրան անհամբերությամբ սպասողներն էլ գլխի չէին ընկել իշխանության լարած որոգայթի  մասին ու ցնծում էին «հակասահմանադրական» բառը լսելուց հետո, երբ այս կողմի հաղթանակը վիճարկվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջոցով։  Ֆեյսբուքի իր էջում Թովմասյանը գրեց. «Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետեւություններ անելուց»։ Քիչ անց լսվեց գործադիրի ձայնը, ով ՍԴ 64 էջանոց որոշումից ընդամենը երկու բան էր կարեւորել, նախ՝ որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը, եւ երկրորդ՝ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչեւ սեպտեմբերի 30-ը։  «Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձեւակերպումների շրջանակներում»: «Դեմ եմ»-ի ու քառյակի ոգեւորությունը եւ վարչապետի կամավոր հրաժարականի պահանջ-կոչերն իշխանությանը դրդեցին բացել փակագծերը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հրատապ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց. թեեւ որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ գործելու է այն տեսքով, որով գործում էր: Օրենքը նախատեսում է պահումներ կատարել, եւ պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետեւ օրենքը գործում է, եւ իշխանությանն ընդամենը ժամանակ է տրված այն փոփոխելու։ «Թե ինչպես պետք է վարվեն այն քաղաքացիները, ովքեր ֆոնդ չեն ընտրել եւ այս ընթացքում պարտադիր մուծումներ չեն իրականացրել, նրանք պետք է վճարե՞ն այս ընթացքում չվճարած գումարները» լրագրողի հարցին Հարությունյանը պատասխանեց. «Որպեսզի ձեր հարցին հստակ պատասխանեմ, պիտի ավելի խորը վերլուծություն անեմ, բայց, հավանաբար, այո, բայց մի ընդունեք իմ ասածը որպես բացարձակ ճշմարտություն»: Դիտարկմանը՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե օրենքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, այդ դեպքում քաղաքացիներն ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն՝ ո՞ր մեկնաբանությունն է ճիշտ, եւ որո՞վ պետք է առաջնորդվեն, Դ. Հարությունյանը հակադարձեց. «Տարբեր տեսակետներ կան, թե ինչով առաջնորդվի հասարակությունը: Ես չեմ կարծում, որ ՍԴ որոշումը հնարավոր է մեկնաբանել տարբեր ձեւերով: Եթե կլինի մեկ այլ ընթերցում, պատրաստ եմ բանավիճել»: Հովհաննես Սահակյանը, օրինակ համարում է, որ դա «ծավալուն, բազմաշերտ որոշում է եւ պետք է խորը ուսումնասիրել, նոր հայտարարություններ անել»։



 



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊՆԴԱՃԱԿԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ






ՀՀԿ-ականների տարաբնույթ մեկնաբանություններն ասուլիսի պատճառ դարձան։ «Կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են իրենց ձեւով ներկայացնել կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշումը»,- հայտարարեց ՍԴ-ում հայցը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նա իշխանության հակադարձումների փորձերը բնորոշեց որպես «պնդաճակատություն» եւ կոչ արեց ՍԴ որոշումն այլ հարթություն չտանել, չփորձել միակողմանի, նեղ շահերից մեկնաբանել այն: ««Պարտադիր» բաղադրիչը չի կարող գործել այս որոշման հրապարակման պահից»: ՍԴ որոշման վիճահարույց եւ իշխանությանը «բռնվելու» տեղ թողնող 7-րդ կետը հետեւյալն է. «ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, մեկնաբանելով այդ կետը, հորդորեց. «Թող կարդան որոշման պատճառաբանական մասը եւ կհասկանան, որ դա վերաբերում է միայն տեխնիկական մասին, այսինքն` նշված ժամկետը նախատեսված է ԱԺ-ի եւ կառավարության համար, որ մինչեւ սեպտեմբերի 30-ն օրենքը համապատասխանեցնեն Սահմանադրությանը»։ «Սահմանադրական նորմերը, որոնց մեկնաբանությունները, դրսեւորումներն արտացոլված են որոշման տեքստում, անմիջականորեն գործող իրավունքներ են եւ չեն կարող որեւէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով սահմանափակվել»,- ասաց նա եւ հավելեց, որ այս որոշմամբ կուտակայինի պարտադիր պահումները չեն կարող լինել: «ՍԴ-ն, ըստ էության, ամբողջ ծավալով բավարարել է հայցվոր կողմի դիմումը»,- հերթական անգամ շեշտեց իրավապաշտպանը։ Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ, ՍԴ որոշմամբ, մինչ այս պահը գանձված գումարները պետք է վերադարձվեն աշխատողներին։ «Հետեւաբար, «պարտադիր» բաղադրիչը չի կարող գործադրվել այս որոշման հրապարակման պահից»։



 



«Պետք է տեր կանգնել իրավունքներին եւ թույլ չտալ, որ գործատուները հաշվարկեն եւ փոխանցումներ կատարեն առանց նրանց համաձայնության։ Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատող լիիրավ է ՍԴ որոշման հրապարակումից հետո այն վերցնել իր ձեռքը՝ որպես զենք, եւ օգտագործել այն»,- իր հերթին ասաց հայցվորի ներկայացուցիչ, իրավաբան Մերի Խաչատրյանը։ Բայց մինչ Արծվիկ Մինասյանը հակադարձում էր ՀՀԿ-ականներին եւ հայտարարում, որ խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունները ՍԴ որոշումն ավելի արագ կյանքի կոչելու համար առաջիկայում մտադիր են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը չթաքցրեց կասկածները եւ ՀՀԿ-ականների պես երկմտեց. «Ի՞նչ է նշանակում մինչեւ սեպտեմբեր…»: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց նաեւ, որ եթե ՍԴ որոշումը «ծուղակ է», ապա, ամեն դեպքում, իրենք շարունակելու են գործողություններն այդ ուղղությամբ: «Մենք հարցը կհամարենք լուծված, երբ օրենքի գործողությունը դադարեցվի: Միայն այդ դեպքում մենք կհամարենք հարցն սպառված: Մնացած դեպքերում եւ քաղաքական ուժերը, եւ քաղաքացիական նախաձեռնությունները, կարծում եմ, կշարունակեն իրենց պայքարը»։



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]