Իշխանությունը չի կարող ամեն անհեթեթ պահանջ բավարարել

Իշխանությունը չի կարող ամեն անհեթեթ պահանջ բավարարել

Ապրիլի 28-ից «հրաշալի քառյակը» հանրահավաքների շարք է սկսում, իսկ ԲՀԿ-ից Վահան Բաբայանն օրերս սպառնացել է բարիկադներ ու ցնցումներ առաջացնել, հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց, եթե ՀՀԿ-ն օգտվի կոճակսեղմելու իր իրավունքից եւ տապալի կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը։ ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ զրույցում փորձեցինք պարզել՝ ՀՀԿ-ն արդյոք մտադիր չէ՞ հաշվի նստել քառյակի պահանջների հետ։



 



- Պարոն Նիկոյան, հայտարարվել է, որ այս ուժերի ղեկավարներն են նաեւ մասնակցելու հանրահավաքին, այսինքն՝ իրավիճակը կարծես լրջանում է, ի վերջո, այդ ուժերը բավական մեծ ընտրազանգված ունեն։






- Հայտարարությունը կուսակցությունների ղեկավարների անունից չէ՞։



 



- Ոչ։






- Հասկանալի է… իսկ ի՞նչ են իրենք պահանջում։



 



- Պահանջում, հորդորում են չօգտվել ձեր կոճակսեղմիչ մեծամասնության փաստից եւ ընդառաջ գնալ ժողովրդի դժգոհություններին ու ազատ արձակել կառավարությունը։ Ի դեպ, դիրքորոշման մեղմացում էլ կա, եթե նախկինում ձեզ ընտրության հնարավորություն չէին թողնում եւ հայտարարում էին, որ հաջորդ վարչապետը չպիտի լինի ՀՀԿ-ական, ապա հիմա համաձայն են ՀՀԿ-ականի, ով լավ հայ մարդ կլինի։






- Ցանկացած քաղաքական մեծամասնություն, եթե տուրք են տալիս ընդդիմության շանտաժներին, ապա պետք է նկատի ունենալ, որ այդ շանտաժները եւ պահանջները մի փոքր դրական լուծում ստանալուց հետո օրական կարող են նորանոր պահանջներով հանդես գալ։ Ցանկացած իշխանության առաջ ընդդիմությունը միշտ էլ փորձում է շանտաժներով ինչ-որ խնդիրներ լուծել, եւ իշխանության խնդիրն է այդ շանտաժներին տեղի չտալ։ Իսկ երբ խոսում են ժողովրդի անունից եւ հայտարարում, որ այս կամ այն է հարկավոր, ապա պետք է ասել, որ իշխանությունն ավելի լավ գիտի այդ ծառացած խնդիրների մասին եւ իշխանությունը պետք է համախմբված մտածի, թե ինչ է ուզում ժողովուրդը եւ անի քայլեր, որոնք կբխեն ժողովրդի եւ պետության շահերից, այլ ոչ թե տուրք տալ ընդդիմության շանտաժներին։ Յուրաքանչյուր շանտաժի դեպքում պետք է խոսել այդ լեզվին համարժեք լեզվաոճով։



 



- Շատերի համար էր անսպասելի, որ ԲՀԿ-ն ցնցումների եւ բարիկադների մասին հայտարարությամբ հանդես կգա, չե՞ք կարծում, որ վիճակն իսկապես անմխիթար է, ի վերջո, այս կուսակցության հետեւում 500 հազարից ավելի մարդ կա։






- Իսկ ո՞վ է այդ թիվն արձանագրել։



 



- Իշխանությունը։






- Ընտրություննե՞րը, դրանից հետո նախագահական ընտրություններ եղան, եւ «Ժառանգությունը» 550 հազար ձայն ունեցավ։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա «Ժառանգությունն» ունի՞ այդքան ձայն։



 



- Ես չեմ կարող ասել։






- Ահա, այն դեպքում էլ մի կարողացեք ասել։ Վերջիվերջո, շատ քաղաքական ուժեր եւ անձինք մինչ օրս օգտվել են իշխանությունների հանդուրժողական եւ բարեկամական մոտեցումներից, որպեսզի մեր պետության մեջ լինի հանդուրժողական մթնոլորտ, ես ցավում եմ, որ ոչ բոլորն են դա գնահատում, եւ այդ բարեկամական մոտեցումները հաճախ ճիշտ չեն հասկացվել, եւ դրա համար եզրակացություններն են սխալ եղել։



Իշխանությունը գիտի, որ Հայաստանի բնակչության մոտ կա դժգոհություն, եւ գիտի դժգոհության չափը, իշխանությունը գիտի նաեւ, թե դժգոհ հատվածի որ մասն է իր դժգոհությունն արտահայտել բողոքի ձեւով, եւ գիտի, թե որքան մասն է պատրաստ գնալ բարիկադների եւ ծայրահեղությունների։ Բարիկադների եւ ծայրահեղ միջոցառումների մասին խոսողները երեւի թե լավ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, որովհետեւ իրենք երբեք դա չեն տեսել, եւ իրենց շատ ռոմանտիկ իրավիճակ է թվում բարիկադ կառուցելն ու դրանց հետեւում կանգնելը, ծայրահեղ գործողությունների դիմելը։ Եթե որեւիցե քաղաքական ուժ պատրաստ է բարիկադ կառուցելու, դա նորություն չէ մեր պետության մեջ եւ ցանկացած պետության մեջ, եթե բարիկադ է կառուցվում, ապա դրա համարժեք քայլը կա։



 



- Ի՞նչ պետք է անեք նորից…






- Հենց բարիկադ կազմվի, իշխանությունը կասի, թե օրենքը, Սահմանադրությունը դրա մասին ինչ է ասում։



- Լավ, բացառո՞ւմ եք վարչապետի հրաժարականը, ՀՀԿ-ն կբոյկոտի՞ այդ նիստը, թե, այնուամենայնիվ, կլսեք քառյակի հիմնավորումները։



- ՀՀԿ-ն կմասնակցի նիստին, նիստի տերը ՀՀԿ-ն է, նրանք կարող են հարցեր առաջ քաշել, դա իրենց գործն է, բայցեւ քաղաքական մեծամասնությունը նրա համար է, որպեսզի կառավարության հենարանը լինի, իրենք շատ լավ գիտեն, եթե չգիտեն, թող օրենքները կարդան, Սահմանադրությունը, որ կառավարության ձեւավորման մեջ իրենց տեղն ունեն ՀՀ նախագահն ու քաղաքական մեծամասնությունը, նույնն էլ նաեւ հրաժարականի հարցում։ Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը տեր է իր կառավարությանը եւ հանդիսանում է նրա քաղաքական հենարանը։ Եվ շատ բնական է, որ նրանք պետք է փորձեն հրաժարականների պահանջ ներկայացնել։ Իսկ դա նո՞ր է մեր պետության մեջ, քսանհինգ տարի նույնն է։ Եթե այդքան տարի յուրաքանչյուր պահանջը բավարարվեր, ապա մենք անընդհատ ընտրությունների մեջ կլինեինք եւ անընդհատ նախագահներ ու վարչապետներ կփոխեինք։



 



- Չասացիք՝ բացառվո՞ւմ է հրաժարականը, այսինքն՝ նրանց պահանջի կատարումը:






- Ի՞նչ է նշանակում իրենց պահանջը կատարել, պահանջը կարող է լինել տնտեսական քաղաքականության շուրջ որեւէ առաջարկի տեսքով, որը կբխի մեր պետության շահերից։ Օրինակ, գազի հարցում կար խնդիր, հասկացանք, որ դա մեր ժողովրդի հետաքրքրությունների շրջանակում է, մենք գնացինք այդ քայլին եւ ինքներս նախաձեռնեցինք։ Բայց ի՞նչ է նշանակում ընդդիմությունը պահանջում է, իշխանությունը պետք է բավարարի, այն էլ՝ կառավարության հրաժարական, այն էլ՝ իշխանությունների հրաժարական։ Իշխանությունը չի կարող ամեն անհեթեթ պահանջ բավարարել, նրանք պետք է լսեն, թե ինչ է անհրաժեշտ ժողովրդին, եւ ընդհանրական շահերին ընդառաջ գնալ։



 



- Ասացիք, որ չեք բոյկոտի նիստը, մինչդեռ հակառակ ճամբարից պարբերաբար «առնետավազքի» մասին են ակնարկում…






- Եթե իրենք ճանաչում են առնետների, ուրեմն իրենց ընկերներն են, եւ ճանաչում են, բայց Հանրապետականում առնետներ չկան, կան այնպիսի պարկեշտ մարդիկ, որոնք երբեք էլ չեն գնացել այնտեղ, որպեսզի բարիկադներ կառուցեն եւ ելնեն բարիկադների վրա, կան պարկեշտ մարդիկ, որոնցից կարելի է հետեւություններ անել։



 



Լուսինե Շահվերդյան