Մայդանի ստվերը

Մայդանի ստվերը

Տարերային ընդվզման օրեցօր աճող վտանգը Հայաստանի անօրինական իշխանություններին հասցրեց կենդանական սարսափի վիճակի։ Եվ այդ սարսափը, կարծես, այնքան մեծ է, որ դրա դեմ պայքարելու համար որոշեցին առաջ բերել գլխավոր քարոզչական զենքը՝ առաջին նախագահի դեմագոգիկ արվեստը։ Բայց նույնիսկ դա չօգնեց։ Փարիսեցիության եւ ստի պարագլխի 50 րոպեանոց ելույթը հակառակ էֆեկտն ունեցավ։ Բոլորը վերջապես համոզվեցին, թե ով է, այսպես կոչված, Ալի բաբան, ում սցենարով գործել են եւ շարունակում են գործել մեր երկիրը բռնաբարող 40 ավազակները։



 



Հասկանալով, որ այս անգամ ստիպված է երեսից դեն նետել վերջին դիմակը՝ ավազակների անփոխարինելի ուսուցիչը որոշեց օգտվել Գեբելսի տեսությունից. ինչքան ավելի ցինիկ է սուտը, այնքան շուտ դրան կհավատան։ Հպանցիկ անդրադառնալով օրվա թեմային՝ 6 տարի առաջ ստորաբար սպանված ցուցարարների հիշատակին, նա սկսեց այնպիսի ոգեւորությամբ գովաբանել իր բանդայի ամենազզվելի կողոպտիչներից մեկին, ինչպես ոչ ոք նրանից առաջ։ Հետզհետե ավելի ոգեւորվելով սեփական ստից՝ հռետորը հասավ նրան, որ իր սիրելի օլիգարխին դրեց ազգի փրկչի պատվանդանին։



 



Այս փիառ ակցիայի ֆոնին, որ նախկին նախագահը սարքեց հիշատակային հանրահավաքի հարթակից, անգամ ամենալուրջ փիառ մասնագետները կարող են հանգստի գնալ։ Այստեղ կար ամեն ինչ։ Ե՛վ հիացում Հայաստանի ամենաբարգավաճող քաղաքական գործչի լիբերալ-դեմոկրատական գաղափարականությամբ, ե՛ւ խոնարհում նրա անշահախնդրության եւ առատաձեռնության առաջ, ե՛ւ հպարտություն մի երկրի համար, որն անհրաժեշտ ամեն ինչ ունի Մայդանի տիպի ցնցումներից խուսափելու համար, ներառյալ եւ այնպիսի մի անհերքելի փաստարկ, ինչպիսին մեր «տանն աճեցրած» Բիձինա Իվանիշվիլին է։



 



Իսկապես, պատիվ եւ խիղճ չունեցող մարդկանց մոտ ցինիզմը սահմաններ չունի։ Եվ հայկական Ալի բաբայի ելույթը մարտիմեկյան հանրահավաքին դրա վառ արտահայտությունն է։ Նա ոչ միայն ոչ մի խոսք չասաց վեցամյա վաղեմության ողբերգական դեպքերի գլխավոր մեղավորի մասին, այլեւ պաշտպանեց նրան` բերանը փրփուր առած քարոզելով նրա կողմից ստեղծված կամուֆլյաժային կուսակցությունը եւ դրա տիկնիկային առաջնորդին։ Ահա թե ինչու նույնիսկ նրանք, ովքեր դեռ չեն ազատվել տերպետրոսյանական դատարկաբանությունից, անկեղծորեն զարմացել էին եւ նոր են միայն սկսել հասկանալ, թե ինչու հանկարծ դադարեց ավազակապետության եւ ժողովրդավարության դեմ խախտումների մասին ողբը, եւ թե ինչու լռեցին սահմանադրական օրինականությունը վերականգնելու, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու մասին կոչերն ու մնացած դեմագոգիան։



 



Այս ֆոնի վրա հետզհետե ավելի շատ մարդիկ են տեսնում գլխավորը. ավազակների բանդան վախենում է համաժողովրդական ընդվզումից, ինչպես սատանան՝ խնկից։



 



Վախենում է, որ, զրկվելով իշխանությունից, կկորցնի ոչ միայն կողոպտածը, այլեւ ազատությունը։ Սա գլխավոր սպառնալիքն է, որ Պուտինի, Նազարբաեւի, Լուկաշենկոյի, Յանուկովիչի մեղսակից ընկերները եւ մնացած գողական ամբոխը տեսնում են հայկական Մայդանի աճող ստվերի հետեւում։ Եվ որպեսզի խուսափեն դրանից, նրանք պատրաստ են ամեն ինչի՝ ներառյալ «ա լյա» Քոչարյան-Ծառուկյան «լիբերալ-դեմոկրատական» անարյուն վերակառուցման՝ կոփված երկերեսանի տիկնիկավարի ղեկավարությամբ։



 



Արկադի ՎԱՐԴԱՆՅԱՆ