Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

***



Լուրեր են պտտվում, որ ԿԳ նախարարությունում փոխում են պարկետը: Բնականաբար` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին պարկետին իջեցնելու կապակցությամբ:



 



***



Գալուստ Գրիգորիչը ոչ մի կերպ չի կարողանում իր մեծությունը զետեղել քաղաքական փոքրամասնության շարքերում եւ, ինչպես փոքրամասնությունն է վարվում` խոսել ուրիշ կուսակցության ճշտից ու սխալից: Իսկ ահա՝ խորհուրդներ տալ սիրում է: «Ուժեղի վրա մատ թափ չեն տալիս, այլ թույլ են տալիս, որ նա իրենց ուտի,- ասել է Գրիգորիչն ու հավելել։- Դա ես չեմ ասում, Խնկո Ապերն է ասել»:



 



***



ՀՀ ԱԺ-ում գողը գոռում է` բռնեք գողին, իսկ «ֆեյքը»` բռնեք «ֆեյքին»…



 



***



Թերթերի գլխավոր խմբագիրները թերթերից իմացել են, որ իրենք դիմել են Նաիրա Զոհրաբյանին, որ Նաիրա Զոհրաբյանն ու նրա մի շարք պատգամավոր կոլեգաներ հանդես գան մամուլի դեմ նոր օրինագծով:



 



***



Փաստորեն այլընտրանք` նշանակում է ընդդիմության շոգեքա՞րշ:



 



***



Այս օրերին երբ ասում են` ԲՀԿ, հասկանում են Բաբայան, երբ ասում են՝ Բաբայան, հասկանում են բարիկադ, երբ ասում են` բարիկադ, հասկանում են Բաղրամյան, բայց երբ ասում են` Բաղրամյան, չգիտես ինչու, հասկանում են կառավարություն:



 



***



Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որ չկա «հրաշալի քառյակ», մոռացեք, կան չորս քաղաքական ուժեր, որոնք որոշակի հարցերի շուրջ համագործակցում են, առանձնապես լույս չի սփռել ՀՀԿ-ական հոգիների վրա:



 



***



Հարգելի քաղաքական փոքրամասնություն, գիտենք, որ վճռական եք տրամադրված, բայց երեք օրով շուրջօրյա հանրահավաք-ցույց չի լինում: Շուրջօրյա՝ նշանակում է շուրջօրյա, մինչեւ վերջ, իսկ երեք օրը նշանակում է ընդամենը երեք օր, որից հետո, ինչպես կասեր Լեւոն պապին, գնում ենք տուն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ