Ավտոն ձեռից առել են

Ավտոն ձեռից առել են

Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել: Դեռեւս մի քանի ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ ոստիկանության գործունեության տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով Մկրտումյանին խիստ նկատողություն է արել, դժգոհել նրա աշխատանքից՝ ընդհուպ ժամանակ է տվել իր ղեկավարած  ստորաբաժանումում իրավիճակը շտկել, հակառակ դեպքում սպառնացել է աշխատանքից ազատել:



 



Իսկ «զորավարի» զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել: Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից: Սակայն նա հղում արեց լրատվական ծառայությանը։ «Բոլոր հարցերը՝ Աշոտ Ահարոնյանին»,- ասաց ու անջատեց հեռախոսը: Նշենք, որ այս համակարգում ոչ միայն Ռոմիկ Մկրտումյանին, նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադասը խստիվ արգելել է լրատվամիջոցների հետ շփվել, քանի որ երկուսն էլ հակված են չգիտակցված «բացահայտումների»: