Բժիշկները մինչև երկուշաբթի հույս են տալիս, որ Հովիկը կդիմանա

Բժիշկները մինչև երկուշաբթի հույս են տալիս, որ Հովիկը կդիմանա

 Սովորաբար վատ լուրը   ուշ են ասում, ավելին՝ ասելուց էլ հեռվից են գալիս: Մարդ է,  շառ խաբարը միանգամից լսելուց կարող է վատանալ, հազար ու մի ցավի տեր դառնալ: Երեկ սպասում էինք, որ վարչապետի անունը հայտնի կդառնա, բայց հետաձգեցին: Բնական է, պիտի մտածես, որ մարդկանց թողնում են, որ ինքներն իրենց մեջ հարմարվեն վատթարագույնին: Թե չէ միանգամից ասեն ու սրտներ ճաքացնելն էլ մի բան չի: Քաղաքական սպասումային նման պարագայում մի շատ տիպիկ բան եմ պատմելու: Դպրոցի տնօրեն էի: Զանգեցին ու ասացին, որ ուսուցչուհիներիցս մեկի հայրը մահացել է: Լսել էի, որ վատ լուրը հաղորդելու համար հեռվից են գալիս ու այդ մտայնությամբ  մտա ուսուցչանոց: «Զոհս » գրավորներ էր ուղղում: Գլխավերևում կանգնեցի ու սկսեցի հեռվից.



-Պապադ ո՞նց է:



- Դե նենց էլի,- առանց գրավորից կտրվելու պատասխանեց ուսուցչուհին:- Մեծ մարդ ա  էլի:



Որոշեցի էլի հետաձգել ասելիքս ու մի երկու կրուգ արի նրա շուրջը: Հետո կրկին կանգնեցի նրա գլխավերևում ու խորհրդանշական մի երկու անգամ ախ քաշեցի: Ուսուցչուհին գրավորների վրա էր կենտրոնացած, կարմիր գրիչով ուղղում էր: Բերանումս թուքը չորացել էր՝ ո՞նց ասեմ: Ախ ու վախս կապեցի, հառաչում ու լռում էի, խոր շունչ էի քաշում, նորից հառաչում ու լռում: Հետո նորից հարցրի.



-Ասում ես՝ պապադ ո՞նց է:



Ինքը անտարբեր իմ ապրումներին, գրավոր էր ուղղում: Այդ ընթացքում ես մոտեցման տարբեր ձևեր էի մշակում, տարբեր անկյուններից էի ծիկ անում: Վերջը երբ պրծավ գրավորի ուղղումը, ասաց՝ դե ես գնամ:



-Ու՞ր,- հարցրի զարմացած:



-Բա պապան չի մեռե՞լ,- հարցրեց զարմացած:



Հիմա վարչապետի նշանակումն է: 10 օրը շուտով կլրանա. տարբեր անկյուններից մոտենում, տարբեր անուններ են շրջանառում, հետո էլ մի նոտա մտցնում՝ Հովիկն է: Նորից էլի անուններ են մտցնում, որ Հովիկը կամ վատ խաբարը մեջը չերևա:  ժողովուրդն էլ այդ ուսուցչուհու պես գլուխը կախ արդեն գիտի դեպքի մասին: Ինքը միայն վատ լուրի է սպասում: Որ անկեղծ լինենք, լրագրողներն են վիճակը թեժացնում, մարդկանց պետքն էլ չի, թե ով է լինելու հաջորդը: Երեկ էլ կայքերում առկայծեց Հովիկի անունը, մեկ էլ ասացին՝ սուտ է, դեպքը դեռ տեղի չի ունեցել, բժիշկները մինչև երկուշաբթի հույս են տալիս, որ Հովիկը կդիմանա: Մի բան պարզ է, որ ով էլ լինի, նույն նյութից է շինված  լինելու, որովհետև այդ արձանը կերտողի ձեռագիրը նույնն է, ձեռքի տակ եղածն էլ միայն փշրվող կավ է:



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ